Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի երկու կազմեր անցած շաբաթ գրեթե միաժամանակ մասնակցեցին ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացված երկու խոշոր մրցաշարերի:
Մեր ընտրանու հինգ առաջատար ներկայացուցիչներ գերազանց հանդես եկան Սլովենիայում կազմակերպված միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցել է 14 երկիր: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը եւ Արթուր Շահինյանը (84 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, նվաճել են հաղթողի կոչումը: Ընդ որում, Ամոյանը ճանաչվել է նաեւ մրցաշարի լավագույն ըմբիշ: Պատվո պատվանդանի երրորդ աստիճան են բարձրացել Արսեն Ջուլֆալակյանը՝ 74 կգ քաշային կարգ եւ Վահան Ջուհարյանը՝ 66 կգ: Հետաքրքիր է, որ երրորդ տեղի համար պայքարում Վահանը պետք է հանդիպեր իր թիմակից Սասուն Ղամբարյանի հետ, սակայն վերջինը վնասվածքի պատճառով մրցագորգ չի մտել:
Ցավոք, հունահռոմեական ըմբշամարտի մեր հավաքականի երկրորդ կազմն անհաջողության է մատնվել Մինսկում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ թիմային մրցանակները վիճարկում էին աշխարհի 10 լավագույն ընտրանիները՝ Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Կուբան, Բուլղարիան, Ղազախստանը, Իրանը, Կորեան, Բելառուսը: Նախնական փուլում մեր տղաների մրցակիցներն «A» խմբում եղել են Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Բուլղարիան: Մեր թիմը նույն հերթականությամբ պարտվել է առաջին երեքին եւ միայն Բուլղարիայի նկատմամբ է կարողացել առավելության հասնել՝ խմբում գրավելով չորրորդ տեղը: Իսկ եզրափակիչ մարտերից հետո լավագույն եռյակը կազմել են Իրանը, Ռուսաստանը եւ Բելառուսը: