Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՊՍԻ ԿՈԼԱ»՝ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԵՆ

Փետրվար 23,2011 00:00

Դպրոցականները բուֆետում ուտում են այն, ինչ եկամուտ է բերում «Սահականույշ» ՍՊԸ-ին

\"\"
Բելինսկու անվան դպրոցի բուֆետը հարուստ է վտանգավոր սննդով:

\"\"
Թիվ 190 ավագ դպրոցում միայն բուլկի, խաչապուրի եւ գաթա են վաճառում:

Ինչպես խոստացել էինք, այս օրերին մենք պատահական այցելեցինք մայրաքաղաքի մի քանի դպրոցներ եւս՝ տեսնելու, թե բուֆետներում ինչ սնունդ են վաճառում երեխաներին, եւ դրանք որքանով են օգտակար մանուկների առողջությանը: Մոտ մեկ տասնյակ դպրոց մտնելով՝ ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ բուֆետները միայն բիզնես նպատակ են հետապնդում՝ երեխաների առողջության հաշվին, եւ եթե որեւէ դպրոցում աշակերտները չեն գնում գազավորված ըմպելիքներ, հին ու կասկածելի բաղադրությամբ կրեմներով թխվածքներ, քաղցկեղ առաջացնող այրված ձեթով պատրաստված կարկանդակներ, դա միայն տվյալ դպրոցի տնօրենի մեծ ու համառ ջանքերի շնորհիվ է: Մեր այցելած բոլոր դպրոցներում բուֆետները վարձակալել եւ բիզնես է անում «Սահականույշ» ՍՊԸ-ն: Իրավաբանորեն այսպես է. տնօրենը պայմանագիր է կնքում այդ գործի համար լիցենզավորված որեւէ ՍՊԸ-ի հետ, եւ եթե այդ ընկերությունը լավ չի սպասարկում, դժգոհություններ կան, տնօրենը կարող է լուծարել պայմանագիրը եւ օգտվել ավելի բարեխիղճ ընկերության ծառայություններից: Սակայն տնօրեններից մեկը, խնդրելով ձայնագրիչն անջատել՝ խոստովանեց, որ ոչինչ էլ իրենց ձեռքում չէ, իրենց հրամայել են, որ պետք է օգտվեն հենց «Սահականույշ» ՍՊԸ-ից եւ իրենք, ըստ էության, ընտրության հնարավորություն չունեն:

Բուլկի, խաչապուրի, կորժիկ ու հոթ-դոգ. սա այն ամենն է, ինչ վաճառվում է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի բուֆետում: Երեխաները, ճիշտ է, մեծ ընտրություն չունեն, բայց գոնե առողջության համար վնասակար սնունդ էլ չեն գնում: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը պատմեց, որ շատ մեծ տանջանքների ու կռիվների գնով է հասել դրան: Նրա խոսքերով՝ «Եթե բուֆետը վերահսկվեր դպրոցի կողմից եւ սննդի վաճառքը կազմակերպեր դպրոցը, ապա մենք էլ պետք է պատասխանատու լինեինք, բայց այսօր մեր դպրոցում սպասարկում է «Սահականույշ» ՍՊԸ-ն, իսկ մենք ընդամենը տեսնում ենք, թե ինչ են վաճառում: Նախկինում մեր դպրոցն ինքն էր այդ աշխատանքը կատարում, մենք ունենում էինք կաթ-կաթնամթերք, այսինքն այն, ինչն իրոք անհրաժեշտ էր երեխաներին, հենց այդ կաթն էր պետք երեխաներին, ոչ թե իրենց «Պեպսի կոլան», ու լիմոնադները, գազավորված ըմպելիքները: Պարզ է, երեխաները սիրում են եւ կարող են ոչ մի բան չուտել, միայն «կոլա» խմել: Եթե մասնագետները մշակեն մի սննդացուցակ ու տան մեզ, մենք կհետեւենք, որ միայն այդ ցուցակից սնունդ մատակարարվի երեխաներին, մենք ինքներս էլ կվաճառենք, թող մեզ վերահսկեն, իսկ այսպես ինչ-որ ՍՊԸ-ի մենք չենք կարող շատ բան պարտադրել»: Երբ հիշեցրինք տիկին Ազիզյանին, թե ինչ էր կատարվում նախկինում դպրոցներում, որ շատ տնօրեններ իրենց ընտանեկան բիզնեսն էին ծավալում դպրոցում՝ երեխաների առողջության հաշվին, վերջինս պատասխանեց. «Չեմ կարծում, որ տնօրենը կարող է բիզնես անել, մենք բոլորս էլ երեխա ունենք, առաջին հերթին ուսումնական որակից առաջ պետք է հոգ տանենք երեխաների առողջության մասին: Երբ 10 տարի առաջ եկա, առաջին հերթին դպրոցում ջեռուցման հարցը լուծեցի, որովհետեւ երեխաները սառած ոտքերով ու ձեռքերով ընդամենը իրենց ներկայությունն էին ապահովում, մրսում ու հիվանդանում: Թող երեխան շատ լավ չսովորի, բայց առողջ լինի»:

Թիվ 190 ավագ դպրոցի աշակերտները նույնպես բուֆետում միայն բուլկի, խաչապուրի եւ գաթա են ուտում: «Լինում են նաեւ տուփերով թխվածքաբլիթներ: Մենք հետեւում ենք, որ դրանք անպայման լինեն ժամկետի մեջ, ստուգում ենք, որ պիտակները համապատասխանեն ժամկետին, պատվիրում ենք այն քանակով, որ օրվա վերջում այլեւս ոչինչ չի մնում, որ հնանա,- ասաց դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը:- Գազավորված ըմպելիքներ ես թույլ չեմ տալիս այստեղ վաճառել, որովհետեւ ինքս չեմ սիրում, գտնում եմ, որ առողջության համար վտանգավոր է, ընտանիքիս անդամներին էլ թույլ չեմ տալիս որեւէ գազավորված ըմպելիք օգտագործել, ասում եմ՝ լցրեք այն թարմ մսի վրա, կտեսնեք, որ սպիտակում է, դա նշանակում է, որ այն քայքայող հատկություն ունի, ուստի դպրոցում էլ արգելում եմ դրանց վաճառքը»: Որոշ դպրոցներում մեր ստուգայցի ժամանակ տնօրեններն արդարանում էին, որ բուֆետներն իրենք վարձակալությամբ են տվել եւ որեւէ վերահսկողական մեխանիզմ չունեն դրանք շահագործող ՍՊԸ-ների նկատմամբ: Մեր հարցին՝ բա ինչպե՞ս է ձեզ հաջողվել վերահսկել ու թույլ չտալ, որ նույն «Սահականույշ» ընկերությունը ձեր դպրոց վնասակար սնունդ չմատակարարի, տիկին Զատիկյանն ասաց. «Հետո՞ ինչ, որ վարձակալությամբ ենք տվել, մենք ենք վերահսկողությունն իրականացնում եւ թույլ չենք տա, որ այդ վարձակալված տարածքում նրանք ինքնագործունեությամբ զբաղվեն, տվել ենք՝ կարող է շատ բան բերեն վաճառեն, օրինակ՝ միս բերեն վաճառքի, մենք պիտի թույլ տա՞նք: Նույնիսկ մենք կրեմով թխվածք թույլ չենք տալիս բերել, որովհետեւ չգիտենք, թե ինչ կրեմ կլինի, այն հնանում է, իսկ, ասենք, բուլկին ու խաչապուրին հաց է, խմոր է եւ վտանգ չի պարունակում: Մենք ենք ընկերության հետ պայմանագիր կնքել, երբ պայմանագրի ժամկետը լրանա, մենք ծնողներից, աշակերտներից հարցումներ կանենք, կտեսնենք, եթե իրենց դո՞ւր է գալիս այդ կազմակերպության հետ աշխատել՝ նոր պայմանագիր կկնքենք, իսկ եթե դժգոհություններ լինեն՝ կաշխատենք ուրիշ կազմակերպության հետ, մանավանդ որ՝ դա թույլատրվում է, մենք իրավունք ունենք ընտրել, թե որ կազմակերպության հետ ենք ուզում աշխատել»:

Բելինսկու անվան թիվ 38 դպրոց-վարժարանի տնօրեն Ավետիք Վանեսքեհյանը ինքն էլ գազավորված ըմպելիքի սիրահար է, նա երբեւէ չի լսել, որ դա վնասակար է, ուստի գտնում է, որ «Սահականույշ» ՍՊԸ-ի մեղքն այն է, որ բերում է ընդամենը մեկ-երկու ընկերության գազավորված հյութեր, կարող էր ավելի լայն տեսականի բերել, որ աշակերտները սրտի ուզած լիմոնադը գնեին: Նա դեմ է այն էժանագին երշիկներին, որ վաճառում են իրենց բուֆետում: Ինչպես ճշտեցինք այս դպրոցի բուֆետապանից, երեխաներին տալիս են սառեցված հավի նրբերշիկներով պատրաստված հոթ-դոգեր, այն նրբերշիկներով, որն ամենաէժանագիններից են մեր շուկայում: Ի տարբերություն դպրոցի տնօրենի, աշակերտները քիչ են սիրում եւ այնքան էլ չեն գնում գազավորված ըմպելիքներ: Բուֆետապանի խոսքերով՝ «չի սպառվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել