Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք նիրհում դափնիների վրա»

Փետրվար 23,2011 00:00

Ասում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

\"\"Երեկ ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված կազմն ու համալսարանականները հյուրընկալել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Ս. Օհանյանը կարեւորեց համագործակցությունը ՊՆ-ի եւ ԿԳՆ-ի ենթակա կառույցների միջեւ:

Խոսելով հայկական բանակի ներկա վիճակից, նախարարն ասաց. «Փոքր ազգ լինելով, պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, եթե ոչ հզոր Հայաստան ունենալու, ապա գոնե այսօրվա ունեցածը պահպանելու համար: 2011 թվականի համար որդեգրվել է հենց ջանքերի կրկնապատկման քաղաքականությունը: Չեմ ժխտում, բանակում դեռեւս ունենք շատ բացթողումներ: Ամենակարեւորն այն է, որ այդ բացթողումների մասին անպայման պետք է բարձրաձայնել եւ ոչ թե թաքցնել: Այսօր աշխարհի բոլոր բանակներն ունեն բացթողումներ եւ հաջողություններ, Հայաստանն էլ բոլորի նման ուրախանում է հաջողություններով եւ մտածում խնդիրների լուծման ուղղությամբ: Փորձում ենք դափնիների վրա չնիրհել…»:

ՊՆ նախարարը անդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողություններին, հրադադարի ռեժիմի խախտումներին եւ սադրանքներին: Ըստ նրա՝ «չնայած շփման գոտում սադրանքներ ու հրադադարի ռեժիմի խախտումներ հաճախակի են գրանցվում, բայց դրանք համարժեք պատասխան են ստանում, իսկ որոշ դեպքերում հայկական կողմն է փորձում պարտադրողի դերում հանդես գալ: Երբ հայկական կողմը հակառակորդի պատճառով կորուստներ է ունենում՝ հակառակորդը պատժվում է: Չի եղել որեւէ դեպք, երբ առաջին գծում ունենանք կորուստներ եւ հակառակորդը մեր կողմից չպատժվի կրկնակի: Ադրբեջանն այսօր ամեն կերպ փորձում է մեզ մտցնել սպառազինությունների մրցավազքի մեջ: Հայկական կողմն ամեն ինչ անում է: Փորձում ենք մեր ուժերը կենտրոնացնել որակական չափանիշների ու մարտական ոգու ձեւավորման ուղղությամբ, քանի որ յուրաքանչյուր տեխնիկայի կառավարման հարցում գլխավոր գործոնը մարդն ու նրա մասնագիտական պատրաստվածությունն են»:

Համալսարանականներից մեկը նախարարից հետաքրքրվեց՝ ե՞րբ բանակում ծառայությունը կդառնա պարտադիր բոլոր խավերի համար՝ առանց ծանոթ-բարեկամի, մագիստրատուրա-ասպիրանտուրա պատճառաբանությունների եւ ամուսնությունների. «Ովքեր կուզեն ծառայել բանակում՝ պատրաստ ենք ընդունել: Փաստում եմ, որ մինչ այժմ նրանք, ովքեր չեն ծառայել, գործող օրենքի համաձայն է եղել: Բայց համամիտ եմ այն մտքի հետ, որ բոլորն էլ պետք է ծառայեն»:

Այն փաստին, որ վերջերս կառավարությունը տարկետման իրավունք տվեց պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի որդուն՝ «դրսում» ուսանելու համար, նախարարը պատասխանեց. «Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ իր որդին ուսանելուց հետո ծառայելու է»:

Խոսելով մամուլում հայկական բանակի եւ հրամանատարական կազմի կողմից թույլ տված զանցանքների մասին գրվող «վատ» հոդվածներին, Ս. Օհանյանը հայտարարեց. «Պաշտպանության նախարարությունը բաց է հասարակության առջեւ, ընդունում ենք տեղին քննադատությունները, բայց չարախոսները միշտ էլ չարախոսելու են։ Մենք զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության պլաններ ենք մշակել, ինչի արդյունքում վերջին շրջանում չարախոսական հոդվածները քչացել են, քանի որ հասկացել են, որ դրա կարիքը չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել