Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսաբռնապետություն

Փետրվար 23,2011 00:00

Որը բռնապետությունից  եւ ժողովրդավարությունից վատն է

Հայաստանը սխալ է անվանել բռնապետական երկիր. թեկուզ միայն սույն հոդվածն է ապացույցը վերոնշյալ մտքի: Բռնապետության մեջ այսպիսի վերնագրով վերլուծություն հաստատ թույլ չէր տրվի, լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում, այսպիսի հոդված գրած հեղինակն էլ, տպագրած թերթի աշխատակազմն էլ, նույն օրն իսկ կգնդակահարվեին այս կամ այն դատարանի, կամ իշխանավորի որոշմամբ:

Սակայն ժողովրդավարություն ասելն էլ է ծիծաղելի թվում Հայաստանի դեպքում, քանզի բանտերում ունենալով մեկ տասնյակ քաղբանտարկյալ (այդ թվում՝ թերթի խմբագիր), ունենալով հազարավոր մարդկանց աչքի առջեւ կատարված տասնյակ չբացահայտված սպանություններ, օլիգարխների ամենօրյա «արկածներ», բոլոր բնագավառներում մենաշնորհներ ու կոռուպցիա, խոսել ժողովրդավարության մասին՝ կնշանակի ինքզինքը հայտնի կենդանու տեղ դնել:

Ուրեմն այս պարագայում ամենաճիշտ բառը կիսաբռնապետությունն է կամ ավազակապետությունը: Սակայն կուզեմ հիասթափեցնել նրանց, ովքեր կարծում են, որ հիմա սփոփանքի խոսքեր եմ ասելու այս միջանկյալ վիճակի վերաբերյալ, ու հույս հայտնելու, որ ամեն ինչ կախված է մեզանից, որ մի քիչ էլ աշխատենք եւ ժողովրդավարությունը ինքն իրեն կգա մեզ մոտ:

Ճիշտ հակառակը, ես այսօրվա վիճակի հետ համեմատած՝ երջանիկ կլինեի, եթե Հայաստանում լիներ կամ զուտ բռնապետություն, կամ ժողովրդավարություն: Բռնապետական ռեժիմի ժամանակ ամենաթողությունը բացառված է, քանզի այդ դեպքում բռնապետական համակարգը կինքնաքանդվի: Այդպիսի ռեժիմների դեպքում բացառված է նաեւ երկրից արտագաղթը կամ նույնիսկ երկրի ներսում գործող մեծահարուստների բացահայտ ցուցամոլությունն ու ցոփությունը: Իսկ արտագաղթն էլ խոչընդոտվում է, քանզի բռնապետական ճնշումների տակ երկրում ապրող ժողովրդի մեծ մասը կարտագաղթի:

Ժողովրդավարական երկրների մասին չեմ ուզում շատ խոսել, քանզի բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպես են այնտեղ հարցերը լուծվում, եւ մարդիկ ինչպես են կարողանում պաշտպանել ոչ միայն իրենց, այլ նաեւ կանանց, ծերերի, փոքրամասնությունների, շրջակա միջավայրի, կենդանիների եւ ամեն ինչի իրավունքները:

Բռնապետական երկրներում իշխանությունները խնդիր չունեն ստեղծելու կեղծ ընդդիմություններ, քանզի բոլորն էլ գիտեն, որ իրական ընդդիմադիրները արդեն վաղուց գտնվում են բանտերում, իսկ ժողովրդավարական երկրներում ընդդիմադիրները «պահանջ» չունեն ծախվելու իշխանություններին, քանզի հույս ունեն, որ մի քանի տարուց, արդար ընտրությունների անցկացմամբ, իրենք են գալու իշխանության: Եթե ամփոփեմ ասածս, կարող եմ ասել, որ ինչպես բուն բռնապետական երկրները, այնպես էլ ժողովրդավարականը, շատ ավելի ազնիվ են իրենց բոլոր դրսեւորումներում, քան կիսաբռնապետական երկրները:

Ցավալիորեն Հայաստանը գտնվում է կիսաբռնապետական երկրներին հատուկ պայմաններում, ու կեղծիքների մի զգալի մասը գալիս է հենց այս վիճակից: Եթե Հայաստանում էլ լիներ մաքուր բռնապետություն, հաստատ կեղծ ընդդիմադիրների այսպիսի շքերթ չէր լինի, իսկ ընդդիմադիր կլինեին միայն նրանք, ովքեր պատրաստ կլինեին անձնազոհության, չէին լինի նաեւ տարատեսակ «փետրավորներ», որոնք իշխանություններին կատարած ծառայությունների համար իշխանություններից կպահանջեին փոխհատուցումներ՝ դրամի ու պաշտոնների տեսքով, ու մենք ականատես չէինք լինի մարդկային ամենօրյա նվաստացումների: Հայաստանի կիսաբռնապետությունը նաեւ խթան է հանդիսանում արտագաղթին, քանզի մարդիկ տեսնում ու լսում են երկրում կատարվող անօրինությունների մասին ու կարողանում են երկրից փախչել:

Զուտ պետության գոյատեւման, ինչպես նաեւ ընդհանուր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի համար շատ անգամ ավելի գերադասելի է ունենալ բռնապետություն, քան թե կիսաբռնապետություն, որտեղից ոչ միայն մարդիկ հնարավորություն ունեն փախչելու, այլեւ մնացածներն էլ կոտրվում են ու փչանում: Այնպես որ, ազգովին արագ պետք է այս վիճակը փոխենք, այլապես այս անգամ հաստատ կկորցնենք ոչ միայն մեր պետականությունը, այլ նաեւ ազգի դիմադրողականությունը, որը հիմնականում կախված է կեղծիքը տարբերելու եւ անարդարության դեմ ըմբոստանալու կարողությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել