Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՊԵՏԿՈՄԻ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ՞

Փետրվար 23,2011 00:00

\"\"Ըստ որոշ գիտնականների, այս կառույցը խաբում է իրենց

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է այն նորամուծությանը, որ այս տարի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում տարբեր մասնագիտությունների գծով գիտահետազոտական խմբերի ներկայացրած թեմաները մրցութային կարգով կընտրի Գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ): Սակայն մրցույթի առաջին՝ տեխնիկական փուլից սկսած, գիտնականների շրջանում դժգոհությունները ԳՊԿ-ից չեն դադարում: Տեխնիկական ստուգման փուլի արդյունքում կոմիտեն «ջարդ» կատարեց հումանիտար մասնագիտությունների գծով թեմաների նկատմամբ՝ փոխարենը չմերժելով մաթեմատիկայի, մեխանիկայի բնագավառի ոչ մի թեմա:

Հիմա էլ դժգոհությունների նոր ալիք է սկսվել: Կրկին անպատասխանատու հայտարարություններ. տեխնիկական ստուգման փուլից հետո ԳՊԿ-ից պաշտոնապես հայտարարեցին, որ մինչեւ փետրվարի 5-ը կավարտվի գիտական փորձաքննությունը եւ ԳՊԿ կայքում կտեղադրվեն հաղթող թեմաները: Սակայն մինչ այժմ, ինչպես գիտ

նականներն են ասում, կոմիտեից «ձեն-ձուն» չկա: Դժգոհում են բոլոր բնագավառների մասնագետները՝ ասելով, որ կոմիտեն աշխատում է ամենաթողության մթնոլորտում. «խելքին ինչ փչում՝ անում է, ձեռքն էլ բռնող չկա, դեմն էլ խաղ չկա»: Օրինակ՝ մանկավարժական բնագավառի ներկայացուցիչ Լիլիթ Սահակյանը, ով ընդգրկված է թեմայում, որի միջոցով մասնագետները փորձում են պարզել՝ ուսանողների հոգեբանական եւ ֆիզիկական վիճակն ինչպես է ազդում նրանց առաջադիմության վրա, «Առավոտի» հետ զրույցում վրդովված նշեց. «Թեմաների պատասխանները սահմանված ժամկետից ուշացնում են: Երբ մենք փորձեցինք կոմիտեից տեղեկություն ստանալ այդ մասին, ասացին, որ կոմիտեի նախագահը գործուղման է գնացել, այդ պատճառով էլ պատասխաններն ուշանում են: Ախր որ ուշացնում են՝ մեր բողոքարկման ժամկետից ենք կորցնում»: Տիկին Սահակյանը մի շարք այլ մտահոգություններ էլ ունի. «Դուք չեք պատկերացնում, թե ինչ տանջանք էր թեմայի ողջ նկարագիրը ներկայացնել նաեւ անգլերեն: Իհարկե, պարոն Մարդոյանը հիմա կասի, թե գիտնականները պիտի անգլերեն իմանան, բայց փաստը մնում է փաստ, որ շատերը դեռ այդքան լավ չեն տիրապետում լեզվին: Մյուս կողմից էլ մենք գիտենք, որ գրախոսականները մեզ չեն տրվելու, հիմնավորումներին չենք ծանոթանալու: Դա իսկական «բլեֆ» կլինի, քանի որ բոլորին էլ հուզում է, թե իր թեման ինչ հիմնավորմամբ է մերժվել, արդյո՞ք գրախոսվելու համար ուղարկվել է արտասահման, թե՝ ոչ: Ի վերջո, դրա համար գումարներ են հատկացվել: Իսկ մեզ կոմիտեում ասում են, թե ինչը պիտի բողոքարկեք, եթե փոստով տեղեկացվենք մերժման մասին: Իսկ ես լա՜վ գիտեմ, թե ինչպես է մեր փոստն աշխատում: Ի վերջո, այստեղ առաջանում է հեղինակային իրավունքի հարցը: Չէ՞ որ մեր թեմաների նկարագիրը վերցրել են եւ չեն վերադարձնում մեզ եւ հանգիստ այն կարող են օգտագործել»: Լ. Սահակյանը նաեւ զարմացած է. «Ինչպե՞ս կարելի էր մրցույթ հայտարարել բոլոր ուղղություններով: Պետք էր ըստ բնագավառների այն անցկացնել: Դրա համար էլ ներքին խոսակցությունների համաձայն՝ միայն ֆիզիկոսների թեմաներն են անցնելու, քանի որ կոմիտեի ղեկավարը եւ վարչության պետ Մարդոյանը ֆիզիկոսներ են: Իսկ մանկավարժական թեմաների մրցույթը պետք է առանձին անցկացվեր, թե չէ խառնեցին բոլոր մասնագիտությունների հետ, արդյունքում՝ դասագիրքը, ուսումնական ձեռնարկը գիտական աշխատանք չհամարեցին»:

«Առավոտը» նշված դժգոհությունների մասին պարզաբանումներ ստացավ ԳՊԿ գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լեւոն Մարդոյանից: Նա նշեց. «Գործընթացը միայն մեզնից կախված չէ, քանի որ այն մի շարք մարդկանց հետ է համաձայնեցվում: Հաղթած թեմաները կհայտարարվեն այն ժամանակ, երբ լինի ԿԳ նախարարի համապատասխան հրամանը»: Մեր այն դիտարկմանը՝ թեմաների պատասխանների ուշացման մեջ մեղքը նախարարի՞նն էր, պարոն Մարդոյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ, դա ուղղակի գործընթաց է, որի արդյունքը միանգամից չի լինում»: Մեր մյուս դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ էին ժամկետներ հայտարարել, վարչության պետը պատասխանեց. «Մեր նախնական հաշվարկներով՝ պետք է մինչեւ փետրվարի 5-ը ավարտած լինեինք… բողոքարկման ժամկետների վրա դա չի անդրադառնում: Նախարարի հրամանից, տվյալ անձանց տեղեկացնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում ցանկացողները կարող են բողոքարկել»:

Հեղինակային իրավունքի խախտման եւ գրախոսականի չտրամադրման մասին էլ Լ. Մարդոյանն ասաց. «Ովքեր չեն հաղթել՝ անձամբ կտեղեկացվեն, որտեղ նշված կլինի, թե քանի միավոր են հավաքել, կտրվեն նաեւ գրախոսականները՝ առանց գրախոսողի անվան: Իսկ հաղթողների ցուցակը կտեղադրվի ԳՊԿ-ի պաշտոնական scs.am կայքում»: Ֆիզիկոսների՝ արտոնյալ պայմաններում գտնվելու մասին էլ վարչության պետն ասաց. «Բոլոր բնագավառների մասով համամասնությունը պահպանված է: Յուրաքանչյուր բնագավառի կհատկացվի նախատեսված ֆինանսական չափաբաժինը. չեն կարող մի բնագավառի հաշվին ֆինանսներ փոխանցվել մյուսին»: Պարոն Մարդոյանը զրույցի վերջում հույս հայտնեց, որ թեմաների փորձաքննության արդյունքները հավանաբար պարզ կլինեն այս շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել