Լրահոս
Օրվա լրահոսը

Գռեհկության վրա ո՞ւր ծիծաղես

Փետրվար 22,2011 00:00

Ծիծաղի օրերը՝ Իսպանիայում

Կանարյան յոթ կղզիները գտնվում են Ատլանտյան օվկիանոսում: Ամենամեծը Թեներիվն է՝ շուրջ տասուկես հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Հարուստ են՝ նյութապես: Կղզում չտեսա ծխախոտի կամ փոշու մնացորդ: Մաքրամաքուր էր: Փողոցները լվանում էին տասնութ- քսան տարեկան երիտասարդները: Բոլոր առանձնատները երփներանգ էին՝ կարմիր, դեղին, կանաչ, կապույտ, շագանակագույն… Այնտեղ ծիածանն ուներ տասնվեց, տասնյոթ գույն, որոնք հիշեցնում էին կղզու ծաղիկների գույները: Այնտեղ միայն գարուն է: Կղզին ընկղմված է զմրուխտ կանաչի եւ երփներանգ ծաղիկների մեջ: Ամեն խճուղի կամ բակ սալահատակված է ճերմակ, փայլուն սալերով, իսկ առանձնատների ցանկապատերը՝ խիտ ու լայն կանաչ թփեր են՝ բազմագույն ծաղիկներով: Իհարկե, Իսպանիան հարուստ կլինի, քանի որ այդ կայսրությունն ուներ բազում գաղութներ, չհաշված այն, որ հյուսիսի ոսկու հանքերի ոսկին հոսեց Իսպանիա, Ամերիկա:
Փետրվարի 13-19-ը ծիծաղի շաբաթ էր, ինչպես մեզանում՝ ապրիլի 1-ից մինչեւ 30-ը: Ինձ ուղեկցեցին դեպի կղզու երկայնաձիգ գլխավոր պողոտան, որի երկկողմանի երկայնքով մեծ խտությամբ շարված- կանգնած էին կղզեցիները. իսպանացիներ, գերմանացիներ, հոլանդացիներ եւ այլն: Մեր հարեւան գերմանուհին եկավ ու կրծքիս ամրացրեց մի փոքրիկ ոսկե արծիվ՝ ի պատիվ իմ որդու: Շնորհակալություն հայտնեցի: Ինձ համար աթոռ գտան եւ տեղավորեցին այնպիսի տեղ, որ ես հանգիստ նայեմ դիմակահանդեսը: Խճուղու կենտրոնով անցնում էին տեղաբնակներ. հիսուն աղջիկներ՝ ազգային տարազներով, երգում էին: Նրանց հետեւից գալիս էին իսպանացի եւ այլազգի երիտասարդներ, բոլորը նույն հասակի եւ միանման գեղեցիկ կոստյումներով, փողկապներով: Պարելով գալիս- անցնում էին այլազգիներ, բասկեր եւ հնչում էր հաճելի երաժշտություն: Շուտով սկսեցին անցնել տարեց տղամարդիկ՝ կիսամերկ: Անցնում էին պարելով ու երգելով: Ավելի քան երկու ժամ նստած էի: Շուտով երեւացին տարեց մերկ կանայք՝ սպիտակ մազերով, կնճռապատ դեմքերով: Նրանք վարտիքներով էին: Ոմանց մինչեւ փորը հասնող մերկ կրծքերը ճոճվում էին աջից ձախ, ձախից՝ աջ: Բոլորը հռհռում էին եւ ծափահարում: Ես լուրջ էի ու զարմանում էի, որ ծիծաղում են: Ժողովրդի ցնծությունն ու ծափերը հասան իրենց կուլմինացիային, երբ երեւացին ադամամերկ երիտասարդ կանայք: Դրախտի բնակիչ Եվայի նման՝ տերե՞ւ, թե՞ եռանկյունի փոքրիկ կտոր էին սոսնձել ոտքերի արանքում: Ժողովուրդը ցնծագին ծափահարում էր, իսկ ես ավելի էի մռայլվել: Ահա գալիս են տղամարդիկ՝ ադամամերկ, աջ ձեռքը առնանդամներին դրած: «Էլ ինչո՞ւ են ձեռքները դրել, միեւնույն է, երեւում է»,- մտածեցի ես: Կողքիս կանգնածների ուրախությանն ու ծափերին սահման չկար: Միայն ես չէի ծիծաղում՝ տասնյակ հազարավոր մարդկանց մեջ: Գուցե հենց դա էր պատճառը, որ ինձ նկատեցին: Տեսան, որ դեմքս ոչ իսպանուհու է նման, ոչ բասկի, ոչ էլ… Մի խումբ երիտասարդներ մոտեցան ինձ: Նրանց խնդիրն էր ծիծաղեցնել ինձ. չէ՞ որ այդ հանդես -դիմակահանդեսը մարդկանց ծիծաղեցնելու համար էր: Կես մետրանոց բարակ տախտակի, թե ստվարաթղթի վրա, ոտքերը լայն բացած նստած էր տղա տիկնիկը: Երիտասարդը այն մոտեցրեց իմ դեմքին, եւ սեղմեց կոճակը… Ոտքերի արանքից դուրս թռավ տիկնիկի՝ բնականի նման առնանդամը: Այնպիսի ծիծաղ լսվեց շուրջս, որ ես շփոթվեցի: Ջահելները ժպտում էին: Ես աջ ձեռքս դրեցի աջ քունքիս եւ ուժգին փչեցի, հասկացնելով, որ խելք չունեն: Գռեհկության վրա ո՞ւր ծիծաղես: Երբեք ես այդքան շատ չէի սիրել իմ հայ ժողովրդին, ինչպես այդ պահին: Խղճուկներ, որ չգիտեք, թե որն է իսկական ծիծաղաշարժը եւ որը՝ գռեհկությունը: Խղճացի նրանց, որ հարուստ են, բայց՝ տգետ:
Երբ կինը ամբողջովին մերկ անցնում է իբրեւ հանդեսի դերակատար, երբ նա հայտնվում է էկրանի վրա, իմ աչքում եւ հոգում նա սիրո եւ հարգանքի արժանի չէ եւ նույնիսկ քառորդ մարդու արժեք չունի: Նույնիսկ զզվում եմ, որ պատմեմ, թե ինչ էր ցուցադրվում էկրանին (հեռուստացույցին): Գիտե՞ք, արդյոք, որ Երկիր մոլորակի վրա միայն մարդ արարածն ունի ամոթի զգացում: Եթե մարդը կորցնում է այդ զգացումը, ապա նա դադարում է մարդ կոչվելուց: Ահա թե ինչու մ.թ.ա. 5-րդ դարում, Աթենքում, հոծ բազմության մեջ, օրը ցերեկով Դիոգինեսը՝ լապտերը վառած մարդ էր որոնում: Ես նրանց ներում եմ: 10-րդ դարում են ընդունել քրիստոնեությունը եւ հեթանոսական հատկություններ ունեն: Ցլամարտը նախամարդու զբաղմունքն է: Ապրի՛ր, Հայաստան, դու կդառնաս քաղաքակրթության օրրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել