Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալավերդյանի հերթական ձախողումը

Փետրվար 22,2011 00:00

Թե «շահող կտրոն» բառակապակցության հետ վաղուց համատեղված Արմեն Ալավերդյանը 2 տարում իրար հակասող քանի փոփոխություն է կատարել ՀԴՄ կտրոնների խաղարկություններից առաջ եւ հետո, գիտեն բոլորը: Վերջին խաղարկության ժամանակ նա գերազանցեց ինքն իրեն:
Երբ հայտնի դարձավ, որ 5 եւ 6 թվով համընկած կտրոն ունեցողների թիվը գերազանցում է ավտոմեքենա շահողների թվին, թերթերում եղան հրապարակումներ եւ անգամ առաջարկներ՝ կապված մեքենայի հավակնորդների ընտրության հետ: «Առավոտը» նույնպես հանդես եկավ առաջարկությամբ.
ա/ Հաղթողներին որոշել՝ անցկացնելով կրկնակի վիճակախաղ, բայց բոլորի ներկայությամբ: բ/Մեքենաներին հատկացված գումարը կամ 100-հազարական դրամները հավասարաչափ բաշխել:
Բոլոր առաջարկները մնացին անարձագանք՝ խաղարկության կազմակերպիչների կողմից: Մոռացվեց անգամ իրենց խոստումը՝ շահող մասնակիցներին խաղարկությանը ներկա դարձնելու մասին: Շահառուներից շատերը խնդրել էին ինձ («Առավոտում» ահազանգողին) անպայման ներկա գտնվել այդ արարողակարգին, սակայն հեռուստատեսությունում ներկա գտնվելու իմ բոլոր փորձերն անցան անարդյունք: 2 օր շարունակ զանգեցի բոլոր հավանական եւ անհավանական հեռախոսահամարներով: Ցանկացած զանգ կամ անպատասխան էր մնում, կամ էլ հայտնում էին, թե իրենք իրավասու չեն այդ հարցում եւ այլ համար էին առաջարկում: Հեռուստատեսության մի աշխատակից էլ խորհուրդ տվեց դիմել հեռուստատեսության տնօրենին եւ ստանալ թույլտվություն՝ հեռուստասրահ մտնելու համար: Ի վերջո, նրանք խոստովանեցին, որ հարցի միանձնյա լուծողը ՊԵԿ-ից Արմեն Ալավերդյանն է եւ տրամադրեցին նրա հեռախոսահամարը:
Վերջինիս աշխատանքային հեռախոսն անհասանելի էր, իսկ բջջայինի զանգերս էլ «ռադիոծածկույթից դուրս էին»: Նորից ապավինեցի հեռուստատեսությանը, որտեղից ցուցադրման մասին որեւէ հայտարարություն նախապես չհնչեց: Ինձ հայտնած կես ժամ առաջվա խաղարկությունը սկսվեց եւ շատերը վկա դարձան խեղկատակության: Նախօրոք որոշված եւ հավաստագիր ստացողների մեջ (չնչին բացառությամբ՝ գուցե) չկային պատահական մարդիկ: Մեքենա շահողներից ոչ ոք չասաց, թե ովքեր են եղել իրենց կտրոն մատակարարողները եւ խորհուրդ տվեցին միայն միշտ կտրոն պահանջել (բայց ումի՞ց): Հերթական անգամ խմբված շահառուները կրկին համոզվեցին, որ ամեն ինչի կորստի հետ կարելի է համակերպվել, բացի՝ արդարության կորստի:

Երեկ «Առավոտը» ՊԵԿ-ին է ուղարկել իր հարցաշարը: Պաշտոնական պատասխանը ստանալուն պես այն կհրապարակվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել