Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մի թիզ հողի պատմություն

Փետրվար 22,2011 00:00

Քաղաքացի Կարեն Գրիգորյանը հոգնել է «ապօրինի» հարեւաններից

Նոր-Արեշ 28 փողոցի 32 հասցեում գտնվող հողատարածքը արդեն երեք տարի է՝ իսկական կռվախնձոր է դարձել: ՀՀ քաղաքացի Կարեն Գրիգորյանի պատմելով՝ նշված հողատարածքը 1930-ականներից իրենց ընտանեկան սեփականությունն է: Հոր մահից հետո 700 քմ հողատարածքը ժառանգություն ստացած Կարեն Գրիգորյանը հանրապետությունից դուրս գտնվելու պատճառով երկար ժամանակ հողատարածքը չի օգտագործել: Հետո, երբ տարիներ անց վերադարձել է, զարմացել է. «Մեր հողատարածքը դարձել էր 450 քմ, մնացած մասը ինչ-որ անհայտ ընտանիք զավթել է՝ ապօրինի շինություն կառուցել ու ինքն իրեն սեփականատեր ճանաչել»: Նրա պատմելով, այս չարաբաստիկ օրվանից սկսած՝ ողջ ընտանիքով օր ու արեւ չեն տեսնում. «Զրկված եմ սեփականության իրավունքով ինձ պատկանող տարածքում ընտանիքիս հետ խաղաղ պայմաններում ապրելու հնարավորությունից: Սարայ Գալստյանն ու իր ընտանիքի անդամները ընտանիքիս նկատմամբ շարունակ ֆիզիկական ու հոգեբանական բռնություններ են կիրառում, անհարկի հայհոյում: Տղաս արդեն նյարդային հիվանդ է դարձել: Վերջին շրջանում ոստիկանության դռներից տուն չենք գալիս»: Արդարությունը վեր հանելու նպատակով Գրիգորյանների ընտանիքը 2008-ին դիմեց դատարան ու մինչ օրս դատական քաշքշուկի մեջ է. «Դատարանից խնդրել էի, որ առանց դրամական փոխհատուցման դադարեցնի Սարայ Գալստյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը եւ վտարի նշված հասցեի հողամասից»:
Կ. Գրիգորյանի պատմելով, նույն գործի շրջանակներում հակընդդեմ հայցով հայցվոր Սարայ Գալստյանը խնդրել էր տիրազուրկ ճանաչել նույն տարածքի իրենց պատկանող 59,26քմ հողամասը եւ 22,81քմ տան օրինական մասը ու դրանց նկատմամբ ճանաչել իր սեփականությունը: Գործի շրջանակներում իրականացված փորձագիտական եզրակացության արդյունքում հաստատվել է, որ տարածքը հանդիսանում է ինքնակամ շինություն: Գրիգորյանների ընտանիքը դիմել է նաեւ Վերաքննիչ դատարան: «Վերաքննիչ դատարանը ոչ միայն որեւէ դատավարական գործողություն չիրականացրեց, այլեւ անփոփոխ թողեց վճիռը՝ օրինական ու հիմնավոր համարելով որոշման մեջ արված եզրահանգումները»: Դատարաններից հույսը կտրած՝ Գրիգորյանների ընտանիքը դատարանից այլ ակնկալիքներ չունի, միայն մի բան է ուզում. «Թող մեր ու իրենց տան միջեւ պատ շարեն, հանգիստ ապրենք, թե չէ՝ ստացվում է գլադիատորներին արենա են հանում, ասում են՝ կռվեք: Ուզում ենք խաղաղ ապրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել