Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷԼ ՀԱՑԸ ԹԱՆԿԱՑԱՎ

Փետրվար 22,2011 00:00

Հացի գինը բարձրանում է, քաշը՝ նվազում, ու այդ պայմանները մարդկանց ստիպել են հնացած հացի հույսին մնալ

«Էջմիածնում հացն առայժմ չի թանկանա» հրապարակմամբ («Առավոտ», 9 փետրվարի 2011 թ.) տեղեկացրել ենք, որ այս քաղաքի հաց արտադրողները միահամուռ որոշել էին, որքան հնարավոր է՝ անփոփոխ պահել հացի գինը: Այսինքն՝ թողնել գնաճի այն մակարդակին, որն արդեն բարձրացել էր նոյեմբեր-դեկտեմբերին: Այս հայտարարությունից հազիվ 10 օր անց քաղաքում հացը թանկացավ: «Իրենց PR էր պետք՝ արեցին. եթե ցանկությունն իրոք մեծ լիներ՝ կարող էին մի քանի ամիս էլ ձգել»,- ասաց խանութներից մեկի վաճառողը:
Մեկ թաղամաս սպասարկող այս փոքրիկ խանութը հիմնականում մեկ տեսակ հաց է ստանում՝ տարբեր քաշերով ու գներով: Եթե 500 գրամանոց հացը 10-15 օր առաջ վաճառում էին 170 դրամով, իսկ 550 գրամանոցը՝ 200, հիմա՝ առաջինի գինն աճել է 10 դրամով, իսկ երկրորդը պահպանել է նախկին գինը, բայց պակասել է քաշը՝ 550 գրամից նվազելով 480-ի:
Վաճառողին խնդրեցինք կշռել նաեւ 180 դրամանոց հացը: Պարզվեց՝ այն 500 գրամի փոխարեն 480 գրամ է՝ 20 գրամ պակաս: Ստացվում է, եւ գինն են թանկացրել, եւ քաշը պակասեցրե՞լ: «Էդ մեկուկես ամսվա տեղը պիտի հանեն, չէ՞: Մենք էլ զարմացանք. էդ երբվանի՞ց սկսեցին ժողովրդի մասին մտածել, հետն էլ՝ միասնական: Սրանք ապրանքն արհեստականորեն թանկացնելու վարպետներ են, էլ ո՞ւր մնաց, թե թանկ գնած ալյուրով էժան հաց ծախեն: Հասկանալի է, որ թանկ գնածը թանկ էլ պիտր իրացնեն, բայց գոնե քաշը տեղը պահեն»,- մեզ հետ զրույցում ասաց այդ պահին խանութում գտնվողներից մեկը: Իսկ խանութի աշխատակցի ասելով՝ թանկացման հաջորդ օրն իր խանութից ոչ մի հաց չի վաճառվել: «Մնացին՝ հնացան: Զանգեցի ընկերություն, ասացի՝ եկեք հացերը տարեք, չի վաճառվում: Հաջորդ օրը եկան, փորձեցի հասկացնել, որ այս գնով վաճառք չի իրականացվի. կտուժեն եւ իրենք՝ հաց արտադրողները, եւ՝ վաճառողները, եւ՝ սպառողները: Լիազորված անձը շատ սառնասրտորեն պատասխանեց՝ քանի՞ օր կարող են անհաց մնալ, ոչինչ, կկակղեն՝ կգան-կառնեն: Այդպես էլ եղավ»:
Ըստ մեր զրուցակցի՝ Էջմիածնում հացի գին թելադրողը հացի գործարանն է: Որեւէ արտադրող ընկերություն, որքան էլ ցանկանա՝ գործարանի «հաստատագրած» գնից ցածր գնով չի կարող վաճառք իրականացնել, ավելի ճիշտ՝ չի համարձակվի, որովհետեւ հացի գործարանի ղեկավարումը պաշտոնաթող գեներալական Գրիգորյան ընտանիքինն է:
Հ. Գ. Որ անհաց անհնար է, բոլորը գիտեն, որ այսօր միայն հացով բավարարվող ՀՀ քաղաքացիները քիչ չեն, բոլորը գիտեն: Հացի ու դրա թանկացման թեման ուսումնասիրելիս պարզեցինք ու տեղեկացրինք, որ հացը թանկացել է նաեւ Սյունիքում, Լոռիում, այլ մարզերում: Իմացանք ու ուզում ենք տեղեկացնել, որ ոչ միայն մարզերում, այլեւ մայրաքաղաքում էլ կան մարդիկ, որ ֆինանսական ծանր դրությունից դրդված՝ փռերի հետ պայմանավորվում են եւ 170-200 դրամանոց հնացած, մի քանի օրվա հաց գնում՝ արդեն 70-100 դրամով: Միայն հաց ուտողները դարձել են հնացած հաց ուտողներ: Իսկ մեր կառավարիչները խոսում են դեղագործության փայլուն ապագայի մասին եւ Սուրբ Սարգսի տոնական միջոցառումներին մասնակցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել