«Սարդարապատ» շարժումն իշխանությունների վախի դրսեւորում է համարում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր նկատմամբ՝ ՀՀ դատախազության կողմից քրեական գործի հարուցումը: «Այլեւս գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի արդարացի ցասումն ու ընդվզումը զսպելու համար ժողովրդից իշխանությունը բռնությամբ խլած իշխող ռեժիմը եւ նրա կամակատարները ժողովրդի նկատմամբ կիրառելով բացահայտ բռնություն, երկրում փորձում են ստեղծել վախի մթնոլորտ: Իշխանությունը եւ թալանած հարստությունը կորցնելու վտանգը նրանց ստիպում է բացահայտ խախտել ՀՀ Սահմանադրությունը եւ գործող օրենքները: Ուստի՝ քաղաքացու նկատմամբ գործ սարքելը իշխող ռեժիմի համար դարձել է հարազատ գործելաոճ: Համոզված ենք, որ այդ գործի պատվիրատուները եւ կատարողները վստահաբար սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ Զարուհի Փոստանջյանը հայտնի է իր սկզբունքայնությամբ, անարդարության դեմ պայքարելու վճռականությամբ, եւ որ այդ պայքարում նա միայնակ չէ, նրա կողքին են բոլոր ազնիվ, քաջ եւ նվիրյալ հայորդիները»,- ասված է շարժման տարածած հայտարարության մեջ:
Երեկ նաեւ Ժողովրդական կուսակցությունն է իր զորակցությունը հայտնել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ Փոստանջյանների ողջ ընտանիքին՝ համոզմունք հայտնելով, որ վերջին շրջանում նրանց դեմ ուղղված արշավը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար. «Դրանով իշխանությունները փորձում են ճնշել ոչ միայն Զարուհի Փոստանջյանին, այլեւ նրանց, ովքեր վերջին շրջանում ընդվզում են իշխանությունների վարած քաղաքականության դեմ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: