Լիբիայի ղեկավար Մուամար Քադդաֆին հերքել է Վենեսուելա իր փախուստի մասին լուրերը: Լիբիայի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է, թե ինչպես է երկրի ղեկավարը դուրս գալիս իր տնից: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Քադդաֆին հայտարարել է, թե դրանով ցանկանում է ցույց տալ, որ, հակառակ տարածված տեղեկությունների, ինքը գտնվում է Տրիպոլիում, այլ ոչ թե Վենեսուելայում: «Մի՛ հավատացեք այն հեռուստաալիքներին, որ պատկանում են թափառող շներին»,- հայտարարել է Քադդաֆին:
Քադդաֆիի որդի եւ ժառանգորդ Սաիֆ ալ-Իսլամը երեկ հերքել է խաղաղ բնակչության դեմ օդուժ կիրառելու մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով, ռմբահարման են ենթարկվել միայն զինամթերքի պահեստները, որոնք գտնվում են բնակելի շրջաններից հեռու: Սակայն արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը եթերում կադրեր է ցուցադրել, որոնցում երեւում են տասնյակ խեղված մարմիններ:
Լիբիայից ստացվող տեղեկությունների համաձայն, բախումների արդյունքում զոհվել է մի քանի հարյուր մարդ: Քադդաֆիի վարչակազմը պահպանում է վերահսկողությունը մայրաքաղաք Տրիպոլիի նկատմամբ, մինչդեռ երկրի հարավում գտնվող մի քանի քաղաքների ղեկավարներ անցել են ցուցարարների կողմը:
Արեւմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, դատապարտել են Լիբիայի իշխանությունների գործողությունները, Միացյալ Նահանգները խիստ մտահոգություն է հայտնել ցուցարարներին ցրելու համար զինված ուժերի օգտագործման վերաբերյալ:
Արտերկրում Լիբիայի որոշ դեսպաններ իրենց աջակցությունն են հայտնել ցուցարարներին: Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Արաբական լիգայում Լիբիայի դեսպանները՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության, հրաժարվել են իրենց պաշտոններից: ՄԱԿ-ում Լիբիայի փոխդեսպան Իբրահիմ Դաբաշին ասել է, որ Քադդաֆին Լիբիայի ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացնում, եւ հայտարարել է. «Նա պետք է հեռանա հնարավորինս շուտ: Նա պետք է դադարի Լիբիայի ժողովրդին սպանել, Լիբիայի ժողովուրդը բավական համբերատար էր վերջին 42 տարիների ընթացքում, եւ ես կարծում եմ, որ նա պետք է հրաժարական տա եւ լքի երկիրը՝ որքան հնարավոր է շուտ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւս հայտարարություն է արել Լիբիայի իրադարձությունների կապակցությամբ, մասնավորապես ասելով. «Լիբիայի իշխանությունները կրակում էին ցուցարարների վրա ռազմական ինքնաթիռներից եւ ուղղաթիռներից: Սա անընդունելի է: Այս ամենին պետք է անհապաղ վերջ դրվի»:
Հավելենք, որ Լիբիայում սկսված բողոքի ցույցերի ճնշման արդյունքում, ըստ միջազգային լրատվամիջոցների, շուրջ 600 մարդ է զոհվել: