Կազմակերպիչներն այս տարվա համար խոստացան «լուրջ» մրցանակներ
«Ընենց բան եք տենալու, որ բերաններդ բաց ա մնալու». ապրիլի 3-ին Մոսկվայում՝ Կրեմլի դահլիճում կայանալիք «Տաշիր 2011» համահայկական ազգային ամենամյա մրցանակաբաշխության մասին այսպես արտահայտվեց «Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը:
Ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները ներկայացրին մի քանի մանրամասներ սպասվելիք մրցանակաբաշխությունից:
Ինչպես նշեց Մ. Սաղաթելյանը, այս տարվա միջոցառումը էապես փոփոխությունների է ենթարկվել եւ նորովի է ներկայանալու հանդիսատեսին:
Վերջերս «Հ1»-ով պարբերաբար շրջանառվող «Արմենիա» մրցանակաբաշխության գովազդային տեսահոլովակը հեռուստադիտողին շփոթության մեջ էր գցել: Շատերի կարծիքով, վերոնշյալ միջոցառումը, որը կրկին տեղի է ունենալու Մոսկվայում՝ նույն ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխությունն է: Սակայն, ինչպես ներկայացրեցին ասուլիսի բանախոսները՝ «Տաշիր» մրցանակաբաշխությունը բոլորովին կապ չունի «Արմենիա»-ի հետ, չնայած այն հանգամանքին, որ գովազդային տեսահոլովակում շրջանառվում են «Տաշիրի» անցյալ տարիների համերգներից դրվագներ:
«Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը մեկնաբանեց. «Այս տարի որոշում կայացվեց, որ մրցանակաբաշխությունը ֆորմատով պետք է փոխվի, բացի այդ, այն պետք է նաեւ ներկայանա լավ որակով: Այս փոփոխությունների համար ողջ ստեղծագործական անձնակազմը փոխվեց: Մենք խզեցինք մեր պայմանագիրը «Արմենիա» փրոդաքշնի հետ, որոնց հետ իրականացրել ենք մեր նախկին միջոցառումները եւ վերջապես հիմնեցինք «Տաշիր մեդիա» ընկերությունը: Մոսկվայում կայանալիք «Արմենիա» մրցանակաբաշխությունը մեզանից անկախ միջոցառում է եւ կազմակերպվում է նույն «Արմենիա» փրոդաքշնի կողմից: Մեր նախկին համերգներից վերցված կադրերն էլ օգտագործվում են զուտ նրա համար, որ հանդիսատեսին ներկայանալի լինի, թե փրոդաքշնը ինչ գործունեություն է ծավալել եւ ինչ համերգներ է կազմակերպել: Ոչ մի խնդիր չունենք մեր նախկին գործընկերների հետ, քանի որ համարում ենք, որ մենք լավագույնն ենք, դրա վառ ականատեսն էլ կլինի նաեւ հանդիսատեսը ապրիլի 3-ին»:
Բանախոսները նշեցին, որ փոխվել է նաեւ հեռարձակող ալիքի հաճախականությունը՝ նախկին «Հ1»-ի փոխարեն ուղիղ եթերով միջոցառումը կհեռարձակվի «Արմենիա» TV-ով:
Ըստ Մ. Սաղաթելյանի, այս տարի մրցանակաբաշխության ընթացքում մեծարվելու են այն մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում հայկական մշակույթը զարգացնելու համար լուրջ ներդրում են ունեցել, նրա խոսքերով՝ «ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի սպասվում են լուրջ մրցանակներ»:
Ինչ վերաբերում է ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ըստ շրջանառվող լուրերի, համերգի մասնակցությունից հրաժարվել է Իրինա Ալեգրովան: Սակայն Հ. Բաբասյանը հավաստիացրեց, որ նա ոչ թե հրաժարվել է, այլ ռուսաստանյան հյուրախաղերի պատճառով չի կարող ներկա գտնվել: