Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-4

Փետրվար 23,2011 00:00

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մի ծրագիրն ուզում է, որ մամուլն առաջնորդվի «այնպես, ինչպես կա» նշանաբանով ու ներկայացնի մեզանում տեղի ունեցող իրադարձություններն այնպես, ինչպես կան: Բայց արդյոք այդ կե՞րպ է վարվում այդ հեռուստաընկերությունը:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մրցութային առաջարկում կամ, ինչպես իրենք են այն անվանել՝ «Եթերային հեռարձակման բիզնես ծրագրում» նշված է. «Հեռուստաընկերությունը հպարտորեն տարբերվում է մյուս ընկերություններից իր եթերում հայրենական արտադրության հեռուստահաղորդումների զգալի ծավալով: Այսօր մեր հեռուստահաղորդումների 90%-ը հայրենական արտադրության է, որի 80%-ը մեր սեփական արտադրության է»: Նշենք, որ մինչ այժմ մեր ուսումնասիրած բոլոր մրցութային առաջարկներում, թղթի վրա արձանագրվածի համաձայն, ոչ մի հեռուստաընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը 90%-ից պակաս չէ:

«Հեռուստաընկերության ձայնային կրկնօրինակման ստուդիայի աշխատանքների սկսելուն պես, նախընտրում ենք ավելացնել հայրենական եւ սեփական հեռուստահաղորդումների ծավալը»,- խոստացել է «Երկիր Մեդիան»: Սա էլ մի առանձին անդրադարձի առարկա է: 2000 թվականին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2005 թվականն էր թույլատրվում օտար լեզվով հեռարձակել գեղարվեստական ու մուլտիպլիկացիոն կինոնկարներ: Դրանից հետո մեր եթերում, ինչպես աշխարհի բոլոր հեռուստաընկերություններում է՝ պետք է հնչեր միայն մայրենի լեզուն: Սակայն բացառությամբ Հ1-ի՝ անխտիր բոլոր հեռուստաընկերությունները խախտել են օրենքի այդ պահանջը: Եվ ահա 2010 թվականի վերջին մի հեռուստաընկերություն դեռ նոր է խոստանում սկսել ձայնային կրկնօրինակման ստուդիայի աշխատանքները: Իսկ շատերն ընդհանրապես են լռել այդ մասին:

«Երկիր Մեդիան» ժամանցային հեռուստաընկերություն չէ, որ իր եթերը հեղեղում է ցածրարժեք «օճառի պղպջակներով»,- դարձյալ հպարտորեն է արձանագրված այս տարբերությունը մրցութային առաջարկում: Թեեւ ավելի ուշ հիշատակված է, որ իրենց ալիքն էլ է սերիալ ցուցադրել՝ «Ջու Մոնգ»-ը, սակայն այն անվանված է «եթերում ցուցադրված ամենաբարձրաճաշակ հեռուստասերիալ, որին ոչ մի կերպ չի կարելի «օճառի պղպջակ կոչել»:

Սակայն անդրադառնանք այս ընկերության գլխավոր տարբերությանը մյուս հեռուստաալիքներից. «Երկիր Մեդիայի քաղաքականությունը (աուդիո-վիզուալ մոդելը) շարունակելու է հավատարիմ մնալ Միացյալ Ազգերի կազմակերպության 1946 թվականին ընդունված 59(I) բանաձեւին, համաձայն որի «տեղեկատվության ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է»: Ըստ այդմ, մեր քաղաքականությունն ուղղված է լինելու քաղաքական տեսակետների բազմազանության եւ լրատվության բազմակարծության խթանմանը, ինչը կնպաստի որակապես նոր եւ տարբերակված հաղորդումների հեռարձակմանը»: Մրցութային առաջարկում շատ մեծ տեղ է հատկացված այս առանձնահատկությանը: Մասնավորապես նշված է. «Իրենց ծրագրերով, իրենց գնահատականներով մեր եթերում են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտը ներկայացնող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Սա միայն մեր գնահատականը չէ: Զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը մոնիտորինգի տակ պահող բազմաթիվ տեղական եւ արտասահմանյան կազմակերպություններ պարբերաբար իրենց զեկույցներում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը որակել են որպես բազմակարծությունը մեր երկրում կարեւորող հեռուստաընկերություն, հեռուստաընկերություն, որը խտրական վերաբերմունք չի ցուցաբերում որեւէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի նկատմամբ»: Որքան էլ ճշմարտացի է այս դիտարկումը՝ այնուամենայնիվ, այս կապակցությամբ կան նաեւ այլ գնահատականներ. ասենք՝ հիշեցումներ, որ «Երկիր Մեդիան» էլ է նույն կերպ հրաժարվում ՀԱԿ-ի հանրահավաքների մասին գովազդային հայտարարությունները (վճարովի հիմունքներով) տարածելուց, ինչպես եւ մնացածները: Իսկ օրերս էլ «Լրագիր» կայքէջն էր դիտարկումներ ներկայացրել, թե փետրվարի 18-ին «Երկիր Մեդիայի» «Երկիրն Այսօր» լրատվական ծրագիրն ինչպես ներկայացրեց ՀԱԿ-ի հանրահավաքը՝ ցուցադրվել էին գերազանցապես կադրեր, որտեղ ընդամենը կամ պաստառներ էին խոշոր պլանով, կամ խոշոր պլանով մարդկանց դեմքեր, կամ էլ միջին պլանով մարդկանց փոքր խմբեր. «Երբ Կոնգրեսի հանրահավաքն այդպես է լուսաբանում որեւէ այլ հեռուստաընկերություն, ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Մնացյալները պատկանում են իշխանությանը, այս կամ այն օլիգարխին, գտնվում են Բաղրամյան 26-ի հսկողության ներքո, եւ բնական է, որ հանրահավաքին ցույց են տալիս աչքեր, հոնքեր, քիթ, ականջ, բայց երբեք ոչ բազմություն: Սակայն երբ համանման կերպ է հանրահավաքը լուսաբանում անկախ հեռուստաընկերության համարում ունեցող «Երկիր Մեդիան», դա առնվազն տարօրինակ է»:

Ասվածին ի հավելումն՝ մեջբերենք «Երկիր Մեդիայի» մրցութային առաջարկից հետեւյալը. «Խմբագիր» հաղորդաշարն անկեղծորեն ուզում է, որ մեր մամուլն առաջնորդվի «այնպես, ինչպես կա» նշանաբանով եւ ներկայացնի մեզանում տեղի ունեցող իրադարձություններն այնպես, ինչպես կան: Բայց արդյոք այդ կե՞րպ է վարվում մեր մամուլը»: Փոխադարձաբար՝ տպագիր մամուլի ներկայացուցիչներս էլ անկեղծորեն կցանկանայինք, որ մեր հեռուստաընկերություները տեղի ունեցողը ներկայացնեին այնպես, ինչպես կան: Եվ հաստատ նրանք այդպես չեն վարվում՝ այս առումով գրեթե չկան բացառություններ:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության դիրքը Հայաստանի հեռուստաշուկայում» ենթաբաժնից դատելով՝ այս ալիքն իրեն բացառություն է համարում առնվազն հետեւյալ առումով. «Գաղտնիք չէ, որ ներկայումս հայ հասարակությունը տուրք է տալիս զվարճանքին ու «թեթեւ» հաղորդումներին»: Սակայն հիշեցվում է, թե «տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց պետք է զարգանա նաեւ մարդը՝ հեռուստադիտողը, եւ ոչ թե դեգրադացիայի ենթարկվի: Պետք է անընդհատ ստանա թարմ, ստուգված հետաքրքիր տեղեկատվություն, եւ ոչ թե ամեն օր նույնը, նույն կերպարներով ու հումորով հագեցած հաղորդումներ ու ֆիլմեր դիտելու արժանանա: Այս բոլոր հակասությունները թվարկում ենք, որպեսզի ցույց տանք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության դերը հայկական հեռուստաշուկայում: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը գիտակցաբար ստանձնել է հայկական հեռուստաեթերում իր բնույթով միակը լինելու դերը: Այն միակն է իր հայեցակետով, քննարկվող թեմաների ընտրությամբ եւ դրանք մատուցելու կերպով: Ինչու գիտակցաբար: Որովհետեւ հեռուստաընկերության աշխատանքային թիմը քաջ պատկերացնում է, որ ներկա պայմաններում, ընդհանուր նույնացման պատկերի ֆոնին լինելու է միակը ու մենակ»:

Հ. Գ. Ի դեպ, «Երկիր մեդիայի» մրցութային առաջարկում նշված է, որ թվային հեռարձակման լիցենզիա ստանալու դեպքում «նախատեսել ենք մեր եթերը հարստացնել նոր հեռուստահաղորդումներով՝ «Տյուր», «Երկիր Ավետյաց», «Բաղրամյան 20», «Երկիր.AM», «Կամուրջ. երկրից-երկիր»: Լուսանկարներն ապացույց են՝ այդ բոլոր ծրագրերն ուղղակի copy-paste են այն առաջարկից, որը հեռուստաընկերությունը ներկայացրել էր 2003 թվականի մրցույթում, եւ որոնք չիրականացրեց այս ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել