Անվանի պատմաբան Բաբկեն Հարությունյանի դիտարկումները
ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանին ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ հայկական կողմի պասիվ պայքարը խիստ անհանգստացնում է: Երեկվա ասուլիսում գիտնականն իր մտահոգությունը հայտնեց: Ըստ նրա, հայկական դիվանագիտությունը թուլացել է: Ղարաբաղյան հակամարտության քննարկումը ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտության եւս մեկ ձախողում է:
Հարությունյանի ասելով, ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու գաղափարը նախաձեռնել էր հենց Ադրբեջանը, ինչին այդ կառույցում Հայաստանի պատվիրակությունը ոչինչ չի կարողացել հակադրել: Փաստորեն, ըստ բանախոսի, Հայաստանում քարոզչության հարցերին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Բ. Հարությունյանը հատկապես կարեւորեց գիտական աշխատանքների թարգմանությունը՝ ակնկալելով սփյուռքի նախարարության դերի ակտիվացում տվյալ խնդրի լուծման գործում:
«Հարեւան Ադրբեջանի ղեկավարությունը իրենց պատմաբանների ամբողջ ուժերը միավորում է հակահայկական քարոզչությունը կազմակերպելու համար: Ամեն ինչ այն աստիճանի է, որ երեւի չի գտնվի հայոց պատմության մեջ մի բնագավառ, իրադարձություն, որը կեղծարարության ենթարկված չլինի: Մինչդեռ մեզանում այն մտայնությունն է՝ արժե՞ այդ հիմարությանը պատասխանել: Ախր, եթե 100 անգամ սուտ ասվեց եւ ոչ մեկը չհերքեց դա, ապա այն իբրեւ ճշմարտություն կընկալվի»,- ասաց Բ. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Գորիսում ՀՀ նախագահի ելույթը, որտեղ նա ընդգծեց, թե անհրաժեշտ է ամեն ինչը ճիշտ ներկայացնել հանրությանը, ադրբեջանական վայնասունի առիթ դարձավ. «Ըստ երեւույթին՝ անհանգստանալով ՀՀ նախագահի ելույթից, ադրբեջանցիները ներգրավելով բազմաթիվ ուժեր, հոկտեմբերի 29-ին լույս ընծայեցին մի հոդված՝ «Աբսուրդի թատրոն» վերնագրով, ստորագրված Հեյդար Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի անունով: Վերջինս մի խնդիր ունի՝ ցույց տալ, որ իբր Հայաստանի ղեկավարությունը փոխանակ նպաստելու հարցերի իրավական տեսակետից լուծմանը, կոչ է անում պատմաբաններին ծուռ հայելու մեջ ներկայացնել պատմությունը: Ապա հոդվածի կեսից հարց է բարձրացվում «տարածքային ամբողջականության» մասին, ինչպես նաեւ ազգի ինքնորոշման խնդրի…Հոդվածի մի մեծ բաժին էլ նվիրված է պատմագիտական հարցերի քննությանը: Նրանք գոչում են, որ հայ պատմաբանները նույնիսկ կուզենային ասել՝ Կովկասյան Ալբանիա կամ Աղվանք գոյություն չի ունեցել, որ եթե Հայաստանը աչք ուներ մի տարածքի վրա, ուրեմն սահմանը կարող է լինել միայն Քուռ գետը… Ադրբեջանցի պատմաբանները այնքան են խորացել հայոց պատմության աղավաղումների մեջ, որ կառչել են անգամ Ստրաբոնի եւ այլ վերարտադրողների պատմություններից: Իրենց ասելով՝ Կովկասյան Ալբանիան իրենց նախնիների հայրենիքն է, բայց դա նույն բանն է, ինչ կատուները լինեն շների նախահայր…»,- ասում է պատմաբանը:
Ելնելով ադրբեջանցիների, Բ. Հարությունյանի բնորոշմամբ՝ «վայնասուններից», պատմաբանը «Վեմ» ամսագրում դեկտեմբերի վերջին տպագրել է պատասխան հոդվածը՝ վերլուծություններով: Սակայն նա իր հոդվածը բավարար պատասխան չի համարում ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմ:
Օգտվելով առիթից, «Առավոտը» ԳԱԱ թղթակից անդամից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ԳԱԱ ընտրությունների մասի: Բ. Հարությունյանը, որը չի ընտրվել, պատասխանեց. «Պատճառը չգիտեմ որն էր, որ չընտրվեցի, միգուցե մյուս ակադեմիկոսները գտան, որ ես դեռեւս չեմ հասունացել ակադեմիկոս լինելու համար: Ընտրություններ էին, որոնք, բնականաբար, սուբյեկտիվ հիմքերով կայացան, բայց դե ընտրություններ են, մեկը կարող է անցնել, մյուսը՝ ոչ»: