«Նոր ակունք» ընկերությունը արձագանքում է արմավիրցիների բողոքներին
Մեր թերթի հունվարի 26-ի համարում՝ «Առանց աշխատանքի եւ մշակույթի» հրապարակմամբ ներկայացրել էինք Արմավիրի մարզի Դալարիկ եւ Մյասնիկյան գյուղերի առօրյան: Զրուցել էինք թե գյուղացիների, թե գյուղապետերից մեկի հետ եւ գրել, որ «Նոր ակունք» կազմակերպության միջոցով Մյասնիկյանում լուծել են խմելաջրի հարցը, արտեզյան ջրի նոր խողովակ են անցկացրել, սակայն մյասնիկյանցիներից շատերն այդ ջրից չեն օգտվում, փոխարենը դույլով ջուր են գնում: Իսկ Դալարիկում նույնիսկ արտեզյան ջուր ունենալն է մարդկանց համար թանկ հաճույք, խմելու ջուրն օրումեջ Թալինից եկած ցիստեռն-մեքենաներն են տեղ հասցնում, մեկ դույլ խմելու ջուրն այստեղ արժե 50 դրամ, Դալարիկում վերջին տարիներին ջրագծեր են անցկացվել, մասնագետները եկել, պարտաճանաչորեն ջրաչափերը տեղադրել են, բայց ամսվա մեջ լավագույն դեպքում մի քանի անգամ՝ մեկ-երկու ժամով է արտեզյան ջուր հոսում, այն էլ, բնակիչների խոսքով՝ այնքան ժանգոտ ու աղոտ է, որ ընդամենը երկու օր մնալով տարաների մեջ, քայքայում ու փչացնում է դրանք: Ջրի հարցում սայլը տեղից չի շարժվում, գրել էինք մենք:
Հրապարակմանը արձագանքել է «Նոր ակունք» ընկերությունը: Ընկերության միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Ա. Թորոսյանը մեզ գրած նամակում տեղեկացնում է, որ վերջին տարիներին «Նոր ակունք» ջրամատակարար ընկերության ջանքերով նշված գյուղերում կառուցվել է ջրամատակարարման հսկա համակարգ. «արդյունքում Մյասնիկյան գյուղը վերջին մեկ տարվա ընթացքում ապահովված է խմելու ջրի՝ միջինը 15-ժամյա մատակարարմամբ»: Ըստ «Նոր ակունքի» միջազգային գլխավոր տնօրենի տեղակալի, Դալարիկում ջրամատակարարման համակարգը ունի առանձին բարդություններ՝ «կապված արտադրվող ջրի՝ հարեւան Բաղրամյան գյուղի պոմպակայանից 5,1 կմ ջրագծով մղելու խնդրի հետ: Նշված հատվածում կորուստները գերազանցում էին 60 տոկոսը, ինչը հնարավորություն չէր տալիս համայնքին կանոնավոր ջրամատակարարում ապահովել: 2010 թվականին թե այս հատվածում, թե գյուղի ներքին ցանցում ընկերության իրականացրած վթարային-վերականգնողական աշխատանքների արդյունքում այսօր համայնքի շուրջ 200 բաժանորդ ապահովված է մշտական ջրամատակարարմամբ: Նշված ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ինչը 2011-ին հնարավորություն կտա ողջ համայնքը ապահովել կայուն ջրամատակարարմամբ: Այնպես որ, սայլը վաղուց տեղից շարժվել է»:
Անդրադառնալով ջրի որակի վերաբերյալ գյուղացիների բողոքներին, «Նոր ակունքի» միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Ա. Թորոսյանը գրում է. «Ջրի որակի նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումը եւ վերջիններիս կողմից հաշվետու ժամանակահատվածում ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել: Դույլով ջուր գնելը ուղղակի կապված չէ ընկերության կողմից մատակարարվող ջրի որակի հետ: Նույն տրամաբանությամբ պետք է ենթադրեինք, որ ամբողջ հանրապետությունում ջրի որակը չի համապատասխանում նորմերին, քանզի հանրապետության բոլոր բնակավայրերում վաճառվում է շշալցված ջուր»: