Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարտադրանք չի եղել

Փետրվար 22,2011 00:00

\"\"ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ կոալիցիոն հուշագրի մասին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 2012-ի խորհրդարանական ընտրություններին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, թե միասնական ցուցակով կոալիցիոն ուժերի մասնակցելը, որպես հավանականություն՝ չպետք է բացառել. «Սակայն այդ մասին որոշում դեռ չի կայացվել, եւ կոալիցիայի ներսում էլ այդ մասին հարց չի էլ քննարկվել»: Խաչիկ Գալստյանը չի կիսում այն կարծիքը, թե կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից ի վեր ԲՀԿ-ի հեղինակությունն անկում է ապրել. «Ընդհակառակը՝ այս հուշագրի ստորագրումը եկավ ապացուցելու, որ ԲՀԿ-ն՝ ի դեմս իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այս երկրի սթափ մտածող եւ ծանրակշիռ դերակատարում ունեցող քաղաքական ուժերից մեկն է, եւ այս որոշումն իսկապես լուրջ քննարկումների, ծանրակշիռ պահվածքի եւ լայնախոհության արդյունք էր»: Պարոն Գալստյանը կրկնել է հուշագրում առկա տողերը այն մասին, որ հուշագրի ստորագրումը պայմանավորված էր Հայաստանի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությամբ։
ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը նորմալ է համարում, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն, ինչպես եւ կոալիցիոն մյուս կուսակցությունները, ձգտելու է ավելացնել իր ձայները, «իսկ ուժերի հարաբերակցությունը որոշելու է միայն ու միայն ընտրողը»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու կոալիցիոն այնքան աղմուկ հանած հուշագիրը ԲՀԿ-ն չստորագրեց իր 5-րդ հերթական համագումարից առաջ: Նաեւ փորձեցին պարզել՝ եղե՞լ է ճնշում, կամ ստիպե՞լ են ԲՀԿ-ին ստորագրել այդ հուշագիրը: Ի պատասխան՝ Խաչիկ Գալստյանն ասաց, թե չի եղել որեւէ պարտադրանք, իսկ այդ հուշագրի մասին ԲՀԿ-ի հերթական՝ 5-րդ համագումարից առաջ իրենք տեղյակ չեն եղել։ Խաչիկ Գալստյանի ներկայացմամբ, կոալիցիոն հուշագիրը շրջանառության մեջ է հայտնվել հետհամագումարյան ժամանակաշրջանում միայն։ Այդ հուշագրի հենց նախնական տարբերակում էլ գրված է եղել, որ քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով՝ ի դեմս գործող նախագահի. «Գործող նախագահ» եւ «Սերժ Սարգսյան» ձեւակերպումների միջեւ ոչ մի էական տարբերություն չկա»,- հարկ է համարել ավելացնել ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը:

Հ. Գ. ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում մեկ միասնական ցուցակով գնալու մասին ասաց. «Սա դեռեւս տեսական դաշտում է, որովհետեւ լուրջ քննարկումներ այդ թեմայով դեռ չկան, խնդիրը տակտիկական է՝ մինչեւ վերջնական որոշումները կլինեն: Հնարավոր է նաեւ, որ մենք գնանք այդ տարբերակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել