«Զինապարտության մասին» օրենքը փոփ ոխության ենթարկվեց: Հատկապես մտահոգիչ է օրենքի այն կետը, համաձայն որի՝ 18 տարին լրացած բոլոր պատանիները անխտիր պիտի զորակոչվեն բանակ:
Այս կապակցությամբ ցանկանում եմ մտորումներս կիսել ընթերցողների հետ:
Կասկածից վեր է, որ 18 տարեկան բոլոր պատանիներին զորակոչելու մասին օրենքը կառաջացնի մինչեւ 15 տարեկան տղա երեխա ունեցող ընտանիքների ընտրողական արտագաղթ, ինչի արդյունքում արագորեն կկորցնենք ինչպես ապագա զինվոր տղաներին, այնպես էլ նրանց՝ պահեստի զինվոր կամ սպա հանդիսացող հայրերին: Արտագաղթը չի սպառնա անժառանգ կամ միայն աղջիկ երեխա ունեցող ընտանիքներին:
Դա կարճ ժամանակում կհանգեցնի հանրապետությունում կանանց թվաքանակի շեշտակի գերազանցմանը տղամարդկանց թվաքանակին, մի բան, որ այսօր արդեն սպառնալից է: Դրա հետեւանքով տեղի կունենա ամբողջ հասարակության ֆեմինիզացիա՝ իր վտանգավոր հետեւանքներով: Տղամարդկանց խիստ պակասը կհանգեցնի ամուսնությունների եւ ծնելիության նվազելուն, որն է՛լ ավելի տագնապալի կդարձնի ստեղծված ծանր ժողովրդագրական վիճակը: Ազգի վերարտադրման ցածր տեմպը կհանգեցնի բնակչության քանակական նվազմանը եւ բանակը մարտիկներով համալրելու անհնարինությանը:
Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ անել, երբ օր եցօր նվազում է զինվորական ծառայությունից ազատվելու համար երիտասարդներին տրված զանազան արտոնությունների ցանկը: Բայց չէ՞ որ դա էլ հետեւանք է «ոչ լավ կյանքի»: Բանակը նորանոր համալրում է պահանջում, իսկ տղաներ չկան ու չկան: Իմ կարծիքով, ստեղծված վիճակից դուրս գալու համար նախընտրելի է պարտադիր զինծառայությանը զուգահեռ՝ աստիճանաբար մեծացնել կամավոր, վարձատրվող, պրոֆեսիոնալ բանակի թվակազմը:
Զինծառայության կամավոր սկզբունքը կապահովի, որ ծառայության ներգրավվեն ռազմական գործը սիրող եւ հասկացող, հիմնականում հասուն տարիքի, ամուսնացած, կին եւ երեխաներ ունեցող տղամարդիկ: Ընտանիք ունենալու հանգամանքը զինվորին հոգեբանորեն պարտավորեցնում է ավելի նվիրված լինել սեփական ընտանիքի, գերդաստանի, գյուղի, քաղաքի, հայրենիքի պաշտպանության գործին: Ժառանգ ունենալու փաստը մարտիկի համար՝ նաեւ սերունդը շարունակելի տեսնելու հոգեբանություն է, որը նրան ավելի է ոգեւորում անգամ պատերազմական իրավիճակում:
Հիշում եմ, ղարաբաղյան պատերազմի թեժ օրերին ազատամարտիկների մի ջոկատի հրամանատար պատմում էր, որ իր զինվորները ամուսնացած ու երեխատեր կամավորներ են, քանի որ ինքը համոզված է, որ նման մարտիկները ավելի խիզախ են, կարգապահ ու նվիրված ռազմական գործին:
Բանակում ծառայելու կամավորության եւ վճարովի սկզբունքը հնարավորություն կտա զինվորական ծառայության անցնել նաեւ հազարավոր հայ կանանց ու աղջիկների, որոնք հեշտությամբ կփոխարինեն տղամարդկանց թիկունքում՝ մանկավարժական (ռազմական ուսումնական հաստատություններում), առողջապահական, կապի, խոհարարական, կենցաղսպասարկման, հետազոտական, վիճակագրական եւ շատ այլ ծառայություններում: Էլ չենք խոսում այն մասին, որ դա շատերին հնարավորություն կտա հենց բանակում գտնել ապագա ամուսնուն կամ կնոջը, դրանով իսկ հիմք դնելով զինվորական ընտանիքների ու գերդաստանների ստեղծմանը: Կամավոր բանակի գոյությունը կվերացնի հազար ու մի կեղծիքների (բժշկական փաստաթղթեր, ծնողների ամուսնալուծության կամ հաշմանդամության ձեւակերպում եւ այլն) միջոցով երիտասարդներին բանակից ազատելու, ինչպես նաեւ բանակից ազատվելու արտոնություններ սահմանելու եւ դրանց օրինականությունը հսկելու անհրաժեշտությունը:
Վարձատրվող բանակի գոյությունը հնարավորություն կտա պահել որակյալ պրոֆեսիոնալ զինվորներ, որոնք պայմանագրային սկզբունքով կարող են ծառայել 5-10 տարի եւ ավելի ժամկետով՝ այդ ընթացքում ձեռք բերելով հմտություններ ռազմական գործի տարբեր բնագավառներում: Նույնիսկ պարզ թվաբանությամբ կարելի է ապացուցել, որ վարձատրվող պրոֆեսիոնալ 1 մարտիկը պետության վրա ավելի էժան կնստի, քան գլուխ պահելով ծառայությունը մի կերպ անցկացնող 5 անփորձ պատանին:
Պայմանագրով աշխատող զինվորը գլուխ չի պահի, օրերով հոսպիտալում չի պառկի, հաճախակի արձակուրդներ չի վերցնի եւ այլն, քանի որ այդ դեպքում կդադարեցվի պայմանագիրը, կզրկվի աշխատանքից ու զորացրումից հետո սպասվող արտոնություններից (բուհ, բնակարան, կարիերա, թոշակ, ապահովագրություն եւ այլն):
Վարձատրվող զինվորը կարող է ծառայել իր բնակավայրի մոտակա զորամասում, որոշակի գրաֆիկով՝ շաբաթը 1-2 օր ընտանիքի գիրկը վերադառնալու պայմանով: Դա միանգամից կլուծի մի քանի կարեւոր խնդիր՝ ընտանիքի հետ կապը չկտրելու, հանգստանալու, լիարժեք սննդի որոշ բացը սեփական միջոցներով լրացնելու, երեխաների դաստիարակության, կնոջ հետ հանդիպման անհրաժեշտության, առողջության պահպանման, կենցաղային, հոգեբանական լիցքաթափման եւ այլն:
Վարձատրվող բանակ ունենալով կլուծենք 1000-ավոր նոր աշխատատեղերի ապահովման եւ գործազրկության անլուծելի թվացող խնդիրը: Բազմաթիվ, այդ թվում գյուղաբնակ երիտասարդ տղամարդիկ այլեւս չեն բռնի արտագնա աշխատանքի, պանդխտության ճանապարհը: Կթոթափվի բազմաթիվ, հատկապես գյուղաբնակ, ընտանիքների նյութական դժվարությունների բեռը:
Պրոֆեսիոնալ բանակը կհամալրվի ռազմական գործը իսկապես որպես մասնագիտություն ընտրած եւ այդ գործին ամբողջովին նվիրված երիտասարդներով: Չէ՞ որ լավ զինվոր լինելն էլ բնածին շնորհք է, ինչպես լավ մարզիկ, երաժիշտ, բժիշկ լինելը: Պատահական չէ, որ ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերին հարյուրավոր հայ պատանիներ եւ երիտասարդներ, թողնելով ուսումնարանն ու բուհը, արտադրամասն ու լաբորատորիան, կամավոր մեկնեցին պաշտպանելու հայրենի հողը, իսկ ոմանք էլ թաքնվեցին իրենց գիտական կոչումների հետեւում:
Թող զարմանալի չթվա, սակայն, այս խնդրում կարեւոր եմ համարում նաեւ 2003թ.-ին ՀՀ ՔՕ -ից երկկնությունն ու բազմակնությունը արգելող անմարդկային հոդվածը վերացնելու փաստը: Իսկ ինչը արգելված չէ, այն թույլատրված է: Բազմակնությունը եւ միայնակ մայրությունը խրախուսելով՝ տասնյակ հազարավոր չամուսնացած, բաժանված կամ այրիացած կանանց հնարավորություն կտրվի ընտանիք կազմելու եւ մանկածնության գործընթացի մեջ ներգրավվելու, ինչն էլ իր հերթին կնպաստի ծնունդների թվի կտրուկ ավելանալուն: Չէ՞ որ հայտնի ճշմարտություն է. «Քանակը որակ է ծնում, որակը՝ ուժ, ուժը՝ իրավունք»: