Թումանյան-142
Թումանյանը մի առիթով արտահայտվել է, որ իր մահից հետո կուզենար թաղվել Դսեղի բարձրադիր վայրերից մեկում՝ Դդի ուսին։ Բայց այնպես ստացվեց, որ չկատարվեց մեծ լոռեցու այդ կամքը, նա թաղվեց Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։ Իսկ տասնամյակներ անց նրա սիրտն ամփոփվեց իր պապենական տան՝ այսօրվա տուն-թանգարանի բակում։ Պատերազմում եւ աքսորում զոհված որդիներն այդպես էլ գերեզման չունեցան։ Իսկ երբ մահացավ նրա կինը՝ տիկին Օլգան, մտածվեց Երեւանի քաղաքային գերեզմանատան պանթեոնում ստեղծել հուշահամալիր՝ ուր հուշասյուների տեսքով ներկայացված կլինեն եւ՛ մեծ բանաստեղծը, եւ՛ նրա զավակները։ Հենց այստեղ այցելության եկան «Լոռվա ձոր» հայրենակցական միության անդամները՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով մեծ հայրենակցի հիշատակին՝ նրա ծննդյան տարեդարձի առթիվ։ Այստեղ գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցին, ծաղիկներ դրվեցին, խունկ ծխեցին։ Այնուհետեւ «Էդիթ-Պրինտ» գրախանութում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Թումանյանի նոր հրատարակություններին։ «Դրանց թիվն անցել է 20-ից,- ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- երկու տարի առաջ, երբ նշվում էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակը, «Էդիթ-Պրինտի» հետ համագործակցությամբ հրատարակեցինք «Քառյակները» եւ հասկացանք, որ սկսած գործը պետք է շարունակել, քանի որ այդպիսի հրատարակությունների նկատմամբ մեծ է ընթերցողի հետաքրքրությունը։ Նախաձեռնությանը միացավ նաեւ մեծ բանաստեղծի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը։ Առանձին-առանձին հրատարակվեցին հեքիաթները, պատմվածքները, նովելները, բանաստեղծությունները, պոեմները»։
Իրմա Սաֆրազբեկյանը նշեց. «Առանձին հրատարակելով Թումանյանի գրքերը՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ «Էդիթ-Պրինտը» կազմակերպեցին հանդիպումներ ընթերցողների հետ։ Պետք է տեսնել այն մեծ հետաքրքրությունը, որ կա հենց թումանյանական նոր հրատարակությունների նկատմամբ։ Դրանք, անկասկած, առավելություն ունեն. Թումանյանի որեւէ ստեղծագործություն ոչ թե փնտրում են ակադեմիական հրատարակություններում, այլ կոնկրետ, ավելի լավ ձեւավորված, պոլիգրաֆիական բարձր մակարդակով հրատարակված գրքում։ Եթե բանաստեղծություն ես փնտրում, խնդրեմ՝ բանաստեղծությունների հատընտիրը, հեքիաթները՝ հեքիաթների ժողովածուն։ Եվ այսպես շարունակ։ Ես կասեի, որ Թումանյանի գրական ժառանգությունը նորովի է մատուցվում ընթերցողին»։
«Էդիթ-Պրինտի» ղեկավար Մկրտիչ Կարապետյանի համոզմամբ, այնքան վարակիչ է ընթերցողի հավանությունը, որ ծրագիրը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ հրատարակչական առումով ամբողջությամբ պեղենք Թումանյանի գրական ժառանգության բոլոր ծալքերը։ Իհարկե, այսքանով չավարտվեց թումանյանական օրը «Էդիթ-Պրինտ» գրախանութում։ Հնչում էին Թումանյանի բանաստեղծությունները եւ դրանց հիման վրա գրված երաժշտական ստեղծագործությունները։ Քիչ չէին նաեւ Թումանյանի ստեղծագործությունների գնորդները. ինչո՞ւ, իսկապես, ինքդ քեզ նվեր չանես՝ գիրք գնելով կամ նույնը հարազատիդ, բարեկամիդ, մերձավորիդ։ Գուցե նաեւ այս ճանապարհով գիրքը կհասնի ընթերցողին տարին բոլոր եւ ոչ թե միայն մեծ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ տարին մեկ անգամ՝ փետրվարի 19-ին։