Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցուցատախտակներ՝ կան, նորություններ՝ ոչ միշտ

Փետրվար 22,2011 00:00

\"\"Աշտարակում հանրային ռեսուրսը գովազդային վահանակ է դարձել, իսկ Իջեւանում՝ գողացվել

2010 թվականի հունիսի 17-ին «Ցուցատախտակները իրենց նպատակին չե՞ն ծառայում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղադրված «Կապանի համայնքային լրատու» ցուցատախտակներում, ուր պետք է լինեն համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումները, քաղաքի բնակիչների մասնավոր հայտարարություններն են՝ տան, մեքենայի վաճառքի մասին եւ այլն: Մեր ահազանգից հետո քաղաքապետարանը մաքրել էր ցուցատախտակները ու բնակիչներն էլ իրենց հայտարարությունները այլ տեղեր էին փակցրել:
Ոչ միայն Կապանում, այլեւ Հայաստանի եւս 44 համայնքում (9 քաղաք եւ 35 գյուղ) «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ նախաձեռնությամբ եւ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ տեղադրվել են կամ մոտ ապագայում կտեղադրվեն նման ցուցատախտակներ: Գյուղերում՝ երեքական, քաղաքներում՝ յոթական, ընդամենը 210 հատ: Հ/կ նախագահ Շուշան Դոյդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս կարեւոր ռեսուրսը, որով ինֆորմացիան կամավոր կարող ես տարածել, տրվել է համայնքներին, սակայն «մեր դիտարկումները փաստում են, որ համայնքների մեծ մասում ցուցատախտակների վրա թարմացումներ լինում են խիստ հազվադեպ: Համայնքապետարանները չեն գիտակցում, որ որքան արագ եւ օպերատիվ իրենց մոտ առկա տեղեկությունը հասցնեն հանրությանը, այնքան շահելու է իրենց հեղինակությունը»:
Տեղեկությունները չտարածելը կամ ցուցատախտակը դատարկ թողնելը դեռ մի խնդիր է: Առավել ցավալի իրողություն է արձանագրվել: ԻԱԿ-ը համայնքապետարանների հետ հուշագիր է կնքում, որի երկրորդ կետի երկրորդ ենթակետով համայնքապետարանը պարտավորվում է. «ցուցատախտակները օգտագործել բացառապես հանրային նշանակությամբ եւ դրանք չօգտագործել գովազդային նպատակներով»: Դիտարկումները, սակայն, ցույց են տվել, որ, օրինակ, Աշտարակում ցուցատախտակը հենց գովազդի համար է օգտագործվում. բնակարանի առքուվաճառքի, համերգի, մարզական խմբակի ընդունելության մասին հայտարարություններ:
Եթե Կապանում ցուցատախտակը փեղկեր չուներ եւ քաղաքացին ինքնուրույն կարող էր հայտարարություն փակցնել, ապա Աշտարակի ցուցատախտակները ապակյա փակվող փեղկեր ունեն, բանալին էլ՝ համայնքապետարանում է: Ուրեմն հենց համայնքապետարանի գիտությամբ էլ հանրային նշանակության տեղեկության տեղում գովազդ է հայտնվում: «Նման իրողությունների բախվելիս պահանջում ենք, որ գովազդը վերացնեն: Կոչ կանեի համայնքապետարաններին, որ այս ռեսուրսը արդյունավետ օգտագործեն, քանի որ նվազագույն ծախսերով իրենք կատարում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի պահանջը՝ պարտադիր հրապարակել 13 խումբ տեղեկությունները՝ հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները եւ ծառայությունները, համայնքի բյուջեն, գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները, հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները, աշխատանքի վայրի հեռախոսային համարները եւ այլն»,- ասաց ԻԱԿ նախագահը:
ԻԱԿ-ի ուսումնական ծրագրերի համակարգող Անահիտ Քոչարյանը նկատեց, որ ավագանու որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ ցուցատախտակին փակցնելը համարվում է պաշտոնական հրապարակում: «Աշտարակի քաղաքապետարանը համառորեն չի կատարում հուշագրով ստանձնած պարտավորությունները: Դիմել ենք մարզպետարան, գովազդը հանում են, բայց օրեր անց՝ նորից տեղադրում»,- հայտարարեց Անահիտ Քոչարյանը:
Իսկ ահա Իջեւանը շատ ավելի դրական քայլեր է արել: Այստեղ տեղադրված 7 ցուցատախտակներից մեկը գողացել են, եւ քաղաքապետարանը սեփական միջոցներով վերականգնել է այն:
«Ցուցատախտակը հանրային նշանակության տեղեկատվություն տարածելու եւ ստանալու միջոց-ռեսուրս է, նոր մշակույթ: Մարդիկ պիտի հասկանան, որ մոտենալով այդ ցուցատախտակներին, կարող են նոր եւ կարեւոր տեղեկատվություն ունենալ: Համայնքի ղեկավարը պետք է հետեւողական լինի ինֆորմացիան տարածելու հարցում, բնակիչն էլ պահանջատեր՝ ինֆորմացիա ստանալու, ցուցատախտակի բովանդակությունը պարբերաբար թարմացնելու հարցում»,- վստահ են ԻԱԿ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել