Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԻՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՌԴ-ԻՆ

Փետրվար 24,2011 00:00

Սա ընդամենը մեկն է այն բացահայտումներից, որոնք «Առավոտին»  տված բացառիկ հարցազրույցում արեց նախկին նախարար Գագիկ Շահբազյանը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում:

– Խնդրում եմ նախ պարզաբանեք, թե ինչու հեռացաք Հայաստանից: Ձեր անունը միշտ տրվել է այն դեսպանների անունների շարքում, որոնք պաշտոնավարումից հետո մնացել են ապրելու արտերկրում:

– Նախ նշեմ, որ ես չեմ մնացել. Մոսկվայում իմ աշխատանքը՝ որպես Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ավարտելուց հետո ես վերադարձել եմ Հայաստան եւ նշանակվել Վազգեն Սարգսյանի գլխավորած կառավարության անդամ, եւ ինչպես արդեն նշել եմ՝ նախապատրաստել եմ նրա այցը ԱՄՆ, ինչպես նաեւ մասնակցել Հայաստանի ղեկավարների՝ Մոսկվա այցերի նախապատրաստությանը: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ահաբեկչության ժամանակ դահլիճում էի: Ուստի ցանկանում եմ մեկ անգամ եւ ընդմիշտ վերջակետ դնել այս առումով՝ իմ դիվանագիտական առաքելության ավարտից հետո ես վերադարձե՛լ եմ Հայաստան:
Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո դիմում եմ ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու մասին, որը չի ընդունվել: Իսկ ավելի ուշ հրաժարվել եմ մաս կազմել նոր ձեւավորված կառավարությանը: Այս ամենից հետեւում է, որ երբ մեկնեցի ԱՄՆ՝ ես այլեւս չեմ եղել կառավարության անդամ: Արդեն ԱՄՆ-ում էի, երբ իմացա, որ Ռոբերտ Քոչարյանը լուծարել է Արամ Սարգսյանի գլխավորած կառավարությունը: Եվ ինձ վստահելի աղբյուրները խորհուրդ տվեցին չվերադառնալ՝ պատճառներով, որոնք կբացահայտեմ, երբ անցնենք Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցերին:

Առայժմ միայն ասեմ, որ խորհրդարանի գնդակահարության եւ Արամ Սարգսյանի կառավարության լուծարումից հետո խորը կասկածներ ունեցա, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է որեւէ օգտակար բան անել Հայաստանի պետականության ապագայի համար: Եվ պարզվեց, որ ճիշտ էի՝ դրա վառ ապացույցը Հայաստանի տնտեսական վիճակն է, որը չեմ վերլուծի, քանի որ դա պարբերաբար եւ փայլուն անում է Հրանտ Բագրատյանը:

– Խնդրում եմ պարզաբանեք Ձեր «տնտեսական վիճակի» մասին լուրերը. իրականությանը համապատասխանո՞ւմ են այն ասեկոսեները, որ պաշտոնավարման շրջանում հսկայական հարստության տեր եք դարձել՝ պնդումներ կային անգամ սեփական զբոսանավի եւ ուղղաթիռի մասին:

– ԱՄՆ տեղափոխվելուց հետո ինձ հանդիպել են Հայաստանից ու Ռուսաստանից ժամանած բազմաթիվ մարդիկ, որոնք ցանկանում էին հավաստիանալ, թե արդյոք մտադի՞ր եմ հանդես գալ հրապարակավ կամ ոչ: Ես նրանց ոչ մի խոստում չեմ տվել, թեեւ նաեւ հասկացրել եմ, որ առաջիկա շրջանում մտադիր չեմ անել որեւէ հայտարարություն: Ի դեպ, բոլոր այդ մարդիկ տեսել են, թե ինչ պայմաններում եմ ապրում ես:
Թերեւս «սուրհանդակների» պատասխանները չէին բավարարել նրանց, ովքեր ուղարկել էին այդ մարդկանց: Ու դրանից հետո սկսվեց հրապարակումների շարք, որտեղ սուտ եւ ցեխ էր շպրտվում իմ հասցեին: Այո՛, հասան անգամ նրան, թե իբր սեփական զբոսանավ եւ ուղղաթիռ ունեմ, անշարժ գույք Մոսկվայում, ինչպես նաեւ՝ սարեր Կալիֆոռնիայում: Ինձ անգամ վերագրել են, թե ելույթ եմ ունեցել ամերիկյան հեռուստատեսությամբ եւ վարկաբեկող արտահայտություններ արել Հայաստանի մասին:

Իմաստ չունի ապացուցել, թե ունեմ կամ չունեմ զբոսանավեր, ուղղաթիռներ, սարեր, անտառներ ու դաշտեր, քանի որ այն մարդիկ, ովքեր տարածել են այդ լուրերը՝ հրաշալի գիտեն իրականությունը: Ուզում եմ միայն նշել, որ պատրաստ եմ իմ ողջ ունեցվածքը՝ ներառյալ վերոհիշյալ լեգենդները Մոսկվայում ու Կալիֆոռնիայում սեփականությանս մասին, փոխանակել այն մարդկանց ունեցվածքի 1/10-ի հետ, որոնք տարածում են այդ լուրերը եւ կանգնած են նման հրապարակումների հետեւում: Հակառակն ապացուցելն ապարդյուն է եւ անիմաստ:

Երկրորդը՝ ուզում եմ հայտարարել, որ ես երբե՛ք հանդես չեմ եկել ու հանդես չեմ գա հայտարարություններով, որոնք վարկաբեկում են Հայաստանը: Սակայն ինձ իրավունք եմ վերապահում անհրաժեշտության դեպքում քննադատել պաշտոնատար անձանց գործողությունները: Եվ խնդրում եմ երբե՛ք չշփոթել Հայաստանն իր անկիրթ ղեկավարների հետ:

– 1991-ից ի վեր մեր երկրում գրավել եք ամենաբարձր պաշտոններ՝ պետնախարար, գյուղատնտեսության նախարար, ԱՊՀ-ի, Եվրամիության եւ միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար եւ այլն: Համենայնդեպս՝ ինչո՞ւ մնացիք ԱՄՆ-ում: Դուք չէի՞ք հավատում այն երկրի ապագային, որի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն եք եղել:

– Երկրի ապագային չհավատալու վերաբերյալ այդ հարցն ավելի ճիշտ կլիներ ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու նրան շրջապատող օլիգարխներին, քանի որ հատկապես նրանք են բազմաթիվ ներդրումներ անում արտասահմանում:

Իսկ պատասխանելու համար, թե ինչու մնացի Ամերիկայում՝ պետք է ժամանակագրական կարգով հիշեցնել Հրանտ Բագրատյանի հրաժարականից հետո ընկած ժամանակաշրջանը: Ի դեպ, դեռ կանդրադառնանք այդ հարցին, բայց նախապես ուզում եմ ասել, որ Հրանտ Բագրատյանին ու նրա ղեկավարած կառավարությանը համարում եմ ամենահաջողը՝ բացառությամբ Վազգեն Սարգսյանի ղեկավարած կառավարության, որը, ցավոք, չհասցրեց իրականացնել իր ծրագրերը: Արմեն Սարգսյանի վարչապետության 4 ամիսների ընթացքում կառավարության նիստերը, Սահմանադրության համաձայն՝ անցկացնում էր ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ կառավարության ընթացիկ աշխատանքը համակարգում էի ես՝ որպես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Արմեն Սարգսյանի վերաբերյալ հարցին ես առանձին կպատասխանեմ՝ սկսած նրա գործունեության սկզբից դեռ ԽՍՀՄ շրջանում մինչ այսօր (մենք փորձել էինք պարզել վարչապետի պաշտոնից Արմեն Սարգսյանի հեռանալու վերաբերյալ լուրերի իսկությունը, քանի որ հիմա արդեն ակնհայտ է, թե պաշտոնական՝ առողջական պատճառաբանությունը, որն այն ժամանակ ներկայացվեց, իրականությանը չէր համապատասխանում.- Ա. Ի.):

Վարչապետի պաշտոնին Ռոբերտ Քոչարյանի նշանակումից անմիջապես հետո շատ առանցքային հարցերի շուրջ նա խորհրդակցում էր ինձ հետ: Եվ ես հասկացա, որ այդ մարդն իր թիմն ընտրում է՝ ելնելով անձնական նվիրվածությունից, եւ նրան չեն հետաքրքրում ո՛չ պետության շահերը, ո՛չ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը կամ միջազգային կառույցներում երկրի վարկը: Դրա վկայություններից մեկն այն է, որ նա անմիջապես անձնական վերահսկողության ներքո առավ ֆինանսական եւ ապրանքային հոսքերը՝ կադրային վերադասավորումների միջոցով:

Այդ ժամանակահատվածում, ինչպես ասել եմ՝ ես հայ-ռուսական առեւտրային ու տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն էի: Այստեղ հարկ է անդրադառնալ նախապատմությանը: Սկսած 1992 թվականից՝ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները Ռուսաստան էին առաքում հայկական ձեռնարկությունների արտադրանքը, իսկ ՌԴ տնտեսվարողները՝ հիմնականում նավթամթերք: Քանի որ ֆինանսական համակարգն այն ժամանակ բավական խարխուլ էր՝ առաքումները կատարվում էին ըստ էության բարտերային սկզբունքով: Եվ ահա հայկական ձեռնարկությունները մնացին պարտք Ռուսաստանի ձեռնարկություններին:

– Թերեւս սա «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի նախապատմությո՞ւնն է:

– Այո՛, ռուսական կողմը պարբերաբար խնդրում էր, որ մենք այդ պարտքերը ձեւակերպենք որպես Հայաստանի պետական պարտք Ռուսաստանին: Բագրատյանի կառավարության քաղաքականությունը միանշանակ էր՝ սա տնտեսվարողների միջեւ գոյացած պարտք է, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն արբիտրաժային կարգով՝ գործող օրենսդրության շրջանակում: Պարտքի չափը զգալիորեն ուռճացված էր, քանի որ, ինչպես արդեն ասացի՝ սրանք բարտերային գործարքներ էին: Եվ ռուս տնտեսվարողների առաջարկներն անձնական շահագրգռության առարկա էին գործընկերների համար, որոնք կհամաձայնեին վերաձեւակերպել այդ պարտավորությունները միջպետական պարտքի: Բայց ինչպես արդեն նշել եմ՝ այդ առաջարկները մերժվում էին կտրականապե՛ս:

Եվ ահա Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելուց անմիջապես հետո կայացավ հայ-ռուսական առեւտրային ու տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: Բնականաբար, Քոչարյանը չէր կարող բաց թողնել այդ հնարավորությունը եւ որոշեց մասնակցել: Համանախագահողների առանձին հանդիպման ժամանակ ռուսական կողմը նորից արծարծեց այդ հարցը: Եվ ի զարմանս ինձ՝ Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանեց ռուսական կողմի առաջարկը եւ սկսեց ինձ համոզել՝ ստորագրել այդ փաստաթուղթը: Ես կտրականապես հրաժարվեցի՝ բացատրելով, թե դա ամբողջությամբ հակասում է մեր պետության շահերին, Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի առջեւ մեր ստանձնած պարտավորություններին, իսկ Ռուսաստանի տնտեսվարողներն այս միջոցով կաշխատեն ահռելի գումարներ: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքը, որպես վարչապետ, իրավունք ունի ստորագրել արձանագրությունը, ինչը եւ արեց: Այդպես առաջացավ Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքի հիմնական մասը, որի հետեւանքով հետագայում ՌԴ-ին փոխանցվեցին հայկական ձեռնարկությունները:

Սա դարձավ լուրջ բախման պատճառ իմ եւ Քոչարյանի միջեւ: Եվ ես հասկացա, որ դժվար կլինի միասին հետագա աշխատանքը: Դիմեցի ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ խնդրելով ինձ տեղափոխել այլ աշխատանքի: Եվ քանի որ ես երկար ժամանակ ղեկավարել էի հայ-ռուսական առեւտրա-տնտեսական, նաեւ ռազմա-քաղաքական համագործակցության հանձնաժողովները, ու նաեւ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեի՝ լինելով Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպական Միությունում, ՌԴ-ի հետ խորհրդակցությունից հետո որոշում կայացվեց ինձ նշանակել դեսպան Ռուսաստանի Դաշնությունում: Ի դեպ՝ ՌԴ-ից համաձայնություն ստանալու համար պահանջվեց ռեկորդային կարճ ժամանակահատված՝ երեք աշխատանքային օր:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28