Երեկ, Երեւանում «Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում» թեմայով կլոր սեղանի ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրապարակել է 2010թ.-ին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը եւ հայտարարել, թե դեպքերի մեծամասնությունը կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանք են:
Ա. Սաքունցը նաեւ շեշտել է, թե 2010-ին, բանակում մահվան 54 դեպք է արձանագրվել, որոնցից հաջողվել է բացահայտել միայն 42-ը: «Մնացած 12 դեպքերը, ցավոք, որեւէ կերպ չենք կարողացել բացահայտել»,- news.am-ին ասել է Սաքունցը՝ հավելելով, որ նշված դեպքերից միայն 10-ի դեպքում է, որ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, մինչդեռ մնացած 32-ի վերաբերյալ հաղորդագրություններ տարածվել են միայն այն ժամանակ, երբ դրանց վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել:
«Ստացվում է, որ ՊՆ-ն փորձել է թաքցնել 32 դեպքերը՝ դրանց մասին տեղյակ չպահելով հանրությանը»,- նկատել է իրավապաշտպանը: Նրա ասելով, 2009-ի, ինչպես նաեւ նախորդ տարիների համեմատ, սպանությունների թիվն աճել է, ինչը մտահոգիչ հանգամանք է: «Հիմնական պատճառն անպատժելիության մթնոլորտն է, այն իրողությունը, որ քրեական հանցանք գործած զինվորականները, օրինակ՝ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանը, պատասխանատվության չեն ենթարկվում իրենց արարքների համար, կամ էլ սպանությունն իրականում կատարող անձինք չեն բացահայտվում»,- ասել է Ա. Սաքունցը:
Ի դեպ, մարտի 10-ին, ՀՀ ԱԺ-ում օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ կայանալու են լսումներ՝ զինված ուժերում առկա իրավիճակի եւ ԶՈՒ ներքին եւ արտաքին կարգապահական կանոնագրքերի վերաբերյալ: