«Առավոտ» օրաթերթի 2010թ. հոկտեմբերի 26-ի համարում տպագրված «Գորիսում նվազագույն աշխատավարձը 20 հազար դրամ է» հոդվածում (այսուհետ՝ Հոդված), առկա են իրականությանը չհամապատասխանող եւ կեղծ տեղեկություններ: Մասնավորապես՝ «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները օգտվում են իրենց արձակուրդից առանց որեւէ հարկադրանքի, աշխատակիցներին արձակուրդ տրամադրվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան: Հարկադիր արձակուրդի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Հոդվածի այն հատվածը, որ «Տնօրենն ուտում է մեր աշխատավարձերը, որոնք գրոշներ են» ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաեւ վիրավորական է եւ անբարո: Աշխատակիցների աշխատավարձը, ինչպես նաեւ արձակուրդայինները վճարվում են համաձայն աշխատանքային պայմանագրերի եւ ՀՀ աշխատանքային օրենսդրության: Իրականությանը չի համապատասխանում նաեւ, որ աշխատակիցների աշխատավարձն ավելի ցածր է, քան օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը:
«Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը որեւէ աշխատակցից չի պահանջել որեւէ գումար կամ որեւէ կերպ չի խոչընդոտել աշխատակիցներին՝ Երեւանում անցկացվող ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին մասնակցությանը, կեղծ է նաեւ հոդվածում հրապարակված տեղեկությունը՝ տնօրենի կողմից վերապատրաստման համար գումար պահանջելու մասին: Այն, որ «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում երբեք անվճար բժշկական ծառայություն չի տրամադրվել, ճիշտ չէ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված տարիքի եւ պայմաններում գտնվող հիվանդների բուժօգնությունը անվճար է, որն էլ տրամադրվում է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում: Իրականությանը չի համապատասխանում նաեւ հոդվածում տեղ գտած «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բժշկական օգնության պայմաններին վերաբերող տեղեկությունները:
«Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի որեւէ աշխատակից երբեւէ չի պարտադրվել կատարել հավաքարարական աշխատանքներ, եթե դրանք չեն մտել տվյալ աշխատողի աշխատանքային գործառույթների մեջ: Իսկ յուրաքանչյուր աշխատողի կողմից (անկախ վերջինիս գործառույթից) աշխատանքային վայրը մաքուր պահելը բխում է աշխատանքային էթիկայի կանոններից:
Ընդհանուր առմամբ, հոդվածում տեղ գտած բոլոր տեղեկությունները, բացառությամբ վերջին պարագրաֆից, կեղծ են եւ իրականությանը չեն համապատասխանում: Մենք գտնում ենք, որ հոդվածում տեղ գտած տեղեկությունները արատավորում են «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի եւ վերջինիս տնօրենի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը»: