«Այս ֆիլմը նկարահանել եմ, որ մեր երիտասարդ սերունդն իմանա, որ Արցախի ազատագրման համար մղված պայքարում մեր կողքին եղել են նաեւ ռուս ազգի ներկայացուցիչներ»,- երեկ ասաց «Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա Թովմասյանը՝ Ազգային գրադարանում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ: Ֆիլմը պատմում է ռուս մարտիկներ Իլյա Կուլիկի եւ Դմիտրի Մոտրիչի մասին, ովքեր որպես կամավոր կռվել են Արցախի ազատագրման համար եւ զոհվել Ճարտար գյուղի մատույցներում:
Դմիտրի Մոտրիչը, ով եղել է Մարտունու տարածաշրջանի հետախուզական ջոկատի փոքրիկ ջոկի հրամանատար, այնքան լավ է իմացել Հայաստանի պատմությունը, որ հայ մարտիկները զարմանում էին: Նա, ունենալով ռազմական կրթություն, աջակցել է մեր՝ քիչ տեխնիկայով, ոչ պրոֆեսիոնալ բանակին՝ ինչպես գնալ հետախուզման, ականազերծել տարածքը: «Կամավորը» ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաեւ ֆիլմում հիշատակվող ազատամարտիկ Մյասնիկ Գասպարյանի մայրը՝ տիկին Սուսաննան, եւ եղբարը: Տիկին Սուսաննան շնորհակալություն հայտնեց ռեժիսորին՝ ասելով, որ ֆիլմը դիտելիս իրեն թվացել է, թե որդին ողջ է:
«Կամավորը» Ա. Թովմասյանի առաջին ֆիլմն է, որտեղ նա հանդես է գալիս եւ որպես ռեժիսոր, եւ որպես սցենարիստ: Աննան նշեց, որ այս թեմայի վերաբերյալ շատ տեսանյութեր ուներ, բայց հնարավոր չի եղել ողջ ինֆորմացիան տեղավորել ֆիլմի 36 րոպեների մեջ: Ռեժիսորը խոստովանեց, որ ֆիլմը սկսելու ժամանակ ունեցել է ընդամենը Դմիտրի Մոտրիչի մեկ լուսանկար եւ ափսոսանք հայտնեց, որ միայն ֆիլմն ավարտելուց հետո են իր հետ կապվել նրա ընկերները ու հանձնել լուսանկարներ եւ տեսաձայնագրություններ: Հնարավոր է դրանք հետագայում հավելվեն ֆիլմին:
«Կամավորը» նկարը մարտի 2-ին կցուցադրվի նաեւ Մոսկվայում: