Երեկ, Մայրենի լեզվի միջազգային օրը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում «Առավոտ» օրաթերթը, «Հայաստանի Հանրապետությունը», «Կանչը» եւ «Իրատես դե ֆակտոն» մայրենի լեզվի անաղարտության եւ ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ավանդի եւ ներդրման համար Լեզվի պետական տեսչության կողմից պարգեւատրվեցին պատվոգրով: Խրախուսվեցին նաեւ հանրակրթական դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ Լեզվի պետական տեսչության հրատարակած «Լեզվաշխարհ» ժողովածուի շնորհանդեսը: Տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը նշեց, որ ժողովածուում հավաքված են լեզվի հիմնախնդիրներին նվիրված աշխատություններ եւ հույս հայտնեց, որ «Լեզվաշխարհը» հանրության ուշադրությունը կբեւեռի լեզվի հիմնախնդիրների վրա: «Այս պարբերականը որոշակի միջոց է հասարակության հետ կապի հաստատման եւ հետադարձ կապի ապահովման համար»,- նշեց նա:
Խոսելով լեզվի ներկա վիճակի մասին, պրն Երիցյանն ասաց, որ կան լեզվական շերտեր, որտեղ լեզվի օգտագործման բարելավում կա, բայց ինչ վերաբերում է գովազդի, ցուցապաստառների լեզվին, վիճակը այդ «մասով» գնալով վատանում է: Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն էլ նշեց, որ, ցավոք, դահլիճում ներկա չեն պետական այրեր, ովքեր եւս պետք է հոգան լեզվի մաքրության պահպանման համար, իսկ Ս. Երիցյանը լեզվի մաքրությանն ուղղված պայքարի՝ պակաս նպատակային ու հասցեագրված լինելը վերագրեց օրենսդրական սողանցքներին: