Երկուշաբթի օրը Եմենի երիտասարդ մի բնակիչ սպանվել, եւս չորսը վիրավորվել են Ադեն քաղաքում ցուցարարների եւ զինվորականների միջեւ բախումների արդյունքում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին: Զինվորները կրակ են բացել Խորմակսար շրջանում զինվորական պարեկային ծառայության աշխատողներին քարկոծող երիտասարդների վրա: Եմենում անցած հինգշաբթի սկսված անկարգություններից ի վեր սա արդեն 12-րդ զոհն է:
Աղբյուրի մատուցմամբ, ոգեւորված Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցած ապստամբություններով, Եմենի ցուցարարները կոչ են անում վերջ դնել Ալի Աբդուլլա Սալեհիի ավելի քան 32-ամյա իշխանությանը:
Հակակառավարական ելույթները վերջին շաբաթվա ընթացքում նոր թափ են հավաքում. փողոց են դուրս գալիս տասնյակ հազարավոր մարդիկ: Սալեհին արդեն իսկ զգալի զիջումների է գնացել՝ հայտարարելով ընդդիմության հետ երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին եւ խոստանալով 2013 թվականին հեռանալ իշխանությունից:
Վերլուծաբանների կարծիքով, իրավիճակը Եմենում առայժմ հեռու է եգիպտական ոճով հեղաշրջումից, բայց լարվածությունը երկրում, որտեղ ուժեղ են ցեղային հարաբերություններն ու բնակչության մոտ էլ ոչ քիչ քանակությամբ զենք կա, հղի է արյունահեղությամբ: