Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հոգեկան հիվանդ էր

Փետրվար 22,2011 00:00

\"\"Փետրվարի 20-ին, ժամը 18.30-ին Վանաձորի շտապ բուժօգնության կայանից տեղի ոստիկանություն ահազանգել են, որ  Տիգրան Մեծի 9 շենքի 1-ին բնակարանում տղամարդու դիակ կա՝ բռնության հետքերով: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կառլեն Մարգարյանը:
Նշված վայրում գործող օպերատիվ խումբը պարզել է, որ 21-ամյա Տիգրան Գյուլբանգյանը իրենց տանը կացնի մի քանի հարված է հասցրել խորթ հորը՝ 50-ամյա Սերյոժա Ղուբաթյանի գլխին, որն էլ ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
«Առավոտի» տեղեկություններով, մարդասպանը 2002թ. սեպտեմբերի 26-ից հաշվառված է «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ում՝ «նեւրաստենիա» ախտորոշմամբ: Ըստ նախնական տեղեկատվության, սպանությունը կատարվել է ընտանեկան վեճի պատճառով: Ըստ իրավապահների էլ՝ «ընտանիքում ձեւավորված փոխադարձ անբարյացակամ փոխհարաբերությունների հողի վրա առաջացած վեճի արդյունքում»: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու: Ի դեպ, Սերյոժա Ղուբաթյանի արնաշաղախ մարմինը բնակարանի հյուրասենյակում էր, իսկ կողքին՝ սպանության գործիք կացինը, ինչը ոստիկանների կողմից առգրավվել է:
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել ոստիկանության ավագ քննիչ Արթուր Պողոսյանը՝ միջնորդությամբ, որպեսզի անմեղսունակին դատարանի որոշմամբ տեղափոխեն «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց՝ փորձաքննության: Դատավոր Նարինե Հովակիմյանը միջնորդությունը բավարարել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել