Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՉԵՆ

Փետրվար 22,2011 00:00

2010 թվականին Սյունիքում սպառողական շուկայում մանրածախ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 11,3 միլիարդ դրամ, ընդ որում՝ առեւտրաշրջանառության գերակշռող մասը՝ ավելի քան 6,2 միլիարդը կամ 55 տոկոսը ձեւավորվել է խանութների եւ կրպակների միջոցով: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում ստուգման արդյունքների վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզպետարանին ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ մարզի տարածքում գործում է մանրածախ առեւտրի 1083 օբյեկտ: Կապանի տարածաշրջանում նման օբյեկտների թիվը հասնում է 465-ի, Գորիսի՝ 246-ի, Սիսիանի՝ 201-ի, իսկ Մեղրիի տարածաշրջանում 171 մանրածախ առեւտուր իրականացնող օբյեկտ կա: Հանրային սննդի օբյեկտները մարզում 103-ն են, կենցաղային ծառայությունների օբյեկտների թիվը Սյունիքում՝ 108:
Սյունիքում բնակչության մեկ շնչի հաշվով մանրածախ առեւտրի շրջանառությունը հանրապետության միջին ցուցանիշից 4,5 անգամ պակաս է՝ մոտ 73 953 դրամ, որը հիմնականում պայմանավորված է մարզի բնակչության ճնշող մեծամասնության ցածր եկամուտներով ու գործազրկության բարձր ցուցանիշներով: 2010 թ. 9 ամսվա տվյալներով՝ մարզում տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 56,2 հազար մարդ, գրանցված գործազուրկների թիվը՝ 6,1 հազար մարդ կամ 10,9 տոկոս, այն դեպքում, երբ Հայաստանում գործազրկությունը 7,3 տոկոսի սահմաններում է՝ Սյունիքում հանրապետության միջին ցուցանիշից 1.6 անգամ ավելի է գործազրկությունը:
Նախնական տվյալներով՝ Սյունիքում մատուցված վճարովի ծառայությունների ծավալը 2010-ին ներկայիս գներով կազմել է շուրջ 8,8 միլիարդ դրամ, բնակչության մեկ շնչի հաշվով մոտ 57461 դրամ՝ հանրապետության միջին ցուցանիշից 4.3 անգամ պակաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել