Կոալիցիոն ուժերը պատրաստվում են կեղծե՞լ ընտրությունները
Փետրվարի 17-ին իշխանական կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, իրենց համագործակցությունն առաջիկա տարիներին շարունակելու մասին նոր հուշագիր ստորագրեցին: Ի տարբերություն նախորդ՝ 2008-ի մարտի 21-ին ստորագրված քառակողմ (այն ժամանակ կոալիցիայում ընդգրկված էր նաեւ ՀՅԴ-ն) հուշագրի, այս մի փաստաթուղթն իր ծավալով անհամեմատ համեստ է, ու հատկանշական է, որ դարձյալ՝ ի տարբերություն երեք տարի առաջ ստորագրված հուշագրի, այս մի համաձայնագրում խոսք չկա «ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու», «եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության ձեւավորելու», կամ «խոսքի ազատության ամրապնդումը, ԶԼՄ-ների գործունեության անկախությունն ու անաչառությունը մեծացնելուն ուղղված, լիարժեք բազմակարծություն ապահովող միջոցառումների մշակման ու իրականացման», առավել եւս՝ «ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացում ապահովող միջոցառումների մշակման ու հետեւողական իրագործման» մասին:
Կոալիցիոն հուշագրում այս անգամ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը վերոհիշյալ մարտահրավերները ամփոփել են «համակարգային փոփոխություններ» ձեւակերպմամբ, որովհետեւ իրենց համար, թերեւս, ավելի կարեւոր ու օրակարգային հարց է եղել՝ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում միասնական դիրքորոշում ունենալ: «Նոր փոփոխություններին ընդառաջ՝ կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»,- ասված է նոր հուշագրում, եւ ավելին՝ «քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով՝ ի դեմս գործող նախագահի»:
Հուշագրի հենց վերը մեջբերված հատվածն է, որ դարձել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության, նաեւ մամուլի քննադատության թիրախը: Եթե ամփոփելու լինենք այդ քննադատությունները, ապա դրանք կարելի է ամբողջացնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետեւյալ գնահատականների ներքո. «Հուշագիրը կարելի է դիտարկել առաջիկա ընտրությունները կեղծելու մասին հայտարարություն, քաղաքական կոռուպցիայի վկայություն: Հուշագիրը նաեւ ժողովրդի երեսին թքելու փորձ է, քանի որ ժողովրդի քվեն է որոշում խորհրդարանի պատկերը»: Եվ, իսկապես. ի՞նչ ասել է՝ կոալիցիոն ուժերը իրար դեմ պայքար չեն ծավալելու «կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին», եւ այդ դեպքում ո՞րն է լինելու ընտրողի առաքելությունն այդ ընտրություններում: Ոմանք կարծիք են հայտնում, թե կոալիցիոն այս նոր հուշագիրը նաեւ որոշակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու ընտրական օրենսդրությանը: Այդ կարծիքը, սակայն, չի կիսում «Ժողովրդավարություն» հ/կ նախագահ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Նրա ասելով, հուշագրից պետք է ենթադրել, որ կոալիցիայի երեք ուժերը պայմանավորվել են քաղաքական իմաստով իրար դեմ չպայքարել, հակաքարոզչություն չծավալել ու ընտրություններում աշխատել ամեն մեկն իր ընտրազանգվածի ձայների համար, մրցակցել ոչ թե միմյանց, այլ՝ իրենց քաղաքական հակառակորդների հետ: Վ. Պողոսյանի համոզմամբ, քաղաքական իմաստով հուշագրում, գուցե, խնդիրներ կան, բայց ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության հետ հակասությունների որեւէ խնդիր, իսկապես, չկա: Այդուհանդերձ, Վ. Պողոսյանը՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի, ասաց. «Ինձ առանձնապես դուր չի գալիս, որ ընտրություններից դեռ ավելի քան երկու տարի առաջ նման հայտարարություններ են արվում, քանի որ մենք գիտենք, թե ընտրությունները մեզ մոտ ինչպես են անցկացվում: Շատերը, այն՝ ինչ գրված է հուշագրում, հասկանում են այլ կերպ, քան պետք է հասկանան նորմալ պետությունում: Մեր երկրում դա կարող է նաեւ հասկացվի այսպես՝ մենք միասնական ենք, եւ թույլ չենք տալու, որ ուժերի հարաբերակցությունը հետագայում փոփոխվի: Չինովնիկները, որոնք ընտրական գործընթացներում իրենց սեւ գործն են անում, դա կարող են նաեւ այդպես հասկանալ: Այդ ամենը հնարավոր է: Եթե որեւէ մեկն ուզում է հասկանալ այնպես, որ ուժերի հարաբերակցությունն անպայման պետք է պահպանվի, ուրեմն՝ ուզած-չուզած պետք է ընդունել, որ դա պետք է արհեստական միջոցներով արվի, ու այդ ուղղությամբ այնքան պետք է աշխատեն, որ վերջում ստացվի այն հարաբերակցությունը, որն այսօր կա, իսկ դա գործնականում անհնար է: Իսկ Սահմանադրությանը համապատասխանության իմաստով, ինչպես էլ որ մեկնաբանելու լինենք, հուշագրում որեւէ հակասող բան չկա: Ուղղակի ինձ անհանգստացնում է այդ «միասնականությունը»: