Հայ գործարարները դժգոհ են արտահանումը խթանելու կառավարության քաղաքականությունից
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի եւ արդյունաբերողների երեկվա համատեղ նիստում գործարարները բավականին ակտիվ էին: Մեկը մյուսին հերթ չէին տալիս նախարար Տիգրան Դավթյանին իրենց դժգհությունները ներկայացնելու համար: «Մենք այլ երկրների արտահանողների հետ անհավասար պայմաններում ենք: Մեր տրանսպորտային ծախսերն ավելին են, քան նորմալ պայմաններում պահանջվում է: Մեր հարցերը պետք է պարզենք վրացիների հետ՝ մեր տարիֆները պետք է իջեցնեն, որ կարողանանք մրցունակ լինել գոնե տարածաշրջանի այլ երկրների հետ: Առաջարկում եմ՝ արտահանվող ապրանքատեսակների համար հատուկ պայմաններ ստեղծել, գնահատենք ու հաշվարկենք, թե արտահանման ծավալների ծախսերն ինչքան են կազմում ապրանքի ինքնարժեքի համեմատությամբ: Եկեք առանձնացնենք տրանսպորտային ծախսերը արտահանվող ապրանքի ինքնարժեքից: Գուցե իրականում մրցունակ չե՞նք նոր տեխնոլոգիաները չունենալու պատճառով կամ աշխատանքի կառավարման հարցում խնդիրներ ունենք»,- ասում էր «Մաքուր երկաթ» ընկերության ներկայացուցիչ Նորայր Խաչատրյանը՝ պնդելով, որ արտահանվող ապրանքի հումքն էլ են բարձր տարիֆներով ներկրում: Ի պատասխան՝ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նկատեց, թե այսօր Վրաստանի հետ տարիֆի խնդիր չունենք, տարիֆի խնդիրը մեր երկրում է. «Հարավկովկասյան երկաթգծի տարիֆը մեր հատվածում ավելի թանկ է, քան Վրաստանի հատվածում: Դուք ասում եք վրացիների հետ մեր խնդիրը լուծենք, բայց մենք նրանց հետ խնդիր չունենք, խնդիր ունենք մեր սահմանափակվածության հետ»:
Վարկերը խեղդում են
Ավանի աղի կոմբինատի նախկին տնօրեն Արեգ Ղուկասյանն էլ նկատեց, որ Հայաստանից արտահանվում են հիմնականում էժան ապրանքներ, իսկ ճանապարհածախսը էժան ապրանքը շատ է թանկացնում ու արտասահմանյան շուկայում հայկական ապրանքը դարձնում անմրցունակ. «Հայաստան առաքվող կամ արտահանվող 1 տոննա բեռի համար ստիպված ենք լրացուցիչ $350 ծախսել: Էլ ի՞նչ մրցունակության մասին է խոսքը»: Գործարարների առաջարկին, թե տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար կառավարությունը շահութահարկի արտոնություն տրամադրի արտահանողներին, գործարարների միության նախագահը պատասխանեց. «Կդառնանք «պրիզովի» երկիր: Հարկատուների ցուցակը հլը նայեք, խոշոր ընկերություններից ո՞ր մեկն է նորմալ շահութահարկ վճարում»: Գործարար Ա. Ղուկասյանն էլ առաջարկեց բարձրացնել մաքսատուրքերը՝ հիշեցնելով, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը թույլատրում է ներմուծվող ապրանքների համար մինչեւ 15% մաքսատուրք սահմանել (Հայաստանում ներկայումս կիրառվում է 10% մաքսատուրք). «Ո՞ր ապրանքի համար ենք այդքան մաքսատուրք դրել, բացարձակապես ոչ մեկի: Ինչի՞ց ենք վախենում»: Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ ընդհատեց՝ դիմելով Նորայր Խաչատրյանին. «Այս երկրում, ի տարբերություն մեզ, միջին բիզնեսը փող չունի, որ վերազինվի, բանկերի տոկոսներով էլ չեն կարողանում ոչինչ անել: Մենք պետք է դիմենք մեր վարչապետին, որ չվախենա պետական երաշխիքով գումար վերցնի, գոնե ծրագրերը ֆինանսավորի, որ արդյունաբերական վարկերը 7-8%-ից բարձր չլինեն»: Արեգ Ղուկասյանն էլ հավելեց, թե դրամավարկային քաղաքականությունը պետք է վերանայվի. «Քանի դեռ մեր երկրում բանկերը 20%-ով են վարկ տալիս, ո՞վ կարող է վերազինվել: Քանի դեռ բանկը վերցնում է 11-12% դեպոզիտ»: Գործարարի խոսքը բերանում թողեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը. «Միանգամից շաքարով խոսքդ կտրեմ: Կառավարությունը անցած տարի ստեղծեց ունիվերսալ վարկային կազմակերպություն, որին պետբյուջեից հատկացվեց 6 միլիարդ դրամի ռեսուրս, որը առաջիկայում պետք է փորձենք տեղաբաշխել, դրա դրույքաչափերն ու պայմանները ավելի դյուրին են՝ 10%-ի շրջանակներում: Համաձայն եմ, որ տոկոսադրույքները բարձր են, բայց հո առաջվանից էլ ցածր են: Իդեալականից հեռու է իրավիճակը, բայց շարժ կա, ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտում է նկատելի: Սա, իհարկե, նաեւ տնտեսության աշխուժացման միտումներով է պայմանավորված եւ վարկային ռեսուրսների ներգրավմամբ»:
Երկաթուղին համը հանում է
Գործարարների միության նախագահն էլ հիշեցրեց, որ առաջիկայում Վանաձոր-Ֆիալետովո նոր երկաթգծի կառուցմամբ կնվազի ե՛ւ ճանապարհը ե՛ւ ծախսերը: երկաթգծի մասին լսելիս, գործարար Արեգ Ղուկասյանը բարկացավ ու առիթն օգտագործելով մի լավ դժգոհեց Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունից, մատուցած ծառայություններից. «Մեր երկաթուղու աշխատանքն ինչպես ռուսներն են ասում «օստովլյայետ ժելատ՛ լուչշեգօ»: Մի հատ համեմատեք ռուսական ու հայկական երկաթուղու աշխատանքը: Մեզ մոտ 17-րդ դարի տեխնոլոգիաներով են աշխատում: Ֆաքսի ապարատ ու հասարակ համակարգիչ չունեն: Հասնում ենք կայարան, ասում են՝ էս ինչ աղջիկը տեղում չէ, էս տեղակալը ուշ կգա՝ ժամերով հերթ ենք կանգնում, այն դեպքում, երբ մենք փողերը նախապես փոխանցել ենք, ու իրենք ֆաքս ունենալու դեպքում կարող էին անհրաժեշտ փաստաթղթերը, պատվերները ուղարկել տվյալ կայարան, այլ ոչ թե մեր ձեռքը տային, որ մենք տանենք ժամերով հերթ կանգնենք մինչեւ գործը գլուխ բերենք»: Նախարարն էլ նկատեց, որ Շեւքեթ Շայդուլինին էլ էր պետք այդ քննարկմանը հրավիրել: Արսեն Ղազարյանն էլ տեղեկացրեց, որ պարոն Շայդուլինը ինչ-ինչ պատճառներով մերժել է քննարկմանը մասնակցելու հրավերը: Գործարարների մեծամասնությունը դժգոհում էր նաեւ կառավարության ներդրումները խթանելու քաղաքականությունից: Բողոքները հիմնականում վերաբերում էին ներդրումային ապրանքները ներմուծելու դեպքում ավելացված արժեքի հարկի տարկետմանը: Գործարարները պնդում էին, որ 300 միլիոն դրամի շեմը թույլ չի տալիս այդ արտոնությունից օգտվել հատկապես փոքր ու միջին բիզնեսին: Գործարար Արեգ Ղուկասյանի խոսքով՝ «հաճախ հոսքագծերը ներկրում են մի քանի կոնտենյերներով, բայց մաքսային մարմինները դրանք յուրաքանչյուրն առանձին-առանձին են մաքսազերծում: Այսպիսի արտոնությունը որեւէ կերպ չի խթանում ներդրումային քաղաքականությունը»:
Բա էն պանիրն ինչի՞ թանկացավ
Քննարկմանը միացավ նաեւ «Բիոկաթ» ընկերության հիմնադիր Գարիկ Սարուխանյանը՝ նշելով, որ տրանսպորտից ու բարձր մաքսատուրքերից ավելի ծանր հարցեր կան քննարկելու. «Տնտեսության զարգացման համար բերովի՞, թե՞ տեղական հումքով արտադրված ապրանքն է կարեւոր, բնականաբար կասեք՝ տեղական: Իսկ տեղական հումքով արտադրությունը խթանելու համար ի՞նչ է արվում՝ բացարձակ ոչինչ: Երբ պանիրը 200 դրամով թանկացրին, մեզ՝ եղած-չեղածով հանեցին «տռաս»: Սննդամթերքի 70%-ը ստանդարտին չի համապատասխանում, գյուղնախարարությանը հանձնել եք սննդի վերահսկողության տեսչությունը, թե դա ինչո՞վ է զբաղվում, ոչ ոք չգիտի: Մարդիկ պանիրն ուտելուց հետո տարբեր հիվանդություններով ման են գալիս, որովհետեւ բրուցիլոզով հիվանդ կովի պանիր եք ուտում: էդ չեն ուտում ու մի րոպե հետո գրիպ ընկնում, հիվանդությունն ի հայտ է գալիս 10 տարի հետո: Բայց ոչ ոք այսօր չի ստուգում էդ պանիրը, որ ինչ-որ մի բան բացահայտի»: Պարոն Սարուխանյանի խոսքով Հայաստանում արտադրված կաթը բնակչությանը բավարարում է 1-1,5 ամիս, հետեւաբար կաթի 70%-ը փոշի է. «Պանիրը ինչո՞ւ թանկացավ: Ամաչում եմ, որ այս բնագավառի աշխատակից եմ, բայց մեր կոլեգաներից ոչ մեկը չկարողացավ երկրի նախագահի հարցին պատասխանել, թե ինչո՞ւ պանիրը թանկացավ: Հիմա ասեմ. կաթից ստացվում է չորս մթերք՝ կաթի փոշի, պանիր, կաթնամթերք, պաղպաղակ: Էժան փոշին, որ ներկրում ենք, դառնում է կաթնամթերք ու պաղպաղակ, իսկ տեղական կաթը դառնում էր պանիր ու 1000 դրամով ման էր գալիս շուկայում: Իսկ հիմա, որ փոշին թանկացավ, եղած կաթը դարձավ փոշի՝ ապահովելու կաթնամթերքը: Պանրի համար չբավարարեց: Մինչդեռ տարեկան 20000 տոննա պանիր ենք սպառում: 1կգ պանիրն էլ ստանում ենք 8-10 լիտր կաթից: Էլ ի՞նչ եք հավաքվել ու արտահանումից խոսում, ի՞նչ արտահանենք, եթե ներքին շուկայում չենք կարողանում անհրաժեշտ քանակությամբ պանիր ապահովել»: Գործարարն առաջարկեց մեկ կրակոցով երկու նապաստակ խփել. «Կառավարությունը պետք է արտահանողից պահանջի՝ եթե տեղական շուկայում ծախել ես 50 տոննա պանիր, 50 տոննա էլ պետք է արտահանես: Քվոտավորում դրեք, ինչպես մյուս պետություններում է, եթե չեք կարողանում ժողովրդին պանրով ապահովել, ո՞նց ես արտահանում: 100 կգ տեղում են ծախում, 100 տոննա՝ արտահանում»: Պարոն Սարուխանյանին զարմացրել է այն, որ Հայաստանում զարմանում են, թե լոլիկի գինը մեր ու եվրոպական շուկայում նույնն է՝ 1կգ՝ 2,80 եվրո. «Էդ տգետ տնտեսագետները մոռացել էին, որ մեր լոլիկը Եվրոպայում պետք է արժենա 6 եվրո: Եվրոպացին մի բաժակ կոֆեն պատվով ներկայացնում է, մենք մեր գյոզալ սեղանը գցել ենք ու մի կոֆեի պես չենք կարողանում ներկայացնել»: Նախարարն էլ, նկատելով, որ գործարարների կրքերը թեժանում են, լրագրողներին սրահից դուրս հրավիրեց: