Պարսկական երկու ռազմական նավ մտել է Սուեզի ջրանցք՝ ուղղվելով դեպի Միջերկրական ծով: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հաղորդել է ջրանցքի վարչակազմը: Թեհրանը պնդում է, որ «Ալվանդ» նավատորմը եւ օժանդակ «Խարգ» նավը ուղղություն են վերցրել դեպի Սիրիա՝ համատեղ զորավարժությունների մասնակցելու նպատակով: Իսրայելն այդ մոտեցումը որակել է որպես՝ սադրանք: Հաղորդվում է, որ Կարմիր եւ Միջերկրական ծովերն իրար կապող ռազմավարական նշանակության այդ ջրանցքով իրանական նավերը 1979թ. իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ են անցնում:
Եգիպտոսի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, իրանական նավերի՝ ջրանցքով անցնելու հայտագրում ասված է, որ նավերի տախտակամածին ռազմական տեխնիկա, միջուկային նյութեր եւ քիմիկատներ չկան: Եգիպտոսը կարող է արգելել Սուեզի ջրանցքով տարանցումը միայն պատերազմական վիճակում:
Իրանը բազմիցս է սպառնացել ոչնչացնել Իսրայելը եւ, ըստ որոշ տեղեկությունների, օժանդակել է լիբանանյան եւ պաղեստինյան զինված խմբավորումներին: «Ցավոք, միջազգային հանրությունը պատրաստակամություն չի դրսեւորում ուսումնասիրել Իրանի կողմից կրկնվող սադրանքները, բայց պիտի հասկանա, որ Իսրայելը չի կարող այդ սադրանքներն անվերջ անտեսել»,- անցած շաբաթ հայտարարել էր Իսրայելի ԱԳ նախարար Ավիգադոր Լիբերմանը: