Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ «ՍԳԻ ՄԵՋ» ԵՆ

Փետրվար 22,2011 00:00

\"\"Նրանցից շատերը համոզված են, որ քննության արդյունքում կմնան «անգիր անողները»

Օրերս Խ. Դաշտենցի անվան 114 դպրոցում մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունները: Այժմ տնօրենները ընդունելության քննությունների պատրաստվող աշակերտի պես քրտնաջան պարապում են՝ վախենալով, որ կարող են մի հարցի պատասխան չիմանալու պատճառով զրկվել իրենց աթոռից: Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանի կարծիքով՝ «Տնօրենների քննությունն ահավոր է, ինչո՞ւ 800-900 հարց, թող լիներ 200 հարց, կարող է մեկը անգիր անի այդ 800 հարցի պատասխանը, բայց դպրոցի տնօրեն չկարողանա աշխատել, ինչու միայն անգիր անելո՞վ են դպրոցի տնօրեն աշխատելու: Այսքան երկար տարիներ տնօրեն աշխատածներին էլ ստիպում են քննություն հանձնել: Եթե դատավորը դատավճիռը կարդալուց առաջ բացում է օրենսգիրքը, կարդում է համապատասխան հոդվածը, ինչո՞ւ պետք է դպրոցի տնօրենները այդ ամբողջն անգիր իմանան: Ես բոլոր անհրաժեշտ գրքերն ու օրենքներն իմ սեղանի վրա ունեմ եւ պետք եկած ժամանակ տեղում բացում-կարդում եմ, բայց դրանք անգիր անելը նույնն է, երբ երեխաներն առաջին կիսամյակում անգիր են անում դասերն ու երկրորդ կիսամյակում՝ ամեն ինչ մոռանում: Շատ կարեւորագույն, առանցքային հարցերով համաձայն եմ, թող լինի ատեստացիա, բայց այդքան հարց չի կարելի պարտադրել: 200 հարց քաղծառայողի համար է, 350-400 հարցը՝ բարձրաստիճան պաշտոնյայի համար, այդ ե՞րբ դպրոցի տնօրենը դարձավ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ 800 հարցով պետք է քննություն տա, այդքան դաժանաբար տնօրենների հետ վարվելը չգիտեմ ինչ է: Կարող է որոշ տնօրեններ, լինելով անգիր անելու վարպետ, անցնեն, իսկ վաստակաշատ մարդիկ դուրս մնան: Ես ձեզ մի զավեշտալի դեպք պատմեմ. մեկը, որը բացարձակ կապ չուներ դպրոցի հետ, այս ամբողջ հարցաշարը պոեմի նման անգիր ասում էր, բայց դրանով չեն կարող որոշել՝ նա կարո՞ղ է աշխատել դպրոցի տնօրեն, թե՞ ոչ, ինչպե՞ս նա կարող է աշխատել հսկա մանկավարժական կոլեկտիվի, աշակերտների, ծնողական համայնքի հետ, հո մենակ հրամաններ արձակելո՞վ չէ, դա շատ ծանր աշխատանք է: Այսօր հասարակական հնչեղություն են տվել, թե վա՜յ, դպրոցի տնօրենները… ինչ լուտանքներ ասես, որ թափում են, քննադատում են…»:
Նա չհերքեց, որ այսօր կան տնօրեններ, որոնք դպրոցում իրենց տեր ու տիրական են զգում ու շատ մեծ դժվարությամբ կբաժանվեն դպրոցից, եթե հանկարծ քննությունները չհանձնեն:
Մեր զրույցի ժամանակ բոլոր տնօրենները տրտնջում էին, թե «ինչո՞ւ պետք է մեր բանուգործը թողնենք, հիմա էլ մեր ժամանակը ծախսենք անգիր անելու վրա»:
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի խոսքերով՝. «Շատ լավ է, որ ուզում են լիարժեք տնօրենի ուղարկել աշխատանքի: Այսպես թե այնպես, 10 եւ ավելի տարվա փորձ ունեցող տնօրենները բազմիցս առնչվել են այս բոլոր օրենքներին, հարցերին, բայց ինչ վերաբերում է այդ ամենն անգիր անելուն, դա աբսուրդ է: Մենք հիմա ուսանողի տպավորություն ենք թողնում եւ ստիպված ենք պարապել: Գոնե որոշ ժամանակով արձակուրդ տային, որ մենք վերապատրաստվեինք: Նույնիսկ փաստաբանները օգտվում են իրենց օրենսգրքերից: Կարծում եմ՝ պետք է այս հարցաշարը սերտել սովորեն այն երիտասարդները, որոնք նոր են ուզում դառնալ տնօրեն, իսկ որոնք արդեն նշանակված են՝ միգուցե ուրիշ բան մտածեին նրանց համար: Գոնե ուրիշ ձեւով մոտենային, ուսումնասիրությունների արդյունքներ, չգիտեմ, հազար ու մի բան կա»:
Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանի կարծիքով՝ նորմալ է, որ դպրոցի տնօրենները պիտի ատեստավորվեն ու քննություն հանձնեն, բայց ճիշտ չէ, որ բոլորին նույն հարցաշարով են ուզում քննել. «Ես կարծում եմ, որ այդ հարցաշարով մրցույթին պետք է մասնակցեն սկսնակ մանկավարժները, որոնք նոր են ուզում աշխատել, իսկ մեր աշխատանքային կենսափորձը պետք է պարզապես ստուգվի, դա կլինի ուսումնասիրությունների ձեւով, տեսչական ստուգումների, դպրոցավարության՝ կարեւոր չէ: Մենք ճանապարհ ենք անցել եւ ահագին աշխատանք ենք կատարել, հնարավոր է, որ մեր տարիքի տնօրենների՝ մտապահելու, հիշելու կարողությունն ավելի քիչ լինի, գիտեք, որ երիտասարդների համար սերտելն ավելի հեշտ է, իսկ այս հարցաշարերը միայն սերտելու խնդիր է: Վերապատրաստում պետք է, բայց ոչ այս ծավալով, ես լսել եմ, որ նախարարը որոշ երկիմաստ հարցեր հանելու է հարցաշարերից, բայց, այնուամենայնիվ, այս պահին բոլորը լարված են, որովհետեւ չգիտեն, թե ինչպես այն կավարտվի: Մենք շատ լավ տնօրեններ ունենք, վաստակաշատ, որոնք լուրջ կենսագրություն ունեն, շատ լավ դպրոց են պահում, բայց սովորելու, մտապահելու խնդիր ունեն: Հարցաշարերի մեջ նորություններ չկան, մեր իմացածն է, բայց դրանք սերտել է պետք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել