Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵԿԵԼ ՍՏԱՅՆԲԵՐԳԸ ԵՎ ԳՈՐԴՈՆԸ

Փետրվար 24,2011 00:00

\"\"Արդյոք ղարաբաղյան հարցի կարգավորումը արագացվո՞ւմ է:
Ըստ Արցախից եկած արձագանքի՝ ոչ:

Երեկ Երեւան են ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգը եւ Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Այսօր ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները մեկնելու են Թբիլիսի, այնուհետեւ՝ Բաքու:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցելու է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսվել է հիմնականում ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ։ Ի դեպ, Ջեյմս Սթայնբերգն անցած տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված երկու անգամ հանդիպել է Հայաստանի իշխանությունների հետ։ Հայտնի է, որ այս հանդիպմանը հաջորդելու է Սերժ Սարգսյանի այցը Սանկտ Պետերբուրգ, որի շրջանակներում նախատեսված է Հայաստանի նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ինչպես նաեւ մարտի 5-ին Սոչիում կայանալիք ռուս-հայ-ադրբեջանական նախագահական եռակողմ հանդիպումը:
Ակնհայտ է, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են վերլուծություններն այն մասին, թե ղարաբաղյան գործընթացում նկատելի են շոշափելի առաջընթացի բացակայություն եւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, օրերս Միացյալ Նահանգների ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփերը Կոնգրեսում՝ լսումների ժամանակ, նշել է, թե սառեցված ղարաբաղյան հակամարտությունը պայթյունի պոտենցիալ օջախ է. «Երկու կողմերի ապակառուցողական դիրքորոշումը, նաեւ հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակի դարձած դեպքերը մեծացրել են իրավիճակի էսկալացիայի վտանգը»: Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի՝ ձգձգված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսին թերթերից մեկի հետ զրույցում հայտարարել է. «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ շահագրգիռ կողմերի հետ ակտիվ աշխատանքին՝ հակամարտությունների խաղաղ եւ երկարաժամկետ լուծում գտնելու նպատակով: Հայաստանին եւ Ադրբեջանին մենք կոչ ենք անում բանակցություններում առաջընթացի հասնելու համար ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ ուժ եւ ուժի սպառնալիք չգործադրելու, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»: Ասել էր նաեւ, թե տարածաշրջանային հակամարտությունները խանգարում են տարածաշրջանային զարգացմանը։ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում ընդունեց այս պնդումը. «Իհարկե, գաղտնիք չէ, որ տարածաշրջանային հակամարտությունները խանգարում են տարածաշրջանային զարգացմանը, խնդիրն այն է, թե այդ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ինչ քայլեր են արվում եւ ինչ քայլեր պետք է արվեն, եւ կողմերը իրենց ինչպես պետք է դրսեւորեն: Այստեղ է հիմնական հարցը, որին ո՛չ միջնորդները եւ ո՛չ էլ կողմերը չեն կարողանում պատասխան տալ, որովհետեւ կան տարբեր մոտեցումներ»: Ըստ Դավիթ Բաբայանի՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը որեւէ հիմք չի ստեղծում, որ հակամարտության կարգավորման գործընթացը տեղից շարժվի: Մեր զրուցակիցը համոզված է, որ ռազմաքաղաքական առումով Հարավային Կովկասը կարեւոր տարածաշրջան է, եւ դրանով է պայմանավորված գերտերությունների ուշադրությունը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը Սոչիում եւ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումներից հատուկ ընդգծված նորություններ չի ակնկալում: Ի պատասխան մեր հարցի՝ արդյոք վերը նշված այցերը եւ կայանալիք այցելություններն ու հանդիպումները նշանակո՞ւմ են, թե ղարաբաղյան հարցի լուծումը արագացված ընթացք է ստանում, պարոն Բաբայանն ասաց. «Չեմ կարծում: Հնարավոր է՝ հանդիպումների քանակական տեսանկյունից ինչ-որ տեղաշարժ լինի, բայց որակական իմաստով չեմ կարծում, թե ինչ-որ բան է փոխվել: Ինչի՞ մասին մենք կարող ենք խոսել, երբ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քայլերը, խախտում է հրադադարի ռեժիմը, անգամ ադրբեջանցի որոշ գործիչներ հայտարարում են, թե իբր Երեւանն է ադրբեջանական քաղաք: Այս իրավիճակում ի՞նչ կարելի է ակնկալել հանդիպումներից: Ամենից կարեւորն այն է, որ պետք է ստատուս-քվոն պահպանվի, սա միակ տարբերակն է, քանի որ առայժմ չկա ընդունելի տարբերակ»:
Օրերս ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը հայտարարել էր, թե հիմա ճիշտ պահն է, որպեսզի Արցախը մասնակցի բանակցություններին: Հարցրինք Արցախի ներկայացուցչին՝ իրենք ընդունո՞ւմ են, որ հիմա իրենց մասնակցության ճիշտ պահն է. «Միշտ էլ ճիշտ պահն է, միշտ էլ Արցախը պիտի մասնակցի, եւ չեմ կարծում, որ այդ պահը որեւէ նշանակություն ունի, բայց այս հարցում հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել