Լրահոս
Օրվա լրահոսը

www.baku.am

Փետրվար 23,2011 00:00

Այսօր Երեւանում տեղի կունենա www.baku.am եռալեզու կայքի շնորհանդեսը: Կայքի նախագծումը եւ իրականացումը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությունն է: Կայքէջը յուրահատուկ հարգանքի տուրք է Ադրբեջանի պետական այլատյացության եւ հրահրված ջարդերին զոհ գնացած Բաքվի հայերի հիշատակին:

Կայքում ներկայացված է լինելու Բաքվի հայ համայնքի հասարակական, մշակութային եւ գործարար կյանքը. հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկներ, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների, Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը:

Առանձին բաժնով ներկայացված են լինելու Բաքվում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր եւ լուսանկարներ:

Ըստ նախաձեռնության հեղինակների, Բաքվի հայ համայնքը դարձավ ադրբեջանական եւ թուրքական իշխանությունների ծրագրած եւ երեք փուլով իրագործած ցեղասպանության զոհ: Դրա արդյունքում դադարեց գոյություն ունենալ քաղաքի զարգացման պատմության մեջ ահռելի ներդրում կատարած հայկական տարրը: 20-րդ դարի սկզբին Բաքուն ռուսական կայսրության անդրկովկասյան տիրույթի խոշորագույն արդյունաբերական կենտրոնն էր եւ ուներ հարուստ հայկական քաղաքակրթական ներկայություն: Հայերը քաղաքի երրորդ խոշոր էթնիկ խումբն էին՝ ռուսներից եւ բազմացեղ մահմեդական բնակչությունից հետո:

Հայ գործարարների միջոցներով եւ հայ ճարտարապետների նախագծերով ու եվրոպական ճարտարապետական լավագույն ավանդույթներով կառուցված շենքերը մինչ օրս զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել