Թվայնացման գործընթացը ձգձգվում է
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում 2008 թվականի սեպտեմբերի 10-ին արված փոփոխությամբ սահմանվում էր. «Մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում: Այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը»: Դեկտեմբերի 26-ին արվեց մեկ այլ փոփոխություն, որով վերոհիշյալ դրույթում «հեռուստաընկերությունները» բառը փոխարինվեց «հեռուստառադիոընկերությունները» բառով: Իսկ օրենքի նոր խմբագրությամբ, որն ընդունվեց 2010 թվականի հունիսի 10-ին՝ անցումային դրույթներով ժամկետն ավելի երկարացվեց. «Այն ռադիոընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 20-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը»:
Ավելի ստույգ՝ ե՞րբ են մտադիր հայտարարել ռադիոհեռարձակման արտոնագրման մրցույթները՝ մեր այս հարցին ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Ռադիոհեռարձակողների համար մրցույթներն առկախումը մինչեւ 2013 թվականը պայմանավորված է տեխնիկական ոլորտում հեռարձակման իրականացման մի շարք առանձնահատկություններով: Խնդիրը հետեւյալն է՝ թվայնացման գործընթացի սկզբում նախապես մշակվել եւ որպես նախնական հիմք ընդունվել էին թվային հեռարձակման համար DVB-T (Digital Video Broadcasting—Terrestrial) հեռուստատեսային հեռարձակման համար եւ DAB (Digital Audio Broadcasting) ռադիոհեռարձակման համար տեխնիկական ստանդարտները: Սրանք ավելին են, քան մաթեմատիկական կամ տեխնիկական ապահովումը՝ սրանք միջավայրային, համալիր խնդիրներ են: Ցավոք, կիրարկման փուլում ռադիոհեռարձակման թվայնացման ոլորտում ի հայտ եկան բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք մի շարք երկրներում, որոնք արդեն սկսել էին ռադիոհեռարձակման թվայնացման գործընթացը եւ կատարել ներդրումներ՝ հանգեցրին անակնկալների: Հընթացս ստիպված եղան իրականացնել լրացուցիչ հետազոտական նոր աշխատանքներ կամ անցում կատարել ռադիոհեռարձակման այլ համակարգերի: Այս կապակցությամբ, քանի որ Հայաստանն ավելի ուշ փուլում էր սկսել թվայնացման գործընթացը, քան աշխարհի այլ երկրներ՝ մենք ուղղակի հնարավորություն ունեցանք օգտվել այլոց սխալներից: Եվ այն անակնկալները, որոնք ուրիշների համար ի հայտ էին գալիս՝ մեր համար եղան ուղղակի արգելող հանգամանք՝ շտապողականություն չցուցաբերել եւ առկախել թվայնացման գործընթացը՝ մինչեւ ավելի հստակ կլինի դրա տեխնիկական կատարումը»: