Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ արդի երգարվեստի մասին
Երգահան Վահրամ Պետրոսյանի՝ վերջերս ասուլիսում արած հայտարարությունները շարունակում են մնալ լայն քննարկումների առարկա: Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը այդ քննարկումներին «Վահրամյան սինդրոմ» անվանումն է տալիս: «Որեւէ կոմպոզիտոր նման հայտարարություն անել չէր կարող, որովհետեւ երգահանն ինքը հրաշալի պատկերացնում է, թե որն է հայ երաժշտությունը: Այդ երիտասարդը երեւի զբաղվում է մեր հացը դարձած երգարվեստով, մտած է բիզնեսի մեջ եւ կողմնորոշված է շուկայի վրա: Եթե երիտասարդը հայտարարում է, որ ադրբեջանական երաժշտությունը իր համար հարազատ է, նա դա կարող է նաեւ սիրել, բայց դա բանիմաց մարդու հայտարարություն չէ: Մի երկրի, որը ոչնչացնում է քո խաչքարերը, ազգային պատմական շերտը, եկեղեցիների գմբեթից վերցնում այն խաչը, որ երիտասարդը իր կրծքի վրա նվիրական ձեւով կրում էր, սեփականացնում է»,- երեկվա ասուլիսում կարծիք հայտնեց կոմպոզիտորը: Ըստ նրա, այսօր հայկական իրականության մեջ շուկան ողողված է անճաշակ, ոչինչ չասող, անդեմ տեքստային եւ երաժշտական սուրոգատներով, որոնք ազգային նկարագրի հետ բացարձակ կապ չունեն: Հանրային խորհրդի առաջիկա նիստի ընթացքում նա պատրաստվում է որոշակի գնահատական ձեւավորող հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ հանդես գալ: Վերահսկող նման մարմնի կարիք նա զգում է, որովհետեւ «ազատություն» հասկացության նկատմամբ որոշակի ընդվզում ունի. «Ազատությունը մարդուն տրված է, որպեսզի նա ինքն իրեն սահմանափակի, բայց եթե գնում ես գայթակղությունների ճանապարհով, կնշանակի՝ ազատությունը քանդող տեսակ ես»:
Հարցին՝ որտեղի՞ց է հայերի սերը արաբա-իրանական երաժշտության հանդեպ, կոմպոզիտորը հասկացել է. «Որտեղի՞ց ռուսական երաժշտության մեջ արեւելյան մոտիվները, ամերիկյան երաժշտության մեջ գոյացավ հնդկական երաժշտության դոմինանտը, նույնիսկ ջազային երաժշտության մեջ մի ամբողջ շերտ կա, որ արեւելքի երաժշտության հետաքրքրություններով է կառուցված: Այսօր մարդկությունը գնում է դեպի ինտեգրացում եւ կուլտուրաների մեջ տեղի է ունենում փոխներթափանցման երեւույթ»: Ինչ վերաբերում է հայկական երաժշտության եւ մնացած երկրների երաժշտական արվեստի տարբերությանը, կարծում է՝ հայ երաժշտությունը մարդուն պարգեւում է ազատություն, իր մեջ չունի գրավչանյութ՝ որպես զարդարանքի նշան, լրացուցիչ ազդելու, գերելու ուժ չի առաջարկում, իսկ թուրքականը կամ ադրբեջանականը անընդհատ գտնվում է դինամիկ շարժման մեջ:
Արդյո՞ք ճիշտ է, երբ ստեղծագործողը պահանջարկի վրա հիմնվելով է ստեղծագործում: Հարցին մաեստրոն այսպես է պատասխանում. «Ստեղծագործողն ազատ ճախրող անհատ է, որն իր ստեղծագործությունը կառուցում է իր եւ իր նախնյաց կանչի խաչուղիների վրա: Այն մարդը, որ ասելիք չունի, գնում է վերցնելու ուրիշի փայտը իր վառարանում վառելու համար»: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյո՞ք մշակույթի նախարարությունը, Կոմպոզիտորների միությունն ավելի պարտավորված չպիտի լինեն հասարակական կարծիքի ձեւավորման հարցում: «Կոմպոզիտորների միությունը գերատեսչական կառույց չէ, որ կարողանա ազդել այն խնդիրների վրա, որոնք առաջնահերթ բիզնես են: Մշակույթի նախարարության գործն էլ պետք է լինի մշակութային քաղաքականությունը, որը մեզ մոտ չկա: Նախարարությունն ունի միայն միջոցառումների շարք»,- կարծում է միության նախագահը: