Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՏԱԼԻՍ

Փետրվար 22,2011 00:00

Իրացվող տարածքում գտնվող տանը  համարժեք փոխհատուցում չեն տալիս

\"\"Կառուցապատում իրականացնող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանը, որը Կենտրոն վարչական շրջանում գտնվող մի շարք նորակառույց շենքերի սեփականատեր է, ներկայումս իրացման աշխատանքներ է սկսել Պուշկինի փողոցում, որտեղ նպատակ ունի բազմաբնակարան շենք կառուցել: Պարոն Մայրապետյանն արդեն պայմանագրեր է ուղարկել տարածքի բնակիչներին: Այս տարածքը դեռեւս 2008 թվականի օգոստոսին է ճանաչվել բացառիկ գերակա հանրային շահ, բայց, ինչպես բնակիչներն են վստահեցնում, տարածքի իրացման աշխատանքները սկսվել են միայն անցած տարվա դեկտեմբերին:
Պուշկինի փողոցի այդ հատվածում գտնվող բոլոր տների ու բնակարանների 1 քմ-ն, անկախ վիճակից, ըստ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության կողմից ուղարկված փաստաթղթի, գնահատվել է ընդամենը 250 հազար դրամ ($700), չնայած այդ տարածքում գտնվող կառույցների 1 քմ-ի շուկայական արժեքը կրկնակի թանկ է՝ 518 հազար դրամ: Այս մասին է վկայում ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական եզրակացությունը: Ընդ որում, փորձաքննությունն իրականացնող փորձագետը իր եզրակացությունում հաշվի է առնում նաեւ տան մաշվածությունը:
Բյուրոյին՝ նման հետազոտություն անցկացնելու եւ եզրակացություն տալու համար դիմել է Պուշկինի 4 հասցեում գտնվող եռահարկ առանձնատան սեփականատեր Ալֆրեդ Կզարթմյանը: Նրա խոսքերով, ինքը ստիպված է գնացել այս քայլին, քանի որ Ս. Մայրապետյանը նրան փոխհատուցում առաջարկել է միայն տան համար, իսկ իրենց ընտանիքին պատկանող հողը՝ իրացնողն անտեսել է. «Չնայած տունը պակաս են գնահատել իրենց «անկախ» փորձագետները, սակայն դա ինձ այնքան չէր անհանգստացրել, որքան այն, որ հողի համար մեզ փոխհատուցում չէին առաջարկում: Ցավով եմ ասում սա, քանի որ մենք տարիներ շարունակ Սամվել Մայրապետյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել, սակայն նա ինձ այսօր ասում է, որ ես հող չունեմ, լավ իմանալով, որ այդ հողը արդեն 100 տարի մեր ընտանիքի սեփականությունն է: Ստացվում է, որ պապիս 700 քմ հողը մենք չենք ժառանգել, այլ հենց ինքը` Մայրապետյանն է ժառանգել: Չնայած որ ես շարունակում եմ հողի հարկ վճարել»:
Ա. Կզարթմյանին պատկանող տունը, ըստ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության կողմից ուղարկված փաստաթղթի, գնահատվել է 66 միլիոն 300 հազար դրամ, բացի այդ, իրենք 15% հավելավճար են կիրառել, այդպիսով հայտնելով, որ պատրաստ են այս տան համար վճարել 76 միլիոն 245 հազար դրամ: Սակայն, ըստ Փորձագիտական բյուրոյի, Ա. Կզարթմյանին պատկանող 3 հարկանի առանձնատունն իր նկուղով, ինչպես նաեւ կաթսայատունն ու հողամասի հետնամասում գտնվող փոքրիկ տնակը, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 207,3 քմ, գնահատվել է 100 միլիոն 516 հազար դրամ (մաշվածության գինը հանած է): Իսկ 700 քմ ընդհանուր մակերես ունեցող հողատարածքի գ  ինը, որի 1/4-ն է Ա
. Կզարթմյանինը, Փորձագիտական բյուրոյի գնահատմամբ՝ 363 միլիոն 906 հազար դրամ է: Փաստորեն, այս քաղաքացուն պետք է վճարվի գոնե 190 միլիոն դրամ, որպեսզի համարվի, որ իր տան համար տրվել է համարժեք փոխհատուցում:
Ըստ Ա. Կզարթմյանի, ինքը, իհարկե, չի պատրաստվում հենց այնպես որեւէ մեկին զիջել իր ընտանիքին պատկանող ունեցվածքի մի զգալի մասը. «Նաեւ հայտարարում եմ, որ եթե գտնվի մի իրավաբան, որը կապացուցի, որ ես հողի սեփականատեր չեմ եւ տանս գնահատումը «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության նշած «անկախ» փորձագիտական ընկերության կողմից չի արվել օրենքի խախտումներով, ես պատրաստ եմ նրան վճարել խոշոր դրամական պարգեւ»:
Նշենք, որ Փորձագիտությունների ազգային բյուրոյին նման հետազոտություն եւ եզրակացություն ներկայացնելու համար պարոն Կզարթմյանը վճարել է 65 հազար դրամ: Նկատենք, որ Պուշկինի, ինչպես նաեւ այլ իրացվող տարածքներում ապրող ոչ բոլոր բնակիչները հնարավորություն ունեն այսքան գումար վճարել ու պարզել իրենց բնակարանների իրական գինը:
Թե ինչու է այս քաղաքացուն «Լոկալ Դիվելոփըրզի» սեփականատեր Սամվել Մայրապետյանը ավելի պակաս գումար առաջարկել, քան արժե նրա գույքը, փորձեցինք ճշտել պարոն Մայրապետյանից: Նրա պարզաբանմամբ, ինքն իր ընկերոջը՝ Ալֆրեդ Կզարթմյանին առաջարկել է նրա՝ 207 քմ-ին համապատասխան 3 բնակարան՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքից. «Դրանից բացի, նա ինձ ասաց, որ նաեւ մեքենա է ուզում, ես համաձայնեցի տալ, քանի որ նա իմ ընկերն է, ես նրան էլ այդպես ասացի: Բայց նա ասաց, որ ավելի գումար էլ պետք է տամ, ես էլ պատասխանեցի, որ նա կարող է դիմել այլ անկախ փորձագիտական ընկերության՝ իր գույքը գնահատելու համար եւ այդ եզրակացությունը կարող է ներկայացնել մեզ, որպեսզի համեմատություն անցկացնենք, բայց նա միանգամից ներկայացրեց ձեզ այդ եզրակացությունը: Այն ընթացքում՝ մինչ շինարարություն է գնում, Ալֆրեդ Կզարթմյանը մնալու է իր տանը եւ իր բնակարանը պատրաստ լինելուց հետո է տեղափոխվելու»: Մեր այն հարցին էլ, թե ինչո՞ւ քաղաքացուն նրա սեփական հողի համար փոխհատուցում չի առաջարկվել, պարոն Մայրապետյանն ասաց. «Այդ հողը մի քանի համասեփականատեր ունի, ուստի շատ դժվար է որոշել, թե որքանն է այդ քաղաքացունը»: Մեր այն դիտարկմանը, որ 1/4-ն է պատկանում պարոն Կզարթմյանին, Ս. Մայրապետյանը պատասխանեց. «Մյուս համասեփականատերն էլ կարող է ասել, որ կեսն է իրենը: Ոչ մի ձեւով չի առանձնացվում, թե հողի որ մասն ումն է»: Նա հավելեց, որ ներկայումս որեւէ գործընթաց տեղի չի ունենում եւ որ իրենք պարզապես այդ տարածքի բնակիչներին առաջարկ են ներկայացրել:
Նկատենք, որ Ա. Կզարթմյանին պատկանող հողը՝ 700 քմ-ի 1/4-ը քարե պարսպով առանձնացված է: Ինչ վերաբերում է Ս. Մայրապետյանի առաջարկած 3 բնակարաններին ու մեքենային, ապա, ըստ Ա. Կզարթմյանի. «Մեքենան առաջարկում էր որպես իմ տան քմ-ների 15 տոկոս հավելավճար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել