Այսօր Քաթարի մայրաքաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրիի» եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի երկու լավագույն կին շախմատիստները՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Ճիշտ է, մեր աղջիկներն ընդհանուր հաշվարկով առաջին տեղին չեն հավակնում, սակայն կարող են զգալիորեն բարձրացնել իրենց վարկանիշը:
Քաթարում, բացի մերոնցից, հանդես են գալու Համփի Կոներուն (Հնդկաստան), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն եւ Մայա Չիբուրդանիձեն (երկուսն էլ՝ Վրաստան), Մարի Սեբագը (Ֆրանսիա), Ժու Չենը եւ Սյույ Յույհուան (երկուսն էլ՝ Չինաստան), Մոնգոնտուլ Բաթույագը (Մոնղոլիա), Մարթա Ֆյերոն (Էկվադոր):
Մրցաշարի կանոնակարգի համաձայն, «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկով հաղթողն է նվաճում աշխարհի չեմպիոնուհի եւ այս մրցաշարի առաջատար Հու Յիֆանին (Չինաստան) ձեռնոց նետելու իրավունք: Ամենայն հավանականությամբ, դա կլինի Նանա Ձագնիձեն, քանի որ նա «Գրան պրիում» չինացուն շրջանցելու ամենից ավելի մեծ հնարավորություն ունի: Իսկ եթե, այնուամենայնիվ, վրացին գրավի երկրորդ տեղը, միեւնույն է, հենց նա կլինի աշխարհի չեմպիոնուհու հավակնորդը: Բայց մասնագետները չեն բացառում նաեւ, որ խաղաքարտերը կարող է խառնել նաեւ Համփի Կոներուն: Այնպես որ, շախմատասերներին Քաթարում հետաքրքիր պայքար է սպասվում: