Գրահրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը մտահոգված է գրահրատարակիչների վրա դրված բարձր հարկերով:
«Առավոտը» ժամանակին անդրադարձել էր մի խումբ հրատարակիչների հետ ՀՀ վարչապետի հանդիպմանը, որի ժամանակ հայտարարվել էր, թե կառավարությունը գիտակցելով 2012թ. Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման պատասխանատվությունը, գիրքը՝ արտադրության եւ իրացման բոլոր փուլերում, ինչպես նաեւ գրքի տպագրության համար ներմուծվող թուղթը կազատի ԱԱՀ-ից: Վերջերս գրքի 6-րդ տոնավաճառի բացման ժամանակ Գրահրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ վարչապետին ուղղված իրենց նամակի առիթով՝ գիրքը ԱԱՀ-ից ազատելու մասին, ՀՀ ֆինանսների նախարարից ստացվել է բացասական պատասխան:
Հանդիպեցինք Ա. Մարտիրոսյանին ու հարցրինք՝ չի՞ կարծում, որ եթե հրատարակիչներին ազատեն ԱԱՀ-ից, նույնը կցանկանան, ասենք, կոշկակարները, ծխախոտ արտադրողները եւ այլք: «Գերմանիայում ԱԱՀ-ն 15% է, գրքի վրա, որպես մշակութային եւ հոգեւոր արժեք՝ 5%, Ուկրաինայում շահութահարկը 0% է, եվրոպական մի շարք երկրներում էլ՝ 0-3%, նույնիսկ Ռուսաստանը, որին բոլոր ոլորտներում փորձում ենք նմանվել, 1990-ականների վերջին գիրքն ազատեց շահութահարկից, որի արդյունքում այդ երկրում այսօր գրքի բում է»,- ասաց մեր զրուցակիցը: Պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ գիրքը ԱԱՀ-ից ազատելու դեպքում Հայաստանն առանձնապես վնաս չի կրի, ավելին՝ մեր երկրում կփոխվեր գիտելիքի եւ գրքի նկատմամբ վերաբերմունքը. «Ի վերջո, կերեւար, որ պետությունը մտահոգված է բարեփոխել այս գորշ իրավիճակը: Այսօր ունենք բուհերի բազմաթիվ անգրագետ շրջանավարտներ, մշակույթի անկում, գողական ապրելակերպի սերմանում… Մինչդեռ այս ամենի դեմ պարտավոր ենք պայքարել գիտելիքով: Ու քանի որ ԱԱՀ-ն ոչ մի արտադրողի ու վաճառողի չի խանգարում՝ վճարում է սպառողը, այսինքն՝ ժողովուրդը, հենց նրան էլ առաջին հերթին հարվածում է որոշումը»:
Ծանոթանալով ֆինանսների նախարարի նամակ-պատասխանին, հարցրինք՝ ինչո՞ւ հատկապես այդտեղ բերված են ոչ թե առաջադեմ եվրոպական երկրների, այլ Ադրբեջանի, Թուրքմենստանի, Բելառուսի օրինակները, որտեղ հրատարակիչներին հարկում են: «Վարչապետին հղած մեր նամակում նշել էինք քաղաքակիրթ երկրների օրինակները, որոնց ուզում ենք նմանվել: Կարծում եմ, նամակին պատասխանողը այլ չափանիշներով է առաջնորդվել: Նրանց «արշինը» ադրբեջանական, թուրքմենական է… Նկատենք, թե ինչ կառավարման համակարգ է այդ պետություններում՝ դեսպոտիզմին եւ ֆաշիզմին հարող տարրերով»,- շեշտեց Ա. Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, թե 1930-ականների սկզբներին գերմանական ֆաշիստները ինչպես էին վերաբերվում գրքին ու լուսավոր մտքին. «Եթե օրերից մի օր ականատեսը լինենք, թե ինչպես են, օրինակ, Հանրապետության հրապարակում այրում Հեգելի, Կանտի, Շեքսպիրի կամ Մաթեւոսյանի գրքերը, էլ չենք զարմանա…»: