Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի կամքով գիշատիչները

Փետրվար 23,2011 00:00

Երեկ կայացած ասուլիսում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կանխատեսել է, որ Հայաստանում սննդամթերքի գները կշարունակեն բարձրանալ: «Զուտ այն առումով, եթե միջազգային շուկայում մի երկու-երեք անգամ էլ այսպիսի իրավիճակ լինի, երբ նավթի գները եւ այլ ապրանքների գները բարձրանան, սննդամթերքի գինը Հայաստանում դարձյալ կբարձրանա։ Պարենային ապրանքների գների աննախադեպ աճը մտահոգող է, որը կարող է պարենային ճգնաժամի հանգեցնել»,- ըստ tert.am-ի, ասել է Այվազյանը: Իսկ շաքարավազի շուկայի զարգացումներին անդրադառնալով, նա նշել է, որ թեեւ Հայաստանում գործում է շաքարի գործարան, սակայն հումքը ներկրվում է: «Միջազգային շուկայում գնաճ է, իսկ բիզնեսի գերխնդիրը շահույթի ստացումն է: Գիտե՞ք, որ Վրաստանում շատ շուտվանից է բարձրացվել շաքարի գինը»:

Այդ նույն ասուլիսում շաքարավազի գներին, ըստ news.am-ի, անդրադարձել է նաեւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը, որն ասել է, թե շաքարավազը Հայաստանում պետք է թանկանար դեռեւս 2010թ.-ին սակայն դա տեղի չունեցավ ներկրողների «բարի կամքի» շնորհիվ: Նրա տեղեկացմամբ՝ ներմուծված շաքարավազի 1 կգ-ի ինվոյսային գինը հասել էր 240 դրամի։ Հաշվի առնելով մաքսազերծման արժեքն ու մյուս ծախսերը՝ շաքարավազը շուկայում պետք է վաճառվեր 340 դրամով, սակայն վաճառվել է 305-ով։ «Դա գուցեեւ բարի կամքի դրսեւորում էր, բայց այդ ռեժիմը երկար շարունակվել չէր կարող»,- ասաց Գ. Մակարյանը։ Նրա համոզմամբ՝ եթե շաքարավազը միջազգային շուկայում կրկին թանկանա, ապա Հայաստանում նույնպես թանկացումը անխուսափելի կլինի:

Իր հերթին «Ա1+»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Գագիկ Մակարյանին խորհուրդ է տվել նախքան հայտարարությունները ծանոթանալ վիճակագրական տվյալներին: «Պարոն Մակարյանը մոռանում է, որ իր նշած ժամանակահատվածում Հայաստանում 1 կգ. շաքարավազը մաքսազերծվել է 31 ցենտով: Այդ պայմաններում՝ շաքար ներկողը ոչ թե բարեհաճ վերաբերմունք է ցուցաբերել մեր նկատմամբ, այլեւ մեր գրպանից փողեր է հանել: 31 ցենտով ներկրելու դեպքում, շաքարավազի գինը, եթե 305 դրամ է եղել, ապա գերշահույթ են ստացել եւ այստեղ «բարի կամքի» մասին խոսք լինել չի կարող»: Վահագն Խաչատրյանը հարկ համարեց հիշեցնել, որ բիզնեսը երբեք «բարի կամք» չի դրսեւորում, առավել եւս Հայաստանում. «ՀՀ-ի պայմաններում մեր բիզնեսմեն կոչեցյալները գիշատիչ կենդանիներ են, որոնց ուղեղները միայն մեկ ուղղությամբ է աշխատում՝ մարդկանց գրպանները մտնել եւ շատ փող տանելը»:

Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում շաքարավազի շուկայի 99 տոկոսը վերահսկում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, պարոն Խաչատրյանն ասաց. «Գագիկ Մակարյանն ավելի լավ կանի խոսի Հայաստանի տնտեսության օլիգարխիկ մոնոպոլ վիճակի մասին: Այդ «բարի կամքը» դրսեւորել են ոչ թե մեր՝ քաղաքացիներիս նկատմամբ, այլեւ՝ ներկրողների նկատմամբ: Կոնկրետ տվյալ դեպքում՝ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ: Եթե շաքարավազի ներկրողը լիներ պարոն Մակարյանը, եւ նա չունենար իշխանությունների հովանավորությունը, ապա նրա համար շաքարը կմաքսազերծեին ոչ թե 31 ցենտով, այլ՝ 131 ցենտով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել