Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վճիռը՝ այսօր

Փետրվար 22,2011 00:00

Այսօր քրգործերով վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակելու է Հովհաննես Եղիազարյանի եւ նրա ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքի կապակցությամբ կայացրած վճիռը:
Երեկվա դատական նիստում դատարանի հարցերին պատասխանեց տուժող, «Էլիտ Շանթ» ընկերության ղեկավար Վարշամ Ղարիբյանի կողմից առեւանգված, ապա՝ դաժանաբար ծեծի ենթարկված Հովհաննես Եղիազարյանը՝ ներկայացնելով իրեն առեւանգելու, ծեծի ենթարկելու, նվաստացնելու բոլոր մանրամասները: Դատավորի հարցին ի պատասխան՝ տուժողը հայտարարեց, որ առկա քաղաքացիական-իրավական վեճը ծագել է այն ժամանակ, երբ աշխատանքի դիմաց իրեն հասանելիք գումարը չի ստացել Վարշամ Ղարիբյանի կողմից, մյուս կողմից՝ ստիպողաբար պարտավորագրեր է ստորագրել:
Մեղադրող դատախազ Ա. Կարապետյանը չցանկացավ գործի առնչությամբ նյութերին անդրադառնալ, հայտարարեց, որ քրեական գործին առնչվող նյութերի բազմակողմանիությունը, լրիվությունը՝ որքան կարողացել են, իրականացրել են: «Այս գործի վարույթի կանխելը քննիչի կողմից հիմնավոր է: Մեր որոշումները հիմնված են եղած ապացույցների վրա: Վերաքննիչ բողոքը անհիմն է եւ ենթակա է մերժման: Եթե գործի ելքով նոր իրողություններ լինեն, գործի վարույթը կվերսկսենք, ծառայողական նոր քննություն կանցկացնենք»,- ասաց Ա. Կարապետյանը: Քննիչ Պ. Բոյաջյանը, հրապարակելով իր դիրքորոշումը, ասաց. «Գործը բերել- հասցրել են այդ գործարանում աշխատող եղբորս անվանը, ես այս գործում անկաշկանդ եմ»՝ խնդրելով պաշտպաններին իրենց գնահատականներում հեգնանք թույլ չտալ իր նկատմամբ:
Փաստաբաններ Լ. Սահակյանը եւ Ե. Վարոսյանը դատավորին մեղադրեցին կողմնակալ լինելու, գործը միակողմանի քննելու մեջ՝ պահանջելով քննիչին ու դատախազին էլ մանրակրկիտ հարցեր տալ: «Քննիչն ասում է՝ ահռելի քննություն ենք արել, մենք ցույց ենք տվել, թե ինչեր չեն արել նրանք»,- ասաց Լ. Սահակյանը, իսկ Ե. Վարոսյանը նկատեց. «Ինչ կապ ունի դատարանի համար, թե տուժողը քանի դրամ փող է տվել տաքսու վարորդին՝ 3000, թե՞ 2600, այն բանի դիմաց, որ մարդուն առեւանգել, խոշտանգել ու նսեմացրել են: Մինչեւ հիմա նախաքննական մարմնի կողմից դեպքի վայրի տեղազննություն չի կատարվել: Քննիչի կողմից հեգնանք ընկալվող «մեր իրավական համակարգը մի քայլ առաջ է գնացել» արտահայտությունը վերաբերում է նրան, որ երեք անգամ գործը կարճելուց հետո վերջապես ընդունվեց, որ մարդը ծեծվել է»: Դատավորի լրացուցիչ հարցերին՝ մեղադրողն ու քննիչը չփոխեցին իրենց դիրքորոշումները: Իսկ թե կասեցված գործի վերսկսման վերաբերյալ ի՞նչ նորություններ կան, դատախազն ասաց. «Օպերատիվ ոչ մի նոր տվյալ չկա»:

Հ. Գ. Երբ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, քիչ էր մնացել Եղիազարյանների հարազատների եւ քննիչի, դատախազի միջեւ լեզվակռիվը վերածվեր իսկական ծեծկռտուքի, որը կանխվեց դատական կարգադրիչների կողմից: Ի դեպ, դատական նիստին ներկա էր նաեւ Վ. Ղարիբյանի եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը, որը անընդհատ դժգոհում էր, որ դատարանն իրեն չի լսում: Վերջինս նիստի ավարտից հետո մոտեցավ ինձ եւ Վ. Ղարիբյանի ծավալած գործունեության մասին որոշ մանրամասներ հայտնեց: Որպեսզի ավելի չսրենք եղբայրների միջեւ ծավալված հակամարտությունը, «Առավոտի» տրամադրության տակ գտնվող անձնական բնույթի տեղեկատվությունը չենք հրապարակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել