ՀՀԿ փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ խորհրդարանում հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Ռենոյի հետ: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության, Ֆրանսիայի դեսպանի խնդրանքով պարոն Սահակյանը անդրադարձել է գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հեռանկարին, այս հարցում ՀՀԿ-ի քաղաքական մոտեցումներին, կոալիցիոն համատեղ հայտարարությանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ քաղաքական ուժերի համախմբումը կարեւոր դեր ունի ժողովրդի միասնության գործում: Հենց դա էր պատճառը, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթած ՀՀԿ կուսակցությունը առանձին չգնաց գործադիր մարմին ձեւավորելու ճանապարհով, այլ միասնության կոչով հանդես եկավ, որի արդյունքում չորս քաղաքական ուժեր կոալիցիա կազմեցին: Կուսակցության այս մոտեցումը քաղաքական մշակույթ է դարձել, եւ վերջերս քաղաքական կոալիցիա կազմած երեք կուսակցությունների համատեղ հայտարարությունը դրա վառ ապացույցն է: Ըստ պարոն Սահակյանի՝ դա յուրօրինակ հաշվետվություն էր ժողովրդին. «Կոալիցիան ցույց տվեց իր անցնելիք ճանապարհը, որպեսզի մինչեւ ընտրությունը ժողովրդի մեջ հարցականներ չմնան իրենց մասին: Կոալիցիան ակնկալում է, որ քաղաքական մյուս ուժերն էլ նման մոտեցում կցուցաբերեն: Սա լավ ընտրություններ կազմակերպելու կարեւոր գործոն է հատկապես ծրագրային տեսանկյունից, իսկ քաղաքական մշակույթի առումով՝ շիտակ, եւ մեզ համար ընդունելի քայլ է»: