Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 22,2011 00:00

22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի ծնողները համոզված են, որ նրան սպանել են

\"\"

Ինչպես հայտնի է, Գյումրիի Անի թաղամասի բնակիչ Թորգոմ Սարուխանյանը մահացել էր 10 օր առաջ՝ Ստեփանակերտի զորամասերից մեկում: Նրան «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով ձերբակալվել էին 3 հոգի՝ ենթասպա Վիլհեմ Ենգիբարյանը, կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանն ու շարքային զինծառայող Ռոբերտ Բադալյանը: Սակայն գյումրեցի զինծառայողի ծնողները վստահ են, որ Թորգոմը երբեք չէր դիմի այդ քայլին: Մայրը՝ Լենա Սարուխանյանը, նախ եւ առաջ բողոքեց, որ իր որդին տառապել է սնկային հիվանդությամբ, 3 անգամ հետաձգել են նրա զորակոչը: «Նա մեծ պրոբլեմներ ուներ՝ կապված ձեռքի ու ոտքի եղունգների հետ, թեեւ ընդունեց բուժումներ, բայց ոչ մի օգուտ: Արդեն խրոնիկ էր դարձել հիվանդությունը: Բանակ տանելու օրը հարցրել են՝ առողջական պրոբլեմ ունե՞ս, նա ասել է, որ բողոք ունի, սակայն բանի տեղ չեն դրել: Նրան տարան հարուստներից մեկի լակոտի տեղը: Տարան աշխարհի ծայրը՝ Ջաբրայիլ, գայլի բերան է, որտեղ էրեխեքի գլուխներն ուտում են, որի դիակը տալիս են, որինն էլ՝ չէ: Ո՞վ էր տեսել, որ սնկային վարակիչ հիվանդությամբ էրեխին բանակ զորակոչեին, պարզ է, ես պահանջված 8000 դոլար հախը չունեի, դրա համար էլ տարան գլուխը կերան»: Մոր պատմելով, Թորգոմը ծառայության ընթացքում երբեք չի բողոքել ոչ սննդից, ոչ մաքրությունից, ոչ շփումներից: Ընդհակառակը՝ մեծ հարգանք է ունեցել զորամասում, մեծամասամբ շփվել է սպաների հետ, այնպես որ, ինքնասպանություն գործելու առիթ չի ունեցել: Թեեւ, ըստ Լենա Սարուխանյանի, իր որդին երբեմն շեշտել է, որ իրեն նախանձողները շատ են: «Նա ծանրակշիռ, դաստիարակված ու խելացի տղա էր, հետո էլ տարիք ունի, 18 տարեկան չէր, որ կռիվներ աներ: Իմ էրեխին հերոսի կոչում տալու փոխարեն՝ անո՞ւնն են հանում, ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը: Չփորձեն խաղալ իմ էրեխի անվան հետ: Եթե պետություն կա, նախարար կա, ուրեմն պիտի գտնեն ու պատժեն մեղավորներին, հերիք էղավ, ես չէի մեծացրել որդուս՝ մահվան բերան տանելու համար: Ես պիտի պայքարեմ մինչեւ վերջ՝ մարդասպաններին գտնելու համար, եթե պետք լինի՝ իմ կյանքը կտամ ու չեմ թույլ տա մարդակերները նրա անունը արատավորեն»,-հուզվում էր մայրը: Նրա պատմելով, փետրվարի 3-ին Թորգոմն արձակուրդ պիտի գար, բայց չի եկել, իսկ մեկ օր անց զանգել է տուն ու խոսել է շատ տխուր ձայնով: «Ես հարցրի, ի՞նչ է եղել, ասաց, ոչ մի բան, մի մտածի, էստեղ մի քիչ խառն է, դեպք է եղել: Հետո երկար ժամանակ չզանգեց, մի օր զանգեց, բայց չէր կարողանում խոսել, ես ձայներ էի լսում ու այդպես էլ չհասկացա՝ իրեն ստիպողաբա՞ր էին զանգել տվել, թե՞ ինչ-որ մեկը խանգարում էր նրան ազատ խոսել: Երեւի օգնություն էր խնդրում, որ գնանք-հասնենք, օգնենք, չգիտեմ, ես անգամ չգիտեմ՝ դեպքի օրն էր զանգում, թե՝ առաջին օրը: Չեն ասում, թե կոնկրետ որ օրն է եղել դեպքը»,- պատմում էր մայրը: Ըստ նրա, Թորգոմն ասել է, թե «նարյադի» է, բայց հետո իրենք պարզել են, որ Թորգոմին դիտավորյալ են «նարյադի» հանել: Թորգոմի եղբայրը՝ Նարեկն էլ բացառում է եղբոր ինքնասպան լինելու վարկածը: Ըստ նրա, 1 տարի 2 ամիս ծառայողը երբեք ինքնասպան չէր լինի, բացի այդ, փամփուշտը ոչ մի այրվածք չի թողել, իսկ տվյալ դեպքում այրվածքի առկայությունը պարտադիր է:
Ընտանիքը սպասում է դատաբժշկական փորձաքննության պատասխաններին, ու ամենից շատ վրդովված է այն փաստից, որ «սպանված» Թորգոմի գրպանը թուղթ են դրել, որտեղ նա իբրեւ թե հորդորում է չփնտրել մեղավորներին ու իրեն չդիահերձել: Լենա Սարուխանյանը ակնկալում է, որ իրական մեղավորներին կբացահայտեն եւ ոչ թե ծեծելով, ստիպելով մեղք կբարդեն անմեղների վրա. «Ես չեմ կարող ասել, էդ մարդիկ մեղավոր են, թե՝ չէ, բայց եթե պաշտպանության նախարարն ինքն իրեն հարգում է, ապա պիտի դեպքի իրական հանգամանքները բացահայտի ու իրական մեղավորներին պատժի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել