Լրահոս
Օրվա լրահոսը

Սեմնեբին հրաժեշտի ասուլիս է տվել

Փետրվար 23,2011 00:00

1news.az-ի փոխանցմամբ, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, թե վրացական ղեկավարությունը պետք է փորձի ուղիղ երկխոսություն սկսել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ: Սեմնեբին այդ հայտարարությունն արել է տարածաշրջանում իր դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ Թբիլիսիում հրավիրված ասուլիսում: Նա ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում գնահատել է որպես՝ «բավականին հաջող», շեշտելով, որ ԵՄ-ն ակտիվորեն մասնակցել է Վրաստանում ստեղծված ցանկացած ճգնաժամի հաղթահարմանը: «Առաջին հերթին ես նկատի ունեմ 2008թ. օգոստոսյան պատերազմը: Կարծում եմ, մենք էական ներդրում ենք ունեցել երկրում կայունության գործում»,- հայտարարել է Սեմնեբին:

«Միայն երկխոսության միջոցով կարելի է տարածաշրջանում հասնել երկարաժամկետ կայունության»,- ասել է Սեմնեբին՝ հավելելով, որ այդ առումով ԵՄ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Թբիլիսիին: «Վրացիներն ու աբխազները, վրացիներն ու օսեթները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ այդ կերպ լուծեն բոլոր խնդիրները, կարգավորման այլ ուղի չկա»,- նշել է նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե կողմերը պետք է փոխզիջման գնան տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: «ԵՄ-ն պատրաստ է իր ավանդն ունենալ այդ գործընթացի մեջ եւ բոլոր միջոցներով կփորձի մերձեցնել կողմերի դիրքորոշումները».- եզրափակել է Սեմնեբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել