Հարութ Սասունյանի ներկայացմամբ, Քըրք Քըրքորյանը տարբեր առիթներով արտահայտել է իր գոհունակությունը «Լինսի» հիմնադրամի հայաստանյան գործունեությունից
– «Լինսի» հիմնադրամի փակումը մի տեսակ անակնկալ էր շատերի համար, ոմանք քաղաքական ենթատեքստ տեսան դրանում: Ձեր տեղեկություններով, ինչո՞ւ փակվեց հիմնադրամը:
– Այդ հարցը պետք է ուղղել պարոն Քըրքորյանին: Ես իրավունք չունեմ իր անունից խոսելու, բայց կարող եմ Ձեզ ասել, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ կամ մտադրություն չկար իր որոշման մեջ: Պարոն Քըրքորյանը միշտ էլ մտադրել էր մի օր փակել իր բարեսիրական հիմնադրամը: Պետք է նկատի ունենալ իր առաջացած տարիքը, շուտով 94 տարեկան կդառնա:
– Որքան գիտեմ, հիմնադրամը Հայաստանին նվիրել է 500 միլիոն դոլար: Այլ ծրագրեր եւս եղել են, որո՞նք են ըստ Ձեզ առավել կարեւորները:
– Հիմնադրամը իր 22 տարվա գործունեության ընթացքում նվիրել է մեկ միլիարդ 100 միլիոն դոլար բոլորին՝ հայ եւ օտար: Այդ գումարի մոտավորապես կեսը (500 միլիոն դոլար), Լինսին նվիրել է Հայաստանի ծրագրերին եւ ամերիկահայ բարեսիրական կազմակերպություններին, որոնք այդ գումարով իրականացրել են ծրագրեր՝ ԱՄՆ-ում եւ Հայաստանում: Այդ ծրագրերի շարքը երկար է, նշեմ միայն երեքը: 1. Լինսին ֆինանսավորել է Միացյալ հայկական հիմնադրամի մարդասիրական թռիչքները, որոնք Հայաստան են հասցրել 615 միլիոն դոլարի օգնություն: 2. 1993-ին «Մազութի ձմեռային ծրագրի» համար Լինսին նվիրել է 14 միլիոն դոլար, որպեսզի Միացյալ հայկական ֆոնդը կարողանա 21 միլիոն դոլարի մազութ ուղարկել Հայաստան: 3. Լինսին Միացյալ հայկական ֆոնդի միջոցով Լիբանանի բոլոր հայկական դպրոցներին նվիրել է չորս եւ կես միլիոն դոլար (1997-ին):
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կատարված ծրագրերը:
– Ծրագրերի մեծ մասը եղել է որակով, մի քանիսը՝ բավարար: Որտեղ որ բացթողումներ եղել են, շինարարարին չենք վճարել մինչեւ աշխատանքի բարելավում եւ սխալների վերացում:
– Մեկնաբանություններ են արվում, որ Հայաստանի համար ուղարկված գումարներն այստեղ «կերել են», այսինքն՝ իրենց նպատակին չեն ծառայել: Դուք այս մասին տեղեկություններ ունե՞ք:
– Այդպիսի ամբաստանութունները զուրկ են որեւէ ճշմարտությունից, եւ թելադրված են ներքին քաղաքական պայմաններից: Լինսին չի կարող մասնակից դառնալ նման քաղաքական պայմանների:
– Եթե չեմ սխալվում, «Լինսիի» հիմնադրամի ֆինանսավորմամբ աղետի գոտում դեռեւս անավարտ ծրագիր կա, ի՞նչ վիճակում է այն այժմ, եւ հիմնադրամի գործունեության դադարեցումից հետո կշարունակվի՞, թե՞ ոչ:
– «Լինսին» անցյալ տարի սկսել էր ֆինանսավորել աղետի գոտում 6 դպրոցների վերանորոգումը: Այս աշխատանքը ընթացքի մեջ է նաեւ ներկայումս: «Լինսին» այդ ծրագրի գումարը փոխանցել է Միացյալ հայկական ֆոնդին՝ դպրոցների շինարարությունը շարունակելու եւ բարեհաջող ավարտին հասցնելու համար:
– Կարծում եմ՝ Քըրք Քըրքորյանը միակ հայն է, որը ամենից մեծ նյութական աջակցությունն է կատարել Հայաստանին, ըստ Ձեզ, մենք բավարար գնահատո՞ւմ ենք այդ բարերարի ավանդը:
– Հայ ժողովուրդը միշտ էլ գնահատել է այս ազգային մեծ բարերարին, բայց պարոն Քըրքորյանը երբեք գնահատական չի փնտրել, ինքը պարզապես կատարել է իր պարտքը իր հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ՝ որպես համեստ, թեկուզ մեծահարուստ, հայ ժողովրդի մի զավակ:
– Ունե՞ք տեղեկություն՝ պարոն Քըրք Քըրքորյանը գո՞հ է այն արդյունքից, որը ստացվել է իր իսկ ներդրումների շնորհիվ:
– Պարոն Քըրքորյանը զանազան առիթներով ինձ եւ ուրիշներին արտահայտել է գոհունակությունը իր ներդրումների շնորհիվ ստացված արդյունքներից: Եթե պարոն Քըրքորյանը գոհ չլիներ, վաղուց կդադարեցներ իր նվիրատվությունները: Ինքը, մանավանդ՝ անցյալ շաբաթ, չէր փոխանցի Միացյալ հայկական ֆոնդին նոր տասուկես միլիոն դոլար՝ շարունակելու համար «Լինսի» կողմից ֆինանսավորված աղետի գոտում 6 դպրոցների շինարարությունը, եւ Հայաստան մարդասիրական օգնության առաքումը հաջորդ տարիներին:
– Իսկ Դուք՝ անձամբ, գո՞հ եք հիմնադրամի տրամադրած միջոցների շնորհիվ ստացված արդյունքներից։
– Ես եւս գոհ եմ, ինչպես արդեն նշեցի ձեր հարցին ի պատասխան՝ արդյունքները եղել են լավ կամ գոհացուցիչ: Երբ եղել է անորակ աշխատանք, «Լինսին» գումար չի վճարել մինչեւ բացթողումների ուղղումներ եւ որակի բարելավում:.