Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳԱՐԻՆ ԱՄԵՆԱՔԻՉ ՇԱՀՈՒՅԹ ԲԵՐՈՂ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ Է

Փետրվար 22,2011 00:00

\"\"Չնայած սրան, հանրապետությունում գարու արտադրությունը խթանելու կառավարության որոշումը ոգեւորել է գյուղատնտեսներին:

Որպեսզի Հայաստանում ավելանան գարու ցանքատարածությունները եւ համախառն բերքի արդյունքը, առաջիկայում Ուկրաինայից կներկրվի 2000 տոննա գարու սերմացու եւ անվճար կտրամադրվի հողօգտագործողներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, գարու սերմացուներով կառավարությունը կաջակցի 14.000 տնտեսության. «Այս ծրագիրը ցորենի սերմաբուծության շարունակությունն է, բայց այս անգամ ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Չեմ բացառում, որ եթե պահանջարկը գերազանցի 2000 տոննա եւս, 1000 տոննա սերմացու ներմուծենք»:
Կառավարության այս նախաձեռնությունը, «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանի գնահատմամբ, լուրջ քայլ է ոլորտի զարգացմանը խթանելու համար: «Կառավարության միակ սխալն այն է, որ ներկրում է Ա դասի, այլ ոչ թե էլիտա սերմացու: Ա դասի սերմերը ներկրելն էլ է փրկություն: Վերջին 7-10 տարվա ընթացքում գարու սերմ չենք ներկրել, իսկ սերմաթարմացումը գյուղատնտեսության հիմքերից է։ Ինչեւիցե, աշխատանք է տարվում, ու պետք է ողջունել կառավարությանը, որ վերջապես սկսել են գյուղատնտեսությանը ուշադրություն դարձնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր պարոն Բերբերյանը: Նրա խոսքով, այլ հարց է, թե ինչքանով է շահութաբեր գարու արտադրությունը գյուղացու համար. «Կարելի էր գյուղատնտեսության շահույթ ապահովող ճյուղերը խթանել՝ հատկապես բանջարաբուծությունը: Գարին ամենաքիչ շահույթ բերող կուլտուրան է, եւ գերշահույթ չենք նախատեսում, սա միջոց է, որ ցանքատարածությունների նվազման դեմն առնենք, մյուս կողմից էլ՝ անասնակեր է: Խթանում ենք անասնապահությունը»:
Գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանի համոզմամբ էլ, նախալեռնային եւ լեռնային գոտու համայնքներում հացահատիկային մշակաբույսերն այլընտրանք չունեն. «Բարձրադիր գոտում հնարավոր չէ ո՛չ բանջարեղեն, ո՛չ էլ ուրիշ բան մշակել: Կառավարությունը սերմացուն կտրամադրի այն տարածքներին, որտեղ գարնանացան հացահատիկ են մշակում՝ այնտեղ գարի կմշակվի»: Նրա խոսքով, Հայաստանում ժամանակին մինչեւ 80.000 հա հացահատիկի գարնանացան էին անում, որի 99%-ը գարի էր. «Գարին մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող մշակաբույս է եւ որպես անասնակեր՝ կարեւոր արժեք է, գարուն ոչինչ չի կարող փոխարինել»: Պարոն Պետրոսյանը համոզված է, որ գարու արտադրությունը խթանելու համար միայն սերմացու տրամադրելը բավարար չէ, լուրջ միջոցներ են պակասում. «Ինչ արվում է, դեռ քիչ է: Ժամանակին հացահատիկ մշակող գյուղացիներին դոտացիաներ էին տրամադրում, բացի սրանից՝ կառավարությունը սուբսիդիաներ էր տալիս, որ պարարտանյութերի շուկայում գինը կարգավորվեր: Հիմա գյուղացուն ոչ մի աջակցություն էլ չկա: Կառավարության այս աջակցությունը պետք է վերականգնել: Ամեն դեպքում 2000 տոննա գարու սերմացու ներկրելը քիչ չէ, եթե լրացուցիչ սուբսիդիաներ կիրառվեն, չեղած պայմաններում էլի թիվ է, որը ինչ-որ խնդիր կլուծի»: Գյուղատնտեսի խոսքով, գյուղատնտեսությունը լուրջ ներդրումների կարիք ունի. «Եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով աշխարհում սերմացուների գները բարձրացել են, դեֆիցիտ է առաջացել»:
Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի կարծիքով էլ, գարու արտադրությունը խթանելը լավ գաղափար է. «Մեր մարզում նախալեռնային գոտում գտնվող մոտ 8 համայնք կա, որտեղ ջրովի չէ, այստեղ բանջարաբոստանային կուլտուրաներով ժողովուրդը չի կարող զբաղվել: Բնականաբար, այս գյուղերում պետք է զարգացնենք հացահատիկի՝ գարու կամ ցորենի մշակությունը: Չնայած ցորենի սերմացու մեր մարզին կառավարությունն այդպես էլ չտրամադրեց՝ մեր մարզը ավելի շատ բանջարաբոստանային կուլտուրաների մարզ համարելով: Հնարավոր է գարու սերմացու էլ մեզ չհասնի»: Պարոն Վիրաբյանի կարծիքով, գարու արտադրությունը հանրապետությունում խթանելու համար 2000 տոննա գարու սերմացուն բավարար չէ. «Շատ քիչ է, բայց դե, ինչ անենք, հանրապետությունն այնպիսի վիճակում է, որ ամեն ինչ հո չե՞նք թողնելու՝ ընկնենք հացահատիկի սերմացուի հետեւից: Եթե բարձր վերարտադրության սերմացու ունենայինք, լավ կլիներ: Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ գյուղացուն ու ոլորտին աջակցելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել