Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հեքիաթներ»

Փետրվար 24,2011 00:00

Կոալիցիոն նոր հուշագրին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը լուրջ չի վերաբերվում, այնպես, ինչպես լուրջ չի վերաբերվում կոալիցիոն կուսակցություններին. «Դրանք բոլորը վախկոտ, տեղնուտեղը հանձնվող, ամբողջովին իրենց անձնական շահերի ետեւից ընկած մարդիկ են: Եվ սուտ է, թե նրանք ընդհանրապես որեւէ բանի ընդունակ են: Նոր հուշագիր կոչվածի ստորագրումը սպասելի էր նաեւ այն առումով, որ ՀՀ-ում չկա մի գործարար, որի վրա Սերժ Սարգսյանը կոմպրոմատ չունենա: 1996-ից Սերժը բոլորի վրա կոմպրոմատ էր հավաքում: Հետո, ի վերջո, նրանք մի թիմ են, եւ հեքիաթներ են, թե Սերժի եւ Ռոբերտի միջեւ հակասություններ կան: Նրանք իրենց այդ ներկայացումներով ուղղակի մարդկանց ուղեղներն են զբաղեցնում: Իմ համոզմամբ՝ Հայաստանում կա երկու քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը եւ ավազակախումբը, որը ձեռքի հետ քաղաքականությամբ է զբաղվում»: Միանգամայն կիսելով մեր զրուցակցի կարծիքը, որ իշխանություններն ու կոալիցիան իրենց քայլերը պայմանավորում են բացառապես սեփական շահը հետապնդելով, հետաքրքրվեցինք՝ թե ինչո՞ւ ընդդիմությունն այս ամենից համապատասխան հետեւություններ չի անում, ինչն էլ կմղի գործնական քայլերի: Դիտարկումը մեր զրուցակցին դուր չեկավ: Նա կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը «լավ էլ գործնական քայլերի գնում է»: Նա վստահ է, որ. «Ընդդիմությունն անում է այն, ինչը որ պետք է անի»: Հարցը՝ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող հանրահավաքները, այս կամ այն առիթով անցկացվող բողոքի ակցիանե՞րն են ընդդիմության միակ անելիքը, մնաց անպատասխան: Երջանիկ Աբգարյանը սահուն անցավ կոալիցիոն նոր համաձայնագրի հետագա բնութագրումներին. «Ես չեմ հասկանում այն հետաքրքրությունը, որով դա դարձել է ամբողջ այս հանրապետության քննարկման առարկա: Դա իրենից ի՞նչ մի բան է ներկայացնում: Նրանց ասած «այո»-ն էլ, «ոչ»-ն էլ սուտ են: Սա էլ սուտ դիմադրություն է, որ ցույց են տալիս»:
Ակնկալիքներ կա՞ն, որ մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում կհրապարակվի, պայմանականորեն ասած, գործողությունների ծրագիր, թե՞ կսահմանափակվենք 3 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը հարգելով եւ արդեն որերորդ անգամ լսելով, թե ինչ պետության մեջ եւ ինչ վատ կյանքով ենք ապրում: «Առավոտի» սույն դիտարկմանը Երջանիկ Աբգարյանը հակադարձեց, որ մարտիմեկյան հանրահավաքն իր դերն է ունենալու այս ողջ հանրահավաքային փուլում. «Ես չէի ասի՝ առանձնահատուկ, բախտորոշ, դես-դեն, բայց որ կարեւոր դեր է ունենալու՝ կասկած չունեմ»: «Կարեւոր դեր» ասելով՝ մեր զրուցակիցը նկատի ունի հետեւյալը. «Այն, ինչը որ այսօր տեղի է ունենում, ժողովրդին պատրաստում են որոշակի բաների: Դեռ նախապատրաստական փուլ է, դեռ քայլեր են կատարվում, եւ կախված նրանից, թե ի՞նչ դրություն կլինի, ի՞նչ զարգացումներ՝ ըստ այդմ էլ կերեւա հետագա ընթացքը: Եթե ժողովրդի մասնակցությունը մեծ լինի՝ դրանից շատ բան կարելի է սպասել: Ես վստահ եմ, որ մարտի 1-ի հանրահավաքին ավելի շատ մարդ կգա: Մնացածը կախված է ժողովրդի ցանկությունից ու ակտիվությունից: Վստահ եմ, որ մարդկանց ակնկալիքներն այդ հանրահավաքից կարդարանան»: Շատ ընդդիմադիր գործիչներ, գուցե նաեւ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից ոգեւորված, հայտարարում են մինչեւ գարնան ավարտը սպասվող արտահերթ ընտրությունների եւ իշխանափոխության մասին. մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ տեսնո՞ւմ է այդպիսի զարգացումներ: «Այս իրադրության մեջ ամեն ինչ հնարավոր է, ես չեմ ուզում որեւէ բան բացառել»,- ասաց Երջանիկ Աբգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել