Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՄ ՀԱՅՐՆ ԷՐ ՍՊԱՆԵԼՈՒ՝ ԿԱՄ ՈՐԴԻՆ»

Փետրվար 23,2011 00:00

Երեկ տեղեկացրել ենք, որ փետրվարի 20-ի երեկոյան Վանաձորի Տիգրան Մեծի 9/1 հասցեում հայտնաբերվել է 1951 թ. ծնված Սերյոժա Ղուբաթյանի դիակը՝ բռնության հետքերով, ոստիկանությունն էլ պնդում է, որ հանցագործությունը կատարել է Ղուբաթյանի 21-ամյա որդին՝ Տիգրան Գյուլբանկյանը՝ ընտանեկան հերթական վիճաբանության ժամանակ կացնով հարվածելով հոր գլխին: Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Գործի քննիչ Սասուն Մխիթարյանից տեղեկացանք, որ Տիգրանը 2002-ից հաշվառված է եղել Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում: Այժմ ձերբակալված է եւ գտնվում է դիսպանսերում: Դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը հրաժարվեց մեկնաբանություններից. «Բոլոր հարցերը ոստիկանության հետ: Նա մեր հիվանդը չի եղել: Տարիներ առաջ գրանցվել է, սակայն երբեք չի ներկայացել: Այստեղ նա գործ չունի: Հիմա նրան պահ են տվել, շուտով կտանեն»:

Հարեւանների հետ զրույցում պարզեցինք, որ կենցաղային վեճերն ու ծեծկռտուքը սովորական երեւույթ էին Ղուբաթյանի ընտանիքում: Հայրը խմելու հետ սեր ուներ, հաճախ էին նրանց տնից բարձր ձայներ լսվում, հարբում էր ու կռիվ սարքում: Տիգրանին ճանաչողներն ասում են, որ նա լռակյաց էր, ոչ ոքի հետ չէր շփվում: Նրան հազվադեպ էին տեսնում դրսում: «Սա այսպես էլ լինելու էր: Կամ ինքն էր սպանելու, կամ տղան»,- ասաց հարեւաններից մեկը:

Ընտանիքն ապրում էր սոցիալական ծանր վիճակում: Հանգուցյալը չէր ճանաչում Տիգրանի հայրությունը, կնոջից բաժանված էր, չնայած ապրում էին նույն բնակարանում: Ասում են, որ բնակարանը կիսելու համար եւս հաճախ ընտանիքում վիճաբանություններ էին լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել