Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետ, Հանրապետական կուսակցության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը կուսակցության շարքերը համալրած 51 պատանիների եւ աղջիկների հանձնել է կուսակցական տոմսեր: «Երիտասարդների՝ հանրապետության ղեկը ստանձնած կուսակցությանը կամավոր անդամակցելու պատճառն իրենց իսկ խոսքով մեկն է՝ ընդունում են կուսակցության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը, վստահում են հանրապետության նախագահին, մարզպետին ու կուսակցության տարածքային կազմակերպությանը, ուզում են իրենց ներդրումն ունենալ պետության կայացման գործում»,- հայտարարում է Սյունիքի մարզպետարանը:
Թե ինչպես կարող են դատարկվող գյուղերով եւ հոգսաշատ Սյունիքում ընդունել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ այլ հարց է: Առավել մտահոգիչ է այն, որ մարզպետարանը զբաղված է կուսակցության գովազդով: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը պարտավոր է մարզպետարանի, նրա առանձին ստորաբաժանումների եւ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակությանն իրազեկել: Հանրապետական կուսակցության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանի գործունեությունը լուսաբանելը մարզպետարանի գործը չէ, պետությունը դրա համար չէ, որ մարզպետարան է պահում: