Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թող գաղտնազերծվեն գիտական հրապարակումները»

Փետրվար 22,2011 00:00

Հարցազրույց՝ ՀՀ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ, նախագահի մրցանակակիր Հարություն Կարապետյանի հետ:

– ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) ղեկավարը խիստ նկատողություն է ստացել, իսկ աշխատակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից: Արդյո՞ք սա կարելի է համարել իրավիճակի շտկում:
– Անկասկած, հիմնական դրդապատճառը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բացահայտած չարաշահումներն են, մյուս կողմից անժխտելի է նաեւ ԶԼՄ-ներում տեղ գտած քննադատության դերը: Նկատի ունեմ ԳՊԿ-ի «դե յուրե» եւ «դե ֆակտո» ղեկավարներ որակումները, որոնք համապատասխանում են այն իրողությանը, թե «դե ֆակտո» ղեկավարը ազատվել է աշխատանքից, իսկ «դե յուրեն»՝ ստացել է խիստ նկատողություն: Այլապես կստացվի, որ ԳՊԿ-ի աշխատակազմի ղեկավարը քավության նոխազ է, իսկ ԳՊԿ-ի «դե յուրե» ղեկավարն արտոնյալ է՝ շնորհիվ իր ազդեցիկ հովանավորի, ինչն ավելի կարեւոր է, քան ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հայտարարությունը. «Ոչ ոքի արտոնություն չի տրվելու, օրենքի առջեւ հավասար են բոլորը» (տես՝ «Ոչ ոք արտոնյալ չէ», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 25.12.10): Իսկ մոտակա ժամանակում իրավիճակի շտկման կապակցությամբ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ. 2011թ. պետբյուջեն գիտության մասով, ինչպես առիթ ունեցել ենք քանիցս նշել, նախորդ տարվա copy-paste տարբերակն է, ու որեւէ միջամտությունը շատ ավելի ցավոտ կլինի գիտության ոլորտի համար: Եվ երկրորդ, այն մեծապես կախված կլինի նոր «դե ֆակտո» ղեկավարից:
– Լուրեր են պտտվում, որ «թեմատիկ» մրցույթով հայտերի ֆինանսավորումն ընդհանրապես կարող է վերացվել փորձաքննության ձախողման պատճառով:
– Անհանգստանալու առիթ կա, եթե այն վերացնելու խնդիր է դրված: 2011թ. բյուջեի կառուցվածքում մոտ 90% մաս կազմող «բազային» կամ, որ նույնն է՝ վերադասի քմահաճույքից կախված հնարավոր ֆինանսավորման պայմաններում, հատկապես պետք է անհանգստանան այն գիտաշխատողները, որոնք վերադասների «աչքի լույսը» չեն: Բայց փաստ է, որ շատերի համար կենսականորեն կարեւոր այդ մրցույթի արդյունքների հայտարարումը ձգձգվում է: Կարծում եմ, փորձաքննության գործընթացը չէ հիմնական պատճառը. այդպիսի պատճառ կարող է հանդիսանալ այն, որ ԳՊԿ-ի «դե յուրե» ղեկավարը սխալվեց իր հաշվարկներում: Նկատի ունեմ ՀՀ ԳԱԱ ընտրությունների արդյունքները, եւ անհրաժեշտություն է առաջացել վերախաղարկել նաեւ «թեմատիկ» մրցույթի արդյունքները: Կամ ավելի օբյեկտիվ պատճառ կարող է հանդիսանալ շրջանառվող այն լուրը, որ ԳՊԿ-ում իրականացվում են երկրորդ ստուգումները՝ այս անգամ արդեն Վերահսկիչ պալատի կողմից:
– Իսկ ի՞նչ կապ ունի ԳՊԿ-ի կողմից իրականացվող «թեմատիկ» մրցույթը ՀՀ ԳԱԱ ընտրությունների հետ:
– Կապը շատ պարզ է: Բոլորն էլ հասկանում են, որ ընտրություններում «Մոլեկուլյար կենսաբանություն, կենսաֆիզիկա» մասնագիտությամբ թղթակից անդամի ընտրության հայտարարությունը ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից հենց այնպես չէր: Պարզ է, որ այդ տիտղոսը երազող եւ պետբյուջեի միջոցները տնօրինող չինովնիկի համար (այն էլ 2006 թ. «Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա» մասնագիտությամբ տիտղոսավորման անհաջող փորձի դեպքում) գրեթե մրցակցությունը բացառող մասնագիտությամբ տեղի ապահովումը հենց այնպես չի լինում: Իսկ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները ունեն ինչպես կորպորատիվ, այնպես էլ զուտ անձնական շահեր, որոնք պետք է փոխhատուցվեին: Եթե ՀՀ ԳԱԱ անդամների կորպորատիվ շահի համար (որը ՀՀ ԿԳՆ միջնորդությամբ ԱԺ-ում քննարկվող ՀՀ օրենքն է՝ «ՀՀ ԳԱԱ-ի մասին») հնարավոր չէ արդեն դիմակայել, ապա ԳԱԱ նախագահության անդամների անձնական շահերը «թեմատիկի» միջոցով կարելի է եւ վերանայել, քանի որ այս տարվա ընտրությունները նույնպես արդյունավետ չէին մեր «սկզբունքային» չինովնիկի համար: Ահա եւ մեկ պատճառ եւս «թեմատիկի» արդյունքների ձգձգման համար:
– Կարծում եք՝ ՀՀ ԳԱԱ ընտրություններում մասնագիտությունները ձեւական բնու՞յթ են կրում:
– Անկասկած ձեւական են: Դա կարելի է ապացուցել թեկուզեւ հենց այս տարվա օրինակով: Մի կողմ թողնենք Շահինյանի խայտառակ դեպքը, որին բազմիցս անդրադարձել ենք: Այսպես, բացի արդեն նշված Ս. Հարությունյանի դեպքից, գոնե պաշտոնապես անհավանականորեն ծանրաբեռնված ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրեն, ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ եւ ՀՀ ԳԱԱ «Հայկական քիմիական հանդեսի» խմբագիր Աշոտ Սաղյանը 2010 թ. ակադեմիկոս է ընտրվել «Կենսատեխնոլոգիա» մասնագիտությամբ, այն դեպքում, երբ 2006թ. նա թղթակից անդամ էր ընտրվել «Կենսաօրգանական քիմիա» մասնագիտությամբ, որը նույնիսկ ըստ անվանման օրգանական քիմիայի մասերից է: Շատ բնական հարց է առաջանում, թե այն դեպքում, երբ ընտրությունները հայտարարվում են խիստ նեղ մասնագիտացումներով (օրինակ՝ 2010թ.-ին ֆիզիկան- 4, քիմիան- 4) եւ որպես մրցույթի պայման է հայտարարվում «գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող եւ միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով», ինչպե՞ս է պատահել, որ խիստ բազմազբաղ անձը հասցրել է ընդամենը 4 տարում կենսատեխնոլոգիայի բնագավառը (որն ըստ էության գենային ինժեներիան է այսօր) «հարստացնել միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով»: Ի տարբերություն պտտվող լուրերի (ըստ որոնց՝ այս կոնկրետ աճպարարությունը նույնպես պայմանավորված է ՀՀ ԳԱԱ նախագահի հայրենակցական շահերով), կարծում եմ, որ այն առաջին հերթին պայմանավորված է 10 անդամներից կազմված ՀՀ ԳԱԱ նախագահության բացահայտ անբարոյական հովանավորչությամբ՝ ի նպաստ նույն ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Ա. Շահինյանի: Քանի որ վերջինիս այլ տեղ չունեին խցկելու՝ մրցակցությանը անպատրաստ լինելու պատճառով:
– Ստացվում է, որ ՀՀ ԳԱԱ ընտրություններում հովանավորչությո՞ւնն է հիմնական որոշիչը:
– Միարժեք եւ ոչ միայն հիմա: Խնդրեմ, ուսումնասիրեք ՀՀ ԳԱԱ կայքում տեղադրված բոլոր անդամների մասնագիտություններն ու ամեն ինչ պարզ կդառնա: Նույնիսկ անզեն աչքով կտեսնեք մարդկությանը անհայտ գիտական մասնագիտություններ: Բազմիցս եմ արձանագրել, որ ՀՀ ԳԱԱ ակումբային բնույթ ունեցող ընտրություններում գիտական բաղադրիչի համընկնումն ընդամենը երջանիկ պատահականության հարց է: Որպես ապացույց առաջարկում եմ ուսումնասիրել ՀՀ ԳԱԱ հենց վերջին ընտրությունների համար հայտարարված մասնագիտություններն ու արդյունքները, դրանք համեմատելով նախորդ ընտրությունների հետ ու, համոզված եմ, որ պարզ կդառնա թե գործող ՀՀ ԳԱԱ նախագահությունն ում համար է ապահովել արագացված առաջխաղացում: Մասնավորապես, շատ հետաքրքիր է, թե ինչո՞վ են «գիտությունը հարստացրել առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող եւ միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով» տնտեսագիտություն մասնագիտությամբ ակադեմիկոս ընտրված Յուրի Սուվարյանն ու նույն մասնագիտությամբ թղթակից անդամ ընտրված Վլադիմիր Հարությունյանը: Հակափաստարկի համար եւս մեկ անգամ առաջարկում եմ ՀՀ ԳԱԱ նախագահությանը, որ իրենց կայքում տեղադրեն, այսինքն՝ գաղտնազերծեն ՀՀ ԳԱԱ բոլոր անդամների գիտական հրապարակումների ցանկը, որոնցով նրանք հարկատուների հաշվին ցմահ արժանացել են նախ, այսպես կոչված, «պատվովճարի» եւ ապա ապագայում ուրիշների գիտական ձեռքբերումները գնահատողի կարգավիճակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել