Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցիներն ավելի շատ են վարակվում

Փետրվար 23,2011 00:00

Ըստ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ԱՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գլոբալ հաշվետվության՝ ամբողջ աշխարհում արդեն սկսել է նվազել ՁԻԱՀ-ով վարակվածների եւ այդ հիվանդությունից մահացածների թիվը: ՄԻԱՎ վարակակիրների թիվն էլ աշխարհի բոլոր մասերում կայունանում է: Սակայն Արեւելյան Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան միակ տարածաշրջաններն են, որտեղ ՄԻԱՎ-ի վարակակիրների թիվը շարունակում է ավելանալ: 2000-ից սկսած, այս թիվը գրեթե եռապատկվել է՝ դառնալով 1,4 միլիոն: Սա խիստ մտահոգությունների տեղիք է տալիս, ուստի երեկ այս մասին «ԱՊՀ պետություններում ՁԻԱՀ-ի համաճարակի մշտադիտական գնահատում» թեմայով քննարկում էր հրավիրվել: Մասնակիցները՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից եւ Տաջիկստանից եկած մասնագետներ էին: Նրանք մեթոդներ էին առաջարկում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների կյանքն ավելի երկարացնելու ու բարվոք դարձնելու համար:

Մեր երկրում նույնպես ավելացել է այս հիվանդություններով վարակվածների թիվը: Այս առնչությամբ «Առավոտը» փորձեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի ղեկավար Արշակ Պապոյանից ճշտել դրա պատճառները: Ըստ Ա. Պապոյանի, դրան ավելի շատ նպաստել է ախտորոշման նկատմամբ ուշադրությունը. «Որեւէ արտաքին նշան չկա, որ մարդը վարակվել է ՄԻԱՎ-ով: Մարդիկ սկսում են բժշկի դիմել այն ժամանակ, երբ ընկալունակ են դառնում տարբեր միկրոբների նկատմամբ: Իսկ մինչ այդ կարող են 7-10 տարի վարակված լինել եւ չիմանալ այդ մասին»: Ըստ նրա՝ այս հիվանդություններով վարակվելու ռիսկային խմբում են թմրանյութեր օգտագործողները, կոմերցիոն ծառայություններ մատուցող կանայք, տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություններ են ունենում տղամարդկանց հետ: Մեր այն հարցին, թե մարզի բնակիչնե՞րն են ավելի շատ վարակվում, թե՞ մայրաքաղաքի, պարոն Պապոյանը պատասխանեց. «Առաջին տեղում Երեւանն է, հետո Շիրակի մարզը, Լոռին, Արմավիրը, Արարատը եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել